ԱՄԵՆ ԲԱՆ ԱՐՎՈՒՄ Է, ՈՐ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՓԼՈՒԶՎԻ. ՄԱՆԿԱՎԱՐԺ
Արխիվ 16-20Հանրակրթական դպրոցում «Գրականություն» առարկայի նոր չափորոշիչները, այդ թվում՝ «Հայ գրականություն» առարկայի «հայ» բառը հանելը, տարրական դասարաններում այլեւս գնահատականներ չդնելը, «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ հայտնի իրավիճակը եւ կրթական մյուս բոլոր «տարօրինակ» «բարեփոխումները» ինչպե՞ս են գնահատում մանկավարժները: Հարցի պատասխանը ստանալու համար զրուցել ենք տարրական դասարանների մանկավարժ ՄԱՐԻԱՄ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ:
- Պետք է գտնվեմ չափից դուրս անկեղծ եւ ասեմ այն, ինչ հիմա կատարվում է մեր կրթական համակարգում, ուղղակի աբսուրդի է հասնում: Գիտեք, եթե այս փոփոխությունները հիմքային լինեին եւ ոչ` մասնակի, միգուցե ընդունելի եւ հասկանալի լիներ: Բայց պետք է ասեմ, որ ամեն բան արվում է, որ կրթական համակարգը փլուզվի,- մեզ հետ զրույցը սկսելով` նշեց տիկին Մուրադյանը:
ԵԹԵ ՉԼԻՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ, ԱՊԱ ՉԻ ԼԻՆԻ ՄՈՏԻՎԱՑԻԱ
- Վերջերս հայտնի դարձավ, որ տարրական դասարաններում այլեւս գնահատական չի դրվելու: Սա ի՞նչ դրական եւ բացասական կողմեր ունի:
- Գնահատման համակարգի մասին յուրաքանչյուր մանկավարժ ունի իր ուրույն կարծիքն ու դիրքորոշումը: Ես չեմ կարծում, որ ճիշտ է գնահատման սիստեմ չլինելու փաստը հանրակրթական դպրոցներում` հատկապես միջին եւ ավագ դասարաններում: Այդ տարիքում երեխաների մեջ ձեւավորվում է գիտակցված մրցակցություն, ինչն էլ իր հատուկենտ տեղն ունի յուրաքանչյուր աշակերտի գլխում: Եթե խոսենք տարրական դասարանների մասին, ապա ասեմ, որ եթե չլինի գնահատում, ապա չի լինի մոտիվացիա: Երբ ինձ հարցնում էին, թե ի՞նչ կցանկանամ փոխել, ես միանշանակ պատասխանում եմ, որ շատ կուզենամ տարրական դասարաններում աշակերտները ոչ միայն գնահատվեն, այլ նաեւ ուրիշ մեթոդներով խրախուսվեն: Չմոռանանք հենց այն փաստը, որ այդ տարիքից երեխաների մեջ սկսվում է պայքար, ինչը, իհարկե, ողջունելի է: Տարրական դասարաններում այդ պայքարը պետք է լինի շատ գիտելիքների ձեռքբերման տեսքով, իսկ գնահատումն այդ գիտելիքի ցուցիչն է: Հետեւաբար, պետք է յուրաքանչյուր աշակերտ խրախուսվի (գնահատվի): Եթե խոսենք անբավարար գնահատականների մասին, ապա ասեմ, որ եթե աշակերտը չի ցանկանում սովորել հանրակրթական դպրոցի առարկաներից ինչ-որ մեկը, այդ ամենի մեջ ես նախ մեղադրում եմ տվյալ առարկան դասավանդող ուսուցչին: Ուրեմն դասավանդումը չի ընթացել այնպես, որ հետաքրքիր լինի աշակերտին: Չնայած` չեմ կարող չասել, որ դեպքեր էլ են լինում, երբ երեխան մատնված է լինում անուշադրության, դուրս է ծնողների վերահսկողությունից եւ ուղղակի չի սովորում: Անբավարար գնահատական նշանակելը բնավ չի նշանակում՝ աշակերտին պահել վախի մթնոլորտում: Այլ դա ցույց է տալիս, որ այդ օրը երեխան անպատրաստ է ներկայացել դպրոց: Այո, չենք կարող չասել, որ այսօր մեր իրականության մեջ կան մանկավարժներ որոնց համար անբավարար գնահատականը հաղթանակ է աշակերտի նկատմամբ: Սա ասում եմ մեծ ցավով: Ամեն դեպքում, պետք է աշակերտների հետ խոսենք, բացատրենք տվյալ առարկայի կարեւորությունը, նշելով, որ չկան անկարեւոր առարկաներ: Վատ ունակություններ ունեցող աշակերտներ չկան, կա ծնողների չափից դուրս անտարբերություն, մանկավարժի վատ մատուցում, երկկողմանի անուշադրություն: Այսօր ծնողը պետք է գիտակցի իր երեխայի ուսման կարեւորությունը, զբաղվի իր երեխայի դաստիարակությամբ, եւ ամեն բանում չէ, որ պետք է մեղադրի ուսուցչին, այլ պետք լինի երկկողմանի աշխատանք: Չմոռանամ նաեւ նշել, որ կան մանկավարժներ, որոնք ասում են, որ կողմ են երեխաների չգնահատվելուն` բացատրելով, որ երեխան երբ լավ է պատասխանում, ու երբ նրան ասում ենք՝ կեցցես, ապրես, հիանալի է եւ նմանատիպ շատ խոսքեր, ապա դա ավելի կարեւոր է: Ես ուզում եմ այդ մանկավարժներին ասել, որ դա նույնպես խրախուսանք է՝ գնահատման մեկ տարբերակ, ու այդ խոսքով երեխան իրեն զգում է գնահատված:
«ԻՆՉ ԷԼ ԱՆԵՆ, ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ, ՈՒ ԴԱ ՀԱՍՏԱՏ ԱՆՓՈՓՈԽ Է»
- Որպես կրթության ոլորտի մասնագետ` հետաքրքիր է Ձեր տեսակետը՝ «հայ» բառը «Հայ գրականությունից» հանելու հետ կապված:
- Անկեղծ ասած, զարմացած եմ, ավելին՝ հիասթափված: Մի քանի ուսումնական նյութ էլ կարդացել եմ եւ ապշել: Ես երբեւիցե այնպիսի խոսքեր չեմ ասում, որ ինչ-որ մեկի մոտ ստեղծվի այնպիսի տպավորություն, որ ասվել է էմոցիաներից դրդված կամ հուզական ֆոնի վրա հիմնված: Ես չափից դուրս ռեալիստ եմ, ու հենց դա է պատճառը, որ ինձ մոտ զարմանք է առաջացել: Մենք հայ ենք, ու ցանկացած տեղ դա պետք է նշվի, իսկ «Հայ գրականությունը» այն առարկան է, որտեղ առաջին տեղում հենց հայն է, հայի տեսակը: Միգուցե որոշված է, որ ծրագրում ներառված չե՞ն լինելու հայ հեղինակներ, դա՞ է պատճառը, չգիտեմ: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչն է պատճառը, որ «Հայ գրականություն» առարկայից հայ բառը դուրս է գալիս: Բայց միեւնույնն է, ինչ էլ անեն, ինչ էլ լինի, մենք հայ ենք, ու դա հաստատ անփոփոխ է: Գիտեք, մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ դարեր շարունակ ամեն ինչի միջով անցած մեր ճանապարհը կործանվում է: Անկախ դժվարություններից՝ փորձել ենք չձուլվել, չկորցնել մերը, մինչդեռ այսօր այնպես է արվում, որ կորցնենք...
«ԱՅՆ, ԻՆՉԸ ՄԵՐՆ Է, ՉՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ՄՂՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ»
- Մարիամ, այս օրերին, ակտիվ քննարկումներ են ընթանում նաեւ «Հայ եկեղեցու պատմությունը» դպրոցական ծրագրից դուրս մղելուն միտված: Ձեր գնահատականը:
- «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում դասավանդվում է, եթե չեմ սխալվում, 16 տարի շարունակ: 16 տարիների ընթացքում կրթվել են շատ սերունդներ: Այդ սերունդների մի մասն էլ ես եմ, եւ գիտելիքներ եմ ստացել ոչ միայն կրոնի, այլ նաեւ մեր` հայերիս արժեքների պահպանության ու պաշտպանության մասին: Իհարկե, միգուցե լինեն մարդիկ, ովքեր կդժգոհեն դասավանդման որակից. չեմ կարող չհամաձայնել: Միգուցե որոշ դպրոցներում կան թերացումներ: Բայց պետք է նշեմ, որ ես այն երջանիկներից եմ, ում դասավանդվել է այս առարկան չափից դուրս լավ ու հետաքրքիր ձեւով: Հետո, առարկայի հետ կապված, կցանկանամ ասել, որ շատ երիտասարդներ հենց դրա հետքերով են իրենց կրթությունը շարունակում...
Վերջապես, այն ինչը մերն է, երբեք չպետք է դուրս մղվի ուսումնական առարկաների ցուցակից: Մենք հայ ենք:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

