«ԼՈՒՐՋ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ» ԵՐԿԱՐ ՉԵՆՔ ՍՊԱՍԻ
Արխիվ 16-20Տավուշյան բախումներից հետո, ինչպես ներկայացրել էինք մեր նախորդ համարում, արցախյան, թեեւ արդեն ավելի ճիշտ է ասել՝ հայ-ադրբեջանական ուղղությամբ արտաքին առանցքային ուժերի համար կարեւոր թեմա է դարձել ռազմական հարթությունից դիվանագիտականին վերադառնալու խնդիրը: Ընդ որում՝ անցում այնպիսի տարբերակով, որ բացառվի տավուշյան իրավիճակի կրկնությունը:
ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՌԴ-Ն
Այն, որ ՌԴ-ն մինչեւ իսկ զինավարժանքների տեսքով զորքերի մասշտաբային տեղաշարժ սկսեց, հերթական անգամ հիմնավորում է, որ հենց Մոսկվայի համար է հայ-ադրբեջանական նոր պատերազմն ամենաանցանկալի սցենարը: Թե ինչու, դժվար չէ կռահել: Իսկ տավուշյան իրավիճակը, թերեւս, Մոսկվայի համար հավելյալ ահազանգ էր, որ նոր պատերազմի հավանականությունը չափազանց մեծ է, այդ ուղղությամբ կա շատ լուրջ աշխատանք, գործում են միանգամայն ազդեցիկ ուժեր: Իսկ դա կանխելու համար Մոսկվային երկու ճանապարհ կա:
1. Ամեն անգամ, երբ նման լարվածություն լինի, նորից կիրականացնի զորքերի նման տեղաշարժ: Սակայն սա նախ՝ ծախսատար միջոց է, ապա նաեւ՝ վտանգավոր. իսկ եթե ինչ-որ բան այնպես չգնաց, այդ դեպքում կա մինչեւ իսկ Թուրքիայի հետ ուղիղ բախման մեջ մտնելու հեռանկարը, որը, ի դեպ, հայ-ադրբեջանական պատերազմ հրահրող ուժերի հիմնական նպատակներից մեկն է: Հաշվի առնելով նաեւ, որ անգամ Մոսկվայում հայ-ադրբեջանական բախումների կազմակերպման համառ փորձեր նախաձեռնվեցին, եւ դժվար չէ պատկերացնել, թե իրավիճակն ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երեւանում եւ Բաքվում որքան կթեժանա, եթե այդ ամենն ուղեկցվի զոհերով: Նման լարվածությունից բխող բուռն կրքերի դեպքում անգամ ռուսական զորքերի տեղաշարժերը կկարողանա՞ն պատերազմը կանգնեցնել, հարց է:
2. Պատերազմը բացառել՝ արցախյան խնդրին գոնե միջանկյալ լուծում գտնելով, որը ենթադրում է շփման գոտում խաղաղարար ուժերի տեղակայում: Սա, ինչ խոսք, Մոսկվայի համար ամենանախընտրելի տարբերակն է: Եվ կան մի շարք գործոններ, որոնք ակնարկում են, որ այս սցենարը այս պահին Մոսկվայի համար դարձել է թիվ 1 օրակարգային: Այսպես, նախ հիշեցնենք, որ անցած շաբաթվա կեսերին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների փոխարեն Լավրովը հանդիպեց երկու երկրների մոսկովյան դեսպանների հետ եւ, ինչպես ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը մանրամասնեց. «Նա (Լավրովը- Հեղ.) ներկայացրեց իր տեսլականը, Ռուսաստանի ցանկությունը՝ ունենալ երկարաժամկետ, խաղաղ, կայուն իրավիճակ Հարավային Կովկասում՝ առանց բաժանարար գծերի»: Հասկանալի է, որ նման տեսլականը կյանքի կոչել հնարավոր է մեկ դեպքում՝ արցախյան խնդրին գոնե միջանկյալ լուծում տալու եւ խաղաղարար ուժերի տեղակայման:
Իսկ ահա շաբաթ օրը Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստում քննարկեց Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանային իրադրությունը: Սա արդեն իսկ հիմնավորում է, որ հայ-ադրբեջանական ուղղությունը Մոսկվայի համար օրակարգային թիվ 1 թեմա է: Առավել եւս, որ հայ-ադրբեջանական խնդիրը մեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ մտավ ՌԴ ԱԽ նիստի օրակարգ. եւս մեկ քննարկում էր տեղի ունեցել հուլիսի 17-ին, որին զուգահեռ էլ ՌԴ-ն սկսեց Հարավային ռազմական օկրուգի չպլանավորված մասշտաբային զորավարժությունները՝ ամենաարդիական զինատեսակների կիրառմամբ:
ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ
Միգուցե պարադոքսալ հնչի, սակայն այս պահին հայ-ադրբեջանական նոր պատերազմը Թուրքիայի համար եւս ցանկալի սցենար չէ: Առավել եւս, երբ Մոսկվան ցույց տվեց, որ տարածաշրջանում ունի միանգամայն կոնկրետ շահեր եւ պատրաստ է մինչեւ իսկ ռազմական մեթոդներով դրանք պաշտպանել: Այսինքն, Անկարայի համար հստակ ուրվագծվեց ՌԴ-ի հետ ուղիղ բախման հեռանկարը, որը (ինչպես նաեւ սիրիական փորձն է ցույց տվել) Էրդողանի երազանքների թվում չէ: Մինչդեռ, քանի կա հայ-ադրբեջանական պատերազմի նման ռիսկը, Անկարայի աչքի առաջ է մնում նաեւ ռուսների հետ բախվելու հեռանկարը: Ընդ որում, նույն սխեման նաեւ Սիրիայում, մասնավորապես՝ Իդլիբում էր գործում. քանիցս ինչ-ինչ արտաքին ուժերի ակնհայտ պրովոկացիոն նախաձեռնությամբ սկիզբ դրեցին սիրիական եւ պրոթուրքական ուժերի միջեւ մասշտաբային ռազմական գործողությունների վերսկսմանը, որը որոշ դեպքերում ՌԴ-Թուրքիա ուղիղ ռազմական բախման հավանականությունը հասցրեց մազից կախված վիճակի: Ճիշտ է, վերջին պահին իրավիճակը կայունացրեց Պուտին-Էրդողան ուղիղ կապը, բայց միշտ չէ, որ այն կարող է երաշխավորված արգելակ լինել: Մի խոսքով, Անկարայի համար, իհարկե, «փոքր եղբայրը» հոգեհարազատ է, կան նաեւ հին պանթուրքիստական ծրագրերը, իսկ Էրդողանն էլ ռիսկային ծրագրերի հանդեպ սեր ունի: Բայց միեւնույն ժամանակ Էրդողանը նաեւ ապացուցել է, որ ռիսկի գնալով հանդերձ, կարող է նաեւ ճիշտ պահին ողջամտորեն կանգ առնել: Այո, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Բայց ահա ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի՝ Հունաստանի հետ գրեթե պատերազմական վիճակի է հասել: ՆԱՏՕ-ի մյուս անդամները՝ Եվրոպան, ու մինչեւ իսկ՝ ԱՄՆ-ն նրա հետ պատժամիջոցային լեզվով են խոսում, իսկ նույն Սիրիայի փորձը ցույց տվեց, որ չեն ցանկանում միջամտել, եթե բանը հասնի ռուսների հետ ռազմական բախման: Այս բոլոր գործոնները աչքի առաջ ունենալով, հարավկովկասյան ուղղությամբ ամեն մի կտրուկ քայլ Անկարայի համար կդառնար ոչ թե ռիսկ, այլ՝ պարզ ավանտյուրա, որին Էրդողանը հազիվ թե գնա:
ՄԽ-Ն ԱՆՑԱՎ ՎԵՐՋՆԱԳՐԱՅԻՆ ԼԵԶՎԻ
Հաջորդ հարցը. իսկ ի՞նչ են մտածում ՄԽ մյուս երկու համանախագահ երկրների՝ ռազմականից՝ բանակցություններին վերադառնալու խնդրի կապակցությամբ: Այս հարցի պատասխանն անգամ ՌԴ-ի համար գոնե մեկ շաբաթ առաջ միանշանակ չէ, հաշվի առնելով Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հայտնի հայտարարությունը. «Ներկայիս ճգնաժամը չպետք է հանգեցնի այն տիտանական ջանքերով ձեռքբերված առաջընթացի նահանջին, որն առաջին հերթին ՌԴ-ի կողմից է ձեռք բերվել... Մենք բոլորին կոչ ենք անում ընդունել այս դիրքորոշումը, հատկապես՝ Մինսկի խմբի երկրներին»:
Իմաստը սա է. այն, որ կան արտաքին ուժեր, որոնք ձգտում են հասնել հայ-ադրբեջանական պատերազմի, թերեւս կասկածից դուրս է: Եվ ահա, ՌԴ ԱԳՆ-ն փորձում է նաեւ հրապարակավ ստուգել՝ ՄԽ-ի արեւմտյան համանախագահ երկրներն այդ ուժերի թվո՞ւմ են, թե՞ պատերազմ հրահրում են միայն տարաբնույթ սորոսները, որոնց դեմ, ի դեպ չմոռանանք, Թրամփն էլ իր հերթին է ԱՄՆ-ի ներսում լուրջ կռիվների մեջ: Եվ եթե համանախագահներ հրահրող չեն, ուրեմն պատրա՞ստ վերականգնել եւ ավարտին հասցնել մինչ այս եղած բանակցային օրակարգը: Եվ ահա, սրան հաջորդեց ՄԽ համանախագահների ներքին քննարկումները, որի արդյունքում ներկայացվեց հետեւյալ պաշտոնական հայտարարությունը: Նախ` ՄԽ-ն պահանջում է. «Օգտվել ռազմական ակտիվության թուլացումից՝ նախապատրաստվել լուրջ առարկայական բանակցություններին՝ հակամարտության համապարփակ լուծում գտնելու համար»: Թե ինչ օրակարգով, ապա այդ մասին հայտարարության մեջ ասված է. «Համանախագահները վերահաստատում են, որ 2019 թվականի մարտի 9-ի իրենց հայտարարության մեջ շարադրված սկզբունքներն ու տարրերը շարունակում են հիմք հանդիսանալ նրանց միջնորդական ջանքերի համար...»:
Ընդ որում, համանախագահները նաեւ չհանդուրժող տոնով պնդում են. «Վերջին հրապարակային հայտարարությունները, որոնք քննադատում են համանախագահ երկրների համատեղ ջանքերը եւ/կամ ձգտում են միակողմանի կարգով նոր «պայմաններ» հաստատել կամ փոխել կարգավորման գործընթացի ձեւաչափը, չեն նպաստում կառուցողական երկխոսության վերսկսմանը: Համանախագահները կրկին հայտարարում են, որ կայուն խաղաղ կարգավորման հասնելու քաղաքական կամքը լավագույնս դրսեւորվում է մաքսիմալիստական դիրքորոշումներից հրաժարվելու, հրադադարի ռեժիմի խիստ պահպանման եւ սադրիչ հայտարարություններից ու գործողություններից զերծ մնալու մեջ...»: Վերջապես, հայտարարության մեջ նաեւ այս միտքն է ընդգծվում. «Համանախագահները ողջունում են աճող միջազգային կոնսենսուսը, որը կոչ է անում ապաԷսկալացման եւ բարի կամքի ոգով բանակցություններին արագ վերադառնալու՝ առանց որեւէ պայմանների...»:
Այսպիսով, համանախագահ երկրները միասնաբար շեշտ են դնում երեք կարեւոր հանգամանքի վրա:
1. Իրենք ունեն լիակատար «միջազգային կոնցենսուս»՝ ինչպես ՄԽ ձեւաչափը պահպանելու, այնպես էլ՝ ՄԽ-ի բանակցային օրակարգն առաջ տանելու հարցում:
2. Բանակցային օրակարգը մնում է նույնը՝ «2019 թվականի մարտի 9-ի ՄԽ-ի հայտարարության մեջ շարադրված սկզբունքներն ու տարրերը»: Խոսքը, հիշեցնենք, 3 սկզբունքներից եւ 6 տարրերից բաղկացած փաստաթղթի մասին է: Ավելին, ՄԽ-ն ակնարկում է, որ իրենց ունեցած հիշատակված «միջազգային կոնցենսուսը» հնարավորություն տալիս է Ադրբեջանից եւ Հայաստանից պահանջել՝ չշեղվել նշված բանակցային օրակարգից:
3. ՄԽ-ն նաեւ պահանջում է՝ առավելագույնս արագ անցնել «լուրջ առարկայական բանակցություններ», որը, ըստ էության, նշանակում է բանակցություններ՝ փաստաթուղթ ստորագրելու համար:
Ինչպե՞ս են սրան Բաքուն եւ Երեւանն արձագանքելու: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան տեղեկացրեց, որ դեսպանների հետ Լավրովի հիշատակված հանդիպումից հետո արձագանքներ կան՝ Երեւանն ու Բաքուն տարբեր նախաձեռնություններ են ներկայացնում` բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ: Թե կոնկրետ ինչ, բնականաբար, չի մանրամասնում, բայց նաեւ նշելով, որ Մոսկվան քննարկում է դրանք կողմերի հետ, եւ. «Ակնկալում ենք, որ երբ կվերացվեն միջազգային չվերթների արգելանքները, հնարավորություն կստեղծվի առարկայական մշակել հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի ողջ շրջանակը»:
Նաեւ չմոռանանք, որ «միջազգային չվերթների արգելանքները» արդեն իսկ կամաց-կամաց վերացվում են, այսինքն, «լուրջ առարկայական բանակցություններին» երկար չենք սպասի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

