«ՔԱՆԴԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ, ՋՆՋԵԼ ՀԱՅ ԱՆՈՒՆ»
Արխիվ 16-20Հանրությունը շոկի մեջ է: Քիչ է, որ դպրոցական ծրագրից «Թավշյա դդում» մականունով սուպերնախարարի գերատեսչությունը հանում է հայ դասականներին, այլ ուզում են հանեն նաեւ «հայ» բառը բոլոր առարկաների անվանումներից: Արդեն բացահայտ են գործում, չեն էլ թաքցնում իրենց չհայ, հակահայ, հայ տեսակի թշնամի էությունը: Մնում է ազգանուններից «յան»-երը հանեն, եւ ամեն ինչ տեղը կընկնի...
ՊԱՏԵՐԱԶՄ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ
Այսինքն` լավագույն դեպքում մեզ ուզում են զրկել ազգային ինքնությունից, քաղաքացիներին վերածել սեփական արմատներից կտրված բնակչության, իսկ երկիրն ու պետությունը դարձնել դիմազուրկ տարածք: Ինչու եմ ասում` լավագույն դեպքում, քանզի հիմքեր կան ենթադրելու, որ ծրագրված է նաեւ նոր ցեղասպանություն: Սակայն այդ մասին` մի փոքր ավելի ուշ: Իսկ այժմ տեսնենք, թե գլոբալ առումով ինչ է կատարվում մեր երկրի հետ: Նիկոլասորոսական քայլասերված խունտան իր ինչպես ապաշնորհության, այնպես էլ միտումնավորության շնորհիվ, Հայաստանը Հարավային Կովկասի լավագույն հեռանկարներն ունեցող երկրից վերածեց ձախողված պետության: Սակայն եթե քայլասերվածների համար Հայաստանն անարժեք մի տարածք է, որից պետք է ամեն ինչ «քերել ու թռնել», ապա խոշոր խաղացողները շատ լավ գիտեն Հայաստանի արժեքը: Դրա առնչությամբ քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրում է. «Հայաստանն անցնում է արտաքին կառավարման: Մե՜ծ ավետիս իրենց 70 տոկոսով իշխանական լափամանի մոտ խռնված տղաներին ու աղջիկներին: Այլեւս կարող եք լափամանից վերցնել պարգեւավճարների ձեր փայը, ձեր մաքսանենգ սիգարետներն ու ադամանդները` առանց կրուտիտների, առանց հերթական անհեթեթությունների, անգամ` քվեարկության կոճակը առանց տնից դուրս գալու սեղմելով: Միացյալ Նահանգները Հայաստան է ուղարկում կոռուպցիայի դեմ պայքարի մեծ մասնագետի, Եվրամիությունը ներդրում է ընդլայնված լիազորություններով չորս մասնագետ, պլյուս` Սփյուռքից Հայաստան են գալիս 100 պրոֆեսիոնալ, որոնք կաշխատեն պետական կառավարման ոլորտում: Այս է ձեր կառավարման 2 տարվա արդյունքը, Հայաստանը կործանումից փրկելու համար Արեւմուտքն իրար է խառնվել, անցել է կառավարման մանուալ ռեժիմի»: «Բայց հիշեք, որ ձեր 70 տոկոսը այլեւս առ ոչինչ է, իսկ դուք 100 տոկոսով եք պատասխան տալու ձեր եփած բորշի համար»:
Քաղաքագետը նկատի ունի Արեւմուտքի կողմից ՀՀ-ն արտաքին կառավարման տակ վերցնելը, սակայն մեր երկրի արտաքին կառավարման համար իրականում բազմաշերտ մրցակցություն կա: Բացի Արեւմուտքից դա, անշուշտ, Ռուսաստանն է, մեկ էլ, ինչն ամենավտանգավորն է, Թուրքիան: Նրանցից յուրաքանչյուրն իր շահերն ունի: Եվ եթե Արեւմուտքի ու Ռուսաստանի պարագայում շանս կա պահպանվել որպես թեկուզ դիմազուրկ, բայց հայաբնակ տարածք, ապա Անկարա-Բաքու առանցքն, անշուշտ, ցեղասպանության ծրագիր ունի, որպեսզի հայերն ընդմիշտ անհետանան Մեծ Թուրանի ճանապարհից: Եվ, ի դեպ, ոչ ոքի համար գաղտնիք չեն Սորոսի ջերմ հարաբերություններն Ալիեւի ու Էրդողանի հետ, բայց թուրանական առանցքի թիկունքին են նաեւ նույն Սորոսի եւ մեր խունտայի հրամանատար-տերերը` անդրազգային կենտրոնները: Անշուշտ, ո՛չ Ռուսաստանը եւ ո՛չ էլ Արեւմուտքը հայերիս դայակը չեն, եւ խոշոր հաշվով անտարբեր են` արդյո՞ք կպահպանենք մեր ազգային ինքնությունը եւ պետության ֆորմալ ատրիբուտները, նրանց նույնիսկ ինչ-որ տեղ ձեռնտու է կառավարվող տարածքում ունենալ դիմազուրկ, հնազանդ, վեհության բոլոր դրսեւորումներից զուրկ բնակչություն, սակայն դա նրանց թիվ 1 առաջնայնությունը չէ ՀՀ տարածքում: Այլ բան է թուրքական հարեւան-թշնամիները եւ պանթուրքական նախագծի բենեֆիցիարները, նրանց համար դա շատ բարձր առաջնայնություն ունի: Եվ այդ պատճառով տեսնում ենք դիկտատորական մեթոդներով ԼԳԲՏ «ստանդարտների» պարտադրանքը, ընտանիքի ինստիտուտի քայքայման կատաղի փորձերը, «Հայ» անունով բոլոր առարկաների դուրսմղումը դպրոցից, 1700 տարվա կենսագրություն ունեցող այնպիսի ինքնիշխան ինստիտուտի, ինչպիսին Հայ առաքելական եկեղեցին է, կատաղի հալածանքը եւ առատ ֆինանսավորում ունեցող աղանդաբուծությունը: Դրա հետեւանքն է, որ հայ դասականների փոխարեն դպրոց բերվում են այնպիսի «ստեղծագործություններ», որոնցից տպագիր մամուլում մեջբերումներ անելն ամոթ է, եւ այդ մեջբերումների հայտնությունը Ֆեյսբուքում հարուցում է քաղաքացիների անհուն զայրույթը: Եվ վերջապես այդ պատճառով է, որ ձգտում են կրտսեր դասարաններից սկսած խցկել այսպես կոչված «սեռական դաստիարակությունը»: Ճիշտ է, նրանք պատրանքներ չունեն, որ դա կկոտրի հայ մանուկների գենետիկ իմունիտետը եւ արդյունավետորեն կայլասերի նրանց, սակայն վաղ սեռականության ձեւավորումը հզոր գործիք է` վաղ հայտնաբերելու դեգեներատիվ տարրերին, որոնք գործակալական ցանց հավաքագրելու հոյակապ հումք են, ինչպես նաեւ լուծելու այնպիսի խնդիր, ինչպիսին է փաստորեն բոլորին մանկությունից զրկելը: Իսկ դա ելքում կտա սահմռկելի արդյունք` բոլորը կմեծանան Նիկոլի եւ թրաշամանուկ թիմի պես դժբախտ մանկությամբ եւ, հետեւաբար, շատ խոցելի, եւ շատ քչերը կդառնան լավ մարդ:

ԻՆՉՈՒ ԵՆ ՁԳՏՈՒՄ ԿԱԶՄԱԼՈՒԾԵԼ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ
Սակայն հարց է ծագում` ինչո՞ւ խունտան եւ նրա տիկնիկավարներն այդքան շտապում են անել իրենց պիղծ գործը` ստեղծելով ռիսկեր, որ կբախվեն քաղաքացիների զանգվածային ընդվզման հետ: Չէ՞ որ աստիճանաբար, աննկատ տեմպերով դա անելն ավելի արդյունավետ է: Դա անշուշտ ունի հետեւյալ պատասխանը` Նիկոլի թիմն իր ծայրահեղ ապաշնորհությամբ երկար չի ձգի, եւ անվերջ արտակարգ դրությունները` ցույցերի եւ հանրահավաքների արգելքով եւ նվաստացուցիչ դիմակ-դնչկալներով, արդեն գրեթե սպառել են իրենց ռեսուրսը: Սակայն կա նաեւ բավականին գլոբալ, նունիսկ տիեզերական գործոն: Բանն այն է, որ Ջրհոսի դարաշրջանի մանուկները` նրանք, ովքեր ծնվել են 2012 թվականից հետո, որակապես տարբերվում են նախորդ սերունդներից: Նրանք ի ծնե ունեն մանիպուլյացիայի չենթարկվելու հատկություն, նրանց պետք չէ սովորեցնել, թե որ մուլտը կամ առցանց խաղը վատն է` նրանք դա գիտեն ի ծնե: Երբ նրանք հասնեն պատանեկան տարիքի, արդեն կլինեն ըմբոստ եւ ճշմարտասեր, իսկ բանակում ծառայելուց հետո քարուքանդ կանեն ցանկացած գլոբալիստական աշխարհակարգ: Այդ պատճառով հիմա ե՛ւ արագացնում են նրանց փչացման գործընթացը, ե՛ւ ձգտում քանդել բանակի ինստիտուտը: Բանակը հատկապես կարեւոր է, քանզի, ինչպես ցույց է տալիս փորձը, մարտական հերթափոխները շատ արագ տղաների ուղեղները մաքրում են այն աղբից, որը լցրել են ապազգային քարոզիչներն ու մանիպուլյատորները: Իսկ պատկերացրեք, բանակում ինչ կդառնա Ջրհոսի սերունդը` թերեւս Նժդեհի ասած «Հայ գերմարդը` մահացան գիտություններով սպառազեն»: Թուրանական նախագծի տերերը դա չեն ուզում թույլ տալ ցանկացած գնով: Այդ պատճառով քայլասերված իշխանությունը գլխանց գերկարեւորել է ագրեսիվ պացիֆիստական քարոզչությունը: Այդ հարցում նրանք գերազանցել են նաեւ հոգեւոր հայրիկին` Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ահա թե ինչ է ասել Աննա Հակոբյանը երկու տարի առաջ այս օրերին: Հուլիսի 24-ին նա այցելել է Պետական Տրետյակովյան պատկերասրահ, որտեղ կայացել է հանդիպում նրա եւ ռուսաստանյան տարբեր ոլորտների մի շարք կին գործիչների հետ: Աննա Հակոբյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին` մասնավորապես նշելով. «Իրականում կարծում եմ, որ կարեւոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը: Կարեւորն այն մարդկային կյանքերն են, երիտասարդ մարդկային կյանքերը, որոնցով վճարվում է այդ կոնֆլիկտի դիմաց»: Վերհիշելով 2016 թ. ապրիլյան պատերազմի օրերը` Ա. Հակոբյանը հանել է դիմակը. «Հավատացեք` նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին` ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր` վախվորած եւ անհանգիստ»: Իսկ հիմա նրա այցերը զորամասեր շատ վատ են անդրադառնում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի վրա` այդպիսի «զրույցները» ռազմական հիմնարկություններում հատկապես անթույլատրելի են: Դասալիքների կառավարությունը նաեւ սարսափելի վախենում է մարտական սպաների եւ գեներալների էներգետիկայից: Մի փոքրիկ մեջբերում անենք ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի մարտական կոչից Տավուշի մարտերի առնչությամբ, որն ուղղված էր հրամանատարներին եւ զինվորներին. «Մեր գործն արդար է. մենք պաշտպանում ենք մեր պապերի սուրբ հողը, հայրական տունը, մեր պատիվն ու մեր ժողովրդի ազատ երկրում խաղաղ ապրելու իրավունքը: Մենք այլեւս դատապարտված ենք միա՛յն հաղթելու: Ցույց տա՛նք դավադիր ոսոխին մինչեւ վերջ կռվելու մեր վճռականությունն ու պատրաստականությունը, որ նա այլեւս չփորձի հայացք նետել Հայաստանի եւ Արցախի ուղղությամբ: Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ եւ պատիվ ունեմ յուրաքանչյուրիդ հետ համատեղ կերտելու զինված ուժերի հաղթական ուղին` ի փառս հայ ժողովրդի»:
Համաձայնեք, որ այդպիսի կոչերի էներգետիկան մահացու թույն է քայքայիչ աշխատանքով զբաղված հակահայ տարրերի համար: Քանզի նրանք լավ գիտեն` բանակը Ազգի եւ Պետության իմունային համակարգն է, իսկ իրենք բացիլներ են:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

