Ամեն բան արվում է, որ կրթական համակարգը փլուզվի. մանկավարժ
Արխիվ 16-20Հանրակրթական դպրոցում «Գրականություն» առարկայի նոր չափորոշիչները, այդ թվում` «Հայ գրականություն» առարկայի «հայ» բառը հանելը, տարրական դասարաններում այլեւս գնահատականներ չդնելը, «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ հայտնի իրավիճակը եւ կրթական մյուս բոլոր «տարօրինակ» «բարեփոխումները» ինչպե՞ս են գնահատում մանկավարժները: Հարցի պատասխանը ստանալու համար զրուցել ենք տարրական դասարանների մանկավարժ ՄԱՐԻԱՄ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ:
- Պետք է գտնվեմ չափից դուրս անկեղծ եւ ասեմ այն, ինչ հիմա կատարվում է մեր կրթական համակարգում, ուղղակի աբսուրդի է հասնում: Գիտեք, եթե այս փոփոխությունները հիմքային լինեին եւ ոչ` մասնակի, միգուցե ընդունելի եւ հասկանալի լիներ: Բայց պետք է ասեմ, որ ամեն բան արվում է, որ կրթական համակարգը փլուզվի,- մեզ հետ զրույցը սկսելով` նշեց Մարիամ Մուրադյանը:
- Վերջերս հայտնի դարձավ, որ տարրական դասարաններում այլեւս գնահատական չի դրվելու: Սա ի՞նչ դրական եւ բացասական կողմեր ունի:
- Գնահատման համակարգի մասին յուրաքանչյուր մանկավարժ ունի իր ուրույն կարծիքն ու դիրքորոշումը: Ես չեմ կարծում, որ ճիշտ է գնահատման սիստեմ չլինելու փաստը հանրակրթական դպրոցներում` հատկապես միջին եւ ավագ դասարաններում: Այդ տարիքում երեխաների մեջ ձեւավորվում է գիտակցված մրցակցություն, ինչն էլ իր հատուկենտ տեղն ունի յուրաքանչյուր աշակերտի գլխում:
Եթե խոսենք տարրական դասարանների մասին, ապա ասեմ, որ եթե չլինի գնահատում, ապա չի լինի մոտիվացիա: Երբ ինձ հարցնում էին, թե ի՞նչ կցանկանամ փոխել, ես միանշանակ պատասխանում եմ, որ շատ կուզենամ տարրական դասարաններում աշակերտները ոչ միայն գնահատվեն, այլ նաեւ ուրիշ մեթոդներով խրախուսվեն:
Չմոռանանք հենց այն փաստը, որ այդ տարիքից երեխաների մեջ սկսվում է պայքար, ինչը, իհարկե, ողջունելի է: Տարրական դասարաններում այդ պայքարը պետք է լինի շատ գիտելիքների ձեռքբերման տեսքով, իսկ գնահատումն այդ գիտելիքի ցուցիչն է: Հետեւաբար, պետք է յուրաքանչյուր աշակերտ խրախուսվի (գնահատվի):
Եթե խոսենք անբավարար գնահատականների մասին, ապա ասեմ, որ եթե աշակերտը չի ցանկանում սովորել հանրակրթական դպրոցի առարկաներից ինչ-որ մեկը, այդ ամենի մեջ ես նախ մեղադրում եմ տվյալ առարկան դասավանդող ուսուցչին: Ուրեմն դասավանդումը չի ընթացել այնպես, որ հետաքրքիր լինի աշակերտին:
Չնայած` չեմ կարող չասել, որ դեպքեր էլ են լինում, երբ երեխան մատնված է լինում անուշադրության, դուրս է ծնողների վերահսկողությունից եւ ուղղակի չի սովորում:
Անբավարար գնահատական նշանակելը բնավ չի նշանակում` աշակերտին պահել վախի մթնոլորտում: Այլ դա ցույց է տալիս, որ այդ օրը երեխան անպատրաստ է ներկայացել դպրոց:
Հ.Գ.Զրույցն ամբողջությամբ «Իրավունք» թերթի վաղվա տպագիր համարում:

