Այսպիսի ապազգային հիմարությունը իրականում ապշեցուցիչ է. Արման Աբովյան
Արխիվ 16-20«Այսօր համացանցում հետեւում էի Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ տարատեսակ քննարկումներին համացանցում եւ ուղղակի չէի հավատում կարդացածիս։ Ուրեմն՝ մեզանում կան մարդիկ, ովքեր կարծես թե, կրթված են, առաջին հայացքից տգետի տպավորություն չեն թողնում, ազգանուններն էլ յան-ով է վերջանում, բայց արի ու տես, որ այս բոլոր նախադրյալները չեն խանգարում իրենց արտահայտել ակնհայտ անգրագետ եւ կներեք ապազգային մտքեր եւ գաղափարներ։
Օրինակ`այդ ուլտրանեոսուպեր կոսմոպոլիտներից ոմանք , լուրջ դեմքի արտահայտության ներքո առաջարկում են օրենսդրորեն հավասարեցնել Հայ Առաքելական Եկեղեցուն եւ մնացած դավանանքները եւ դա ...ուշադրություն՝ ամրագրել Սահմանադրությամբ։
Ես, իհարկե, ամեն բան սպասում եմ հայկական «թազա» նեոգլոբալիստներից , բայց այսպիսի ապազգային հիմարությունը իրականում ապշեցուցիչ է... Հազար անգամ կներեք, բայց այլ կերպ չեմ կարող բնութագրել այս խայտառակությունը։
Երկար բարակ չեմ բացատրի, թե ինչու, կարծում եմ` իրեն հայ համարող յուրաքանչյուր մարդ ինձանից լավ դա կբացատրի, սակայն հարկ եմ համարում, որպես ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, որպես ՀՀ քաղաքացի, ի վերջո, որպես Հայ մարդ արտահայտեմ իմ սկզբունքային դիրքորոշումն այս հարցի շուրջ։
Հայաստանում պետք է Սահմանադրությամբ ամրագրվի ավանդական կրոնների դավանելու ազատությունը։ Զուգահեռաբար պետք է նաեւ օրենսդրորեն ամրագրվի տոտալիտար սեկտաների (աղանդավորության) պրոպագանդայի անթույլատրելիությունը, քանզի դա նվազագույնը ուղղակի բխում է ՀՀ քաղաքացու անվտանգության ապահովման անհրաժեշտությունից։
Անվերապահորեն Մեծ հարգանքով վերաբերելով բոլոր քույր Եկեղեցիներին եւ պարտավորվելով պաշտպանել վերջիններիս բոլոր իրավունքները,այնուամենայնիվ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սահմանադրությամբ պետք է ամրագրվի որպես Հայաստանի Հանրապետության գլխավոր կրոնական ինստիտուտ եւ դասվի որպես միակ պետական կրոն` սրանից բխող բոլոր եզրույթներով։ Միայն մի բան հիշեցնեմ. հենց Հայկական Առաքելական Սուրբ Եկեղեցին տասնյակ դարեր ի վեր կատարել է եւ շարունակում է կատարել հայապահպանության կարեւորագույն դերակատարումը։ Չի լինի Հայ Եկեղեցին, չի լինի նաեւ Հայ ազգը։
Եվ սա լոկ պաթոսային եզրակացություն չի, սա պարզ եւ ակնհայտ փաստ է, որի հետ ոչ մի նորմալ մարդ չի վիճի։ Կրկնեմ՝ խոսքը ոչ մի դեպքում չի կարող գնալ ավանդական դավանանքների դերի կամ գործունեության սահմանափակման մասին, դա անընդունելի է, սակայն ոչ պակաս անընդունելի է Հայկական Եկեղեցու տեղի եւ դերակատարության նվազեցումը։ Սա իմ սկզբունքային դիրքորոշումն է, եւ ես չեմ պատրաստվում բանավիճել այս հարցի շուրջ», - այս մասին գրում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԸ։

