Մինսկի խումբը վերջնագիր ներկայացրեց Ադրբեջանին եւ Հայաստանին
Արխիվ 16-20ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով, ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի, Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր, ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (PRCIO) Անջեյ Կասպրշիկը Հայաստանին եւ Ադրբեջանին ուղղված հայտարարությամբ են հանդես եկել, որը հրապարակվել է ԵԱՀԿ-ի կայքում։ Ըստ այդմ, հՄԽ-ն նախ ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հուլիսի 16-ից հաստատված հարաբերական կայունությունը։ Ապա կոչ է արել՝ «Օգտվել ռազմական ակտիվության թուլացումից՝ նախապատրաստվելով լուրջ առարկայական բանակցություններին՝ հակամարտության համապարփակ լուծում գտնելու համար»:
Համանախագահները ևս մեկ անգամ շեշտել են, որ այս բարդ շրջանում սադրիչ հայտարարություններից և գործողություններից, ինչպես նաև սպառնալիքներից կամ քաղաքացիական հասարակությանն ուղղված ենթադրյալ սպառնալիքներից խուսափելը ծայրահեղ կարևոր է:
«Համանախագահները նշում են, որ վերջին հրապարակային հայտարարությունները, որոնք քննադատում են համանախագահ երկրների համատեղ ջանքերը և / կամ ձգտում են միակողմանի կարգով նոր «պայմաններ» հաստատել կամ փոխել կարգավորման գործընթացի ձևաչափը, չեն նպաստում կառուցողական երկխոսության վերսկսմանը: Համանախագահները կրկին հայտարարում են, որ կայուն խաղաղ կարգավորման հասնելու քաղաքական կամքը լավագույնս դրսևորվում է մաքսիմալիստական դիրքորոշումներից հրաժարվելու, հրադադարի ռեժիմի խիստ պահպանման և սադրիչ հայտարարություններից ու գործողություններից զերծ մնալու մեջ:
Համանախագահները և PRCIO-ն իրենց երախտագիտությունն են հայտնում միջազգային կազմակերպությունների ղեկավարների, այդ թվում ՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպական միության ակտիվ մասնակցության համար, որոնց կոչերը՝ խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և վերսկսել երկխոսությունը համանախագահների հովանու ներքո, համընկել են համանախագահների ինտենսիվ միջնորդական ջանքերի հետ և աջակցել նրանց: Մենք հատուկ նշում ենք այնպիսի միջամտությունների անկողմնակալությունը, որոնք կողմերին կոչ են անում կենտրոնանալ լարվածության թուլացման վրա, այլ ոչ թե լարվածության վերջին սրման համար պատասխանատվությունը միմիանց վրա դնելը։ Համանախագահները ողջունում են աճող միջազգային կոնսենսուսը, որը կոչ է անում ապաԷսկալացման եւ բարի կամքի ոգով բանակցություններին արագ վերադառնալու՝ առանց որեւէ պայմանների:
Համանախագահները վերահաստատում են, որ 2019 թվականի մարտի 9-ի իրենց հայտարարության մեջ շարադրված սկզբունքներն ու տարրերը շարունակում են հիմք հանդիսանալ նրանց միջնորդական ջանքերի համար։ Համանախագահները պատրաստ են ցանկացած ժամանակ հանդիպել առաջնորդների կամ նրանց կողմից նշանակված անձանց հետ։ Համանախագահները նաև ընդգծում են, որ ԵԱՀԿ դիտորդները պետք է հնարավորինս շուտ վերադառնան տարածաշրջան»,- նշվում է հայտարարության մեջ:
Այսպիսով, ՄԽ-ն շեշտ է դնում երեք կարեւոր հանգամանքի վրա։
1․ Իրենք ունեն լիակատար միջազգային կանցենսում՝ ինչպես ՄԽ ձեւաչափը պահպանելու, այնպես էլ՝ ՄԽ-ի բանակցային օրակարգն առաջ տանելու հարցում։
2․ Բանակցային օրակարգը մնում է նույնը՝ «2019 թվականի մարտի 9-ի ՄԽ-ի հայտարարության մեջ շարադրված սկզբունքներն ու տարրերը»։ Խոսքը, հիշեցնենք, 3 սկզբունքներից եւ 6 տարրերից բաղկացած փաստաթղթի մասին է։ Ավելին, ՄԽ-ն ակնարկում է, որ իրենց ունեցած հիշատակված կոնցենսուսը հնաարվորություն տալիս է՝ Ադրբեջանից եւ Հայաստանից պահանջել՝ չշեղվել նշված բանակցային օրակարգից։
3․ ՄԽ-ն նաեւ պնդում է, որ «լուրջ առարկայական բանակցություններ», որը, ըստ էության, նշանակում է բանակցություններ՝ փաստաթուղթ ստորագրելու համար, չի կարող այլեւս հետաձգվել, պետք է առավելագույնս արագացնել։
Այսպես նաեւ հիշեցնենք, որ օրերս ՌԴ ԱԳ նախարար Լավրովը ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններին էր փոխանցել, ըստ ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի․ «Իր տեսլականը, Ռուսաստանի ցանկությունը՝ ունենալ երկարաժամկետ, խաղաղ, կայուն իրավիճակ Հարավային Կովկասում՝ առանց բաժանարար գծերի»: Նկատենք՝ ոչ թե ԱԳ նախարարների, այլ՝ դեսպաանների միջոցով նման ուղերձներ փոխանցելը համարվում է ամենաչոր, ընդգծված պաշտոնական տարբերակը, ինչը սովորաբար արվում է, երբ պետք է ոչ թե ինչ-որ հարցեր քննարկել, այլ կոնկրետ առաջարկներ, ավելի ճիշտ՝ պահանջներ փոխանցել: Եվ այն, որ ՄԽ-ն գրեթե անմիջապես հանդես եկավ նման հայտարարությամբ, նախ ցույց է տալիս, թե որն է Լավրովի այդ «տեսլականը եւ ՌԴ-ի ցանկությունը»։ Նաեւ, որ դա ոչ միայն «Ռուսաստանի ցանկությունն» է, այլ նաեւ մյուս երկու համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի։ Թեեւ սա արդեն կարելի է ընկալել ոչ թե ցանկություն, այլ՝ վերջնագրային պահանջ։
Ս․Աբրամյան

