Հայ-ադրբեջանական ուղղությունը մնում է Մոսկվայի համար ամենաթեժ թեմաներից մեկը
Արխիվ 16-20Ինչպես այսօր հայտնի դարձավ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) մշտական անդամների հետ քննարկել է Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանային իրադրությունը։ Գաղտնիք չէ, որ ԱԽ օրակարգում ներառվում են պետության համար կարեւորագույն հարցերը, ինչը հուշում է, թե տավուշյան բախումների թեմային ինչ մեծ կարեւորություն է տրվում Մոսկվայում։
Եվ կարծես շատ ավելի մեծ նշանակութմուն, քան կարելի է պատկերացնել։ Հիշեցնենք, որ սա տավուշյան բախումներին նվիրված ՌԴ ԱԽ միակ նիստը չէ․ եւս մեկ նման քննարկում էր տեղի ունեցել հուլիսի 17-ին։ Եվ, իհարկե, պատահականություն չէր, որ հենց այդ օրը ՌԴ հարավային ռազմական օկրուգը սկսեց չպլանավորված մասշտաբային զորավար-ություններ՝ ամենաարդիական զինատեսակների կիրառմամբ։ Ընդ որում, հուլիսի 17-ի ԱԽ նիստի եւ զորավարժությունների իմաստը կարելի էր հասկանալ․ սահմանային բախումները շարունակվում էին, այսինքն՝ դիվանագիտական մեթոդներով այն կանխել չհաջողվեց։ Բացի այդ, Թուրքիան բացահայտ սպառնում էր Ադրբեջանին ռազմական օժանդակություն ցուցաբերելու մասին, որոշ տվյալներով Նախիջեւանում ադրբեջանական բանակի անվան տակ գտնվող թուրքական ուժերը բերված էին բարձր մարտական պատրաստվածության վիճակի։ Այս իրավիճակում ինչպես ՌԴ ԱԽ նիստը, այնպես էլ՝ զորավարժություններն անհրաժեշտ էին մեծ պատերազմի ուղղությամբ իրավիճակի հետագա զարգացումը կանխելու համար։
Բայց ահա ներկայումս գոնե տեսանելի մասով տավուշյան իրավիճակը անհամեմատ ավելի հանդարտ է, մասշտաբային բախումներ չկան։ Անկարան նույնպես դադարեցրել է ռազմական հռետորաբանությունը։ Այնուամենայնիվ, երբ այս իրավիճակում ՌԴ ԱԽ-ն կրկին քննության է առնում հայ-ադրբեջանական բախումների թեման․ դա պարզ ակնարկ է այն մասին, որ տավուշյան բախումների էջը դեռ վաղ է փակված համարել։ Նախ, ինչքան էլ ռազմական առումով հանդարտեցում կա, սակայն սա հարաբերական վիճակ է, քանի որ հանգուցալուծումը կլինի այն ժամանակ, երբ իրավիճակը ռազմականից կտեղափոխվի դիվանագիտական հարթություն։ Հաջորդը, այս օրերին աշխարհով մեկ նկատվում են հայ-ադրբեջանական <միտինգային բախումներ>, որոնց տակ զգացվում է նաեւ կազմակերպչական հետք։ Իսկ դա նշանակում է, որ կան ուժեր, որոնք փորձում են բոլոր միջոցներով սրել լարվածությունը՝ թերեւս ձգտելով հասնել սահմանային թեժ բախումների վերսկսմանը։ Իսկ ՌԴ ԱԽ նիստը պարզապես եկավ հուշելու, որ Մոսկվան այս ամբողջական իրավիճակը դեռ գնահատում է խիստ վտանգավոր։ Վերջապես հիշեցնենք, որ օրերս ՌԴ ԱԳ նախարար Լավրովը ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններին էր փոխանցել, ըստ ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի․ «Իր տեսլականը, Ռուսաստանի ցանկությունը՝ ունենալ երկարաժամկետ, խաղաղ, կայուն իրավիճակ Հարավային Կովկասում՝ առանց բաժանարար գծերի»: Նկատենք՝ ոչ թե ԱԳ նախարարների, այլ՝ դեսպաանների միջոցով նման ուղերձներ փոխանցելը համարվում է ամենաչոր, ընդգծված պաշտոնական տարբերակը, ինչը սովորաբար արվում է, երբ պետք է ոչ թե ինչ-որ հարցեր քննարկել, այլ կոնկրետ առաջարկներ փոխանցել: Իսկ առաջարկը նաեւ ենթադրում է պատասխան (դրա բացակայությունը եւս պատասխան է), որը նույնպես կարող է ՌԴ ԱԽ-ի քննարկման թեմա լինել։ Ամեն դեպքում, կարող ենք առնվազն ֆիքսել, որ հայ-ադրբեջանական ուղղությունը մնում է Մոսկվայի համար ամենաթեժ թեմաներից մեկը։
Ս․Աբրամյան

