Ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը տոնում է ծննդյան տարեդարձը
Արխիվ 16-20Այսօր` հուլիսի 24-ին, իր ծննդյան 35-րդ տարեդարձն է նշում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը։
Iravunk.com-ը շնորհավորում է ֆուտբոլիստին ծննդյան տարեդարձի կապակցությամբ և օրվա առթիվ ներկայացնում պաշտպանի մասին որոշ փաստեր, որոնց մասին շատերը գուցե և չգիտեն։ Ռոբերտ Արզումանյանը 7 տարեկանում երեք ամիս հաճախել է կարատեի։ Ինչպես մարզիկն է նշում, մինչ ինքն էր ծեծում գնում էր, երբ սկսեցին իրեն ծեծել` այլևս չգնաց։
Ֆուտբոլիստն առաջին քայլերը սկսել է կիսապաշտպանական գծում, ապա լավ խաղ ցուցադրելու շնորհիվ տեղափոխվել է պաշտպանություն և մնացել այնտեղ։ Ֆուտբոլով լուրջ սկսել է զբաղվել 16 տարեկանից, քանի որ երբ դասերին այն խանգարել է , պարզապես չի հաճախել պարապմունքներին։ Ավարտել է տնտեսագիտական համալսարանը, սակայն կարծես թե մասնագիտությամբ աշխատելու ժամանակն այդպես էլ չի եկել։

Սիրելի եվրոպական ակումբը «Բարսելոնան» է, ֆուտբոլիստը` Լիոնել Մեսսին, սակայն ինչպես Ռոբերտն է նշում, ինչպես ամենուր, ֆուտբոլում ևս անփոխարինելի մարդիկ չկան։ Ռոբերտ Արզումանյանը ֆուտբոլային կարիերան ավարտել է 2018 թվականին և աշխատանքի անցել հարազատ ակումբի` Երևանի «Փյունիկի» մարզչական շտաբում, որտեղից էլ վերջերս է հեռացել։
Այժմ նախկին ֆուտբոլիստը գլխավորում է «Ուրարտու» ակումբի երկրորդ թիմը։
Լիանա Հարությունյան

