«ՈՒԹ ՕՐ ԷՐ ՄՆԱՑԵԼ ԶՈՐԱՑՐՎԵԼՈՒՆ, ՉԵՔ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ` ՈՆՑ ԷԻ ՀԱՇՎՈՒՄ, ՈՆՑ ԷԻ ՍՊԱՍՈՒՄ»
Արխիվ 16-20Տավուշի մարտերի ժամանակ մեր զոհված հերոսներից էր կրտսեր սերժանտ, 19-ամյա Գրիշա Մաթեւոսյանը: Գրիշան Սյունիքից էր՝ Սիսիանից, 20 տարեկան, պատրաստվում էր զորացրվել: Նրա հայրը՝ Վահանը, անհատ ձեռներեց է, մայրը՝ Արմինեն, տեղի դպրոցներից մեկում անգլերենի ուսուցչուհի: Գրիշան 18-ամյա եղբայր ունի, որը շուտով կզորակոչվի բանակ: Գրիշային անվանակոչել են պապի պատվին, որը նույնպես նրանց հետ է ապրում: Ի՞նչ նպատակներ ուներ հերոսը, ինչպե՞ս է վերջին անգամ ոգեշնչել մայրիկին, մեզ հետ զրույցում պատմեց որդեկորույս մայրը` տիկին ԱՐՄԻՆԵՆ, ով ողջ զրույցի ընթացքում արցունքները խեղդելով, բայց մեծ հպարտութամբ պատմում էր որդու մասին.
- Ութ օր էր մնացել, որ իմ ուրախությունը գա հասնի մեզ, ժամերն էի հաշվում, թե երբ է ութ օրը լրանալու: Դեպքից մի քանի օր առաջ մի տեսակ ներքին տխություն էր պատել հոգիս, վատ կանխազգացում ունեի: Բառերով չեմ կարող բացատրել, թե ինչ էի զգում, բայց զգում էի, որ Գրիշիս հետ մի բան էն չի: Հատկապես վերջին օրերին: Օրը մի քանի անգամ զանգում էի, միշտ ուրախ ձայնով պատասխանում էր... որ մի հատ «մեր ջան» էր ասում, աշխարհն իմն էր դառնում: Ես չգիտեմ ոնց եմ ապրելու առանց իմ ուրախության, առանց իմ հպարտության, էն դատարկությունը, որ մենք ենք զգում, անգամ թշնամուս չեմ ցանկանա: Անբացատրելի, դաժան, մրմռացող ցավ է, որը հավետ բույն դրեց սրտումս...
- Ե՞րբ եք վերջին անգամ խոսել Գրիշայի հետ:
- Դեպքի օրը, աղջիկս, դեպքի օրը... Որ իմանայի վերջին անգամ եմ բալիս ձայնը լսում, հեռախոսը չէի անջատի:
- Գիտեի՞ք, որ իրավիճակը լարված է սահմանին:
- Այո, հարցրի՝ ոնց եք, տղես, ոնց է տրամադրություններդ: Ինչպես միշտ ուրախ, խրոխտ ձայնով պատասխանեց. «Մամ ջան, հարցեր մի տվեք, սաղ լավ է. թուրքն ինչ թուլա է, որ կարա ինձ խփի»: Հարցրի` ոնց եք քնել գիշերը, ասեց` նորմալ, ի՞նչ է եղել, որ չքնեինք: Սապյոր էր Գրիշաս, էնքա՜ն գոհ էր ծառայությունից: Տղուս հետ խոսալուց մի քանի ժամ հետո քաղաքապետարանից եկան մեր տուն ու գուժեցին, որ Գրիշս էլ չկա, որ իմ տան ուրախությունը էլ չի շնչում, որ էս էլ չեմ լսելու Գրիշիս զրնգուն ծիծաղն ու հուսադրող խոսքերը, որ Գրիշս մեզ հավերժ լքեց... Էս ցավը շատ-շատ աննկարագրելի է, շատ անխիղճ ցավ ա բալես...
- Ի՞նչ նպատակներ, երազանքներ ուներ Գրիշան:
- Շատ ակտիվ, կյանքով լեցուն, անթերի զավակ էր Գրիշան, ընկերասեր էր ահավոր: Սիսիանի ֆուտբոլի թիմի ավագն էր: Տանը Գրիշիս չէինք տեսնում, ամբողջ օրը կա՛մ մարզվում էր, կա՛մ ընկերների հետ էր: Տնտեսագիտական համալսարանում էր սովորում, ասում էր՝ բանկում կաշխատեմ, մամ ջան: Ինձ խոստացել էր, որ ես միշտ պետք է ժպտամ, ասում էր. «Մամ ջան, դու մենակ ժպտա, ես քո ժպիտի համար ոչինչ չեմ խնայի...»: Բայց հուլիսի 14-ին Գրիշիս զոհվելուց հետո ժպիտն էլ «զոհվեց» իմ դեմքին, էլ չկա ինձ ժպիտ պարգեւողը, էլ չի լինելու...
- Ձեր միա՞կ զավակն էր Գրիշան:
- ՉԷ, իրենից երկու տարի փոքր եղբայր ունի, արդեն ուսանող: Բայց Գրիշիս տեղը ոչ մեկ չի լրացնի, էդ տեղը դատարկ ու սեւ կմնա այլեւս:
- Սիրած աղջիկ ունե՞ր, տիկին Արմինե:
- Ուներ: Որոշել էին համալսարանն ավարտելուց հետո կյանքները կապեն, բավականին լուրջ, շատ խելացի աղջիկ է: Մեր քաղաքից է, Գրիշս բերել-ծանոթացրել էր, նրա նման ուրախ աղջիկ է, բայց արդեն...
Ութ օր էր մնացել զորացրվելուն, չեք պատկերացնում՝ ոնց էի հաշվում, ոնց էի սպասում: Ախր էնքան ուրախ էր, էնքան ինքնաբավ, երբեք չի տրտնջացել, երբեք չի դժգոհել: Մենք չիմացանք, թե ոնց երկու տարին թռավ, միշտ մեզ դուխ էր տալիս: Ես հիմա, անկեղծ, շատ հպարտ եմ իմ տղայով, բայց ես նրանով ողջ ժամանակ էի ուզում հպարտանալ, ոչ էսպես: Ես իմ Գրիշային ողջ եմ ուզում, իմ հպարտությանը ողջ եմ ուզում, չեմ ուզում սառը գերեզմանաքարից Գրիշիս զգամ... էս դաժանությունը բառերով արտահայտել երբեք չեմ կարող...
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

