ԿԼԻՆԵ՞Ն ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԱՆՋԱՏՎԱԾ ՄԱՍՈՎ
Արխիվ 16-20Դեռ անցած տարեվերջին խոսակցություններ եղան, որ Հոկտեմբերի 27-ի անջատված մասով գործը վերադառնում է քննությանը: Անցած ամիսներին սակայն այդ մասին այլեւս գրեթե որեւէ տեղեկատվություն չկա: Բայց ահա ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավոր, 2000-2003 թվականներին ՌԴ կառավարությունում ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ ՏԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ պնդում է, որ գործով փաստացի քննություն կա, ավելին` որ ինքը ցուցմունք է տվել:
Ի դեպ, պարոն Սահակյանի այս պնդումն ուշագրավ է նաեւ նրանով, որ, ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց, դեռ այս գործի ակտիվ փուլում` այսինքն 2000-ին եւս, ինքը ցուցմունք տվել է: Սակայն պարոն Սահակյանի հաջորդ խոսքը պակաս զարմանահարույց չէր: Այն է՝ նա ցուցմունք տվել է, թեեւ հոկտեմբերի 27-ի հարձակման ժամանակ ԱԺ-ում չի եղել: Ավելին, այդ օրը նա անգամ Հայաստանում չի գտնվել: Սակայն այս ամենին գումարվեց եւս մեկ ոչ պակաս զարմանահրաշ միտք՝ թեեւ պարոն Սահակյանին հրավիրել են ցուցմունք տալու, տվել է ցուցմունքը, սակայն այն ընդհանուր գործից անհետացել է: Ուրեմն, ինչպե՞ս հասկանանք այս ամենը, փորձեցինք պարզել պարոն Սահակյանից:
- Երբ այն ժամանակ դատախազությունից զանգահարեցին՝ հրավիրելով ցուցմունք տալու, ես ինքս զարմացա: Ասացի, որ այդ օրը դահլիճում չեմ եղել, ի՞նչ կարող եմ պատմել: Պատասխանեցին՝ քանի որ դեպքը տեղի է ունեցել ԱԺ-ում, բոլոր պատգամավորները համարվում են տուժող, ես եւս այդ կարգավիճակում պետք է ցուցմունք տամ:
- Որտե՞ղ էիք հարձակման օրը՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին:
- Մոսկվայում էի: Ի դեպ, տոմս էի գնել, որ հոկտեմբերի 26-ին վերադառնամ Երեւան: Սակայն հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 27-ին ՌԴ Ատոմային էներգետիկայի նախարարի մոտ խորհրդակցություն է կայանալու, իսկ ես, քանի որ զբաղվում էի միջուկային վառելիքի հարցերով՝ Կարեն Դեմիրճյանի հանձնարարությամբ, մնացի այդ խորհրդակցությանը, որովհետեւ հայկական ատոմակայանի վառելիքի հարցով բարդ վիճակ էր: Այսինքն` ես ցուցմունք տալու հարցով շահագրգռվածություն չեմ ցուցաբերել, ինձ հրավիրել են: Բայց դրանում տրամաբանություն կար. միգուցե պատգամավորները, եթե անգամ այդ օրը դահլիճում չէին եղել, մինչ այդ էին ինչ-որ բան լսել կամ նկատել: Ինչեւէ, ներկայացա դատախազության քննիչին, նա սկսեց հարցեր տալ: Մասնավորապես` հարցին, թե ինչ կարող եմ ասել կազմակերպիչների կամ հնարավոր պատվիրատուների մասին, պատասխանեցի, որ ես ամբողջությամբ կիսում եմ ՌԴ նախագահի հայտարարությունն այն մասին, որ հատուկ սպանվել են պրոռուսական կողմնորոշում ունեցող անձինք: Նկատի ունեին նաեւ այն հանգամանքը, որ էներգետիկայի եւ մասնավորապես՝ ատոմակայանի հետ կապված հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին այն ծրագիրը, որ ես մինչ այդ էի առաջարկել, ամբողջությամբ պաշտպանում էր Կարեն Դեմիրճյանը, իսկ կառավարությունից աշխատում էի Շիրխանյանի հետ. ի պաշտոնե նա էր զբաղվում ատոմակայանի ուղղությամբ: Եվ սկսեցի փաստեր ներկայացնել: Ամենակարեւոր փաստերից մեկն այն էր, որին ի պաշտոնե տիրապետում էին, որ մինչ այդ Հայաստանից դուրս եկած ռեսուրսները, նկատի ունեմ էլեկտրաէներգիան, Վրաստանի միջոցով իրացվել էր Թուրքիայում, գումարները վերադարձել էին Հայաստան, եւ ոչ մի ցենտ ատոմակայանի պարտքերի մարմանը չէր ուղղվել: Ավելին` այդ գումարների հաշվին Հայաստանում ձեւավորվել էին մոտ 7 տասնյակ անօրինական խմբավորումներ՝ ատոմակայանի անվտանգ շահագործման անվան տակ. ըստ էության՝ գործակալական ցանց...
- Ու գործակալական ցա՞նցը:
- Ըստ էության, Թուրքիայի օգտին աշխատող: Այսինքն` այն ժամանակ էլ, հիմա էլ այն կարծիքին չեմ, որ այդ գումարները Հայաստանի համար են ծառայել: Մինչդեռ այդ գումարների, որոնց շուրջ եւս անձնական շահագրգռվածություն ունեի, քանի որ այդ հաշվին պետք է ի պաշտոնե մարեի ատոմակայանի մասով Հայաստանի՝ Ռուսաստանին ունեցած պարտքերը: Խոսքը մինչեւ հոկտեմբերի 27-ը Վրաստանին արտահանված 4.4 միլիոն դոլար հոսանքի մասին է: Այսինքն` կային գումարներ, որ հետ չէին եկել՝ այդ 4.4 միլիոնը, եւ կային գումարներ, որ հետ էին եկել եւ փոշացվել: Իսկ ես այդ ժամանակ իմ կոնցեռնի միջոցով պայմանագիր ունեի՝ մարել ատոմակայանի պարտքերը: Բացի այդ, մինչ հոկտեմբերի 27-ը Համաշխարհային բանկի պատվերով խնդիր էր դրված՝ փակել իր բանկը՝ «Էկոնոմինվեստբանկը»: Այն պատճառով, որ շրջանառության մեջ էի դրել հայկական սփյուռքի մասնակցությամբ «Այլընտրանք» տնտեսական ծրագիրը իրականացնելու առաջարկը, որը լիովին հակասում էր միջազգային ֆինանսական կառույցների, ըստ էության՝ Համաշխարհային բանկի քաղաքականությանը տարածաշրջանում: Այսինքն, եթե մինչ այդ ղարաբաղյան կարգավորման հարցի տակ Լեւոն Տեր-Պետրոսյանը դնում էր այն հիմնավորումը, թե հակամարտությունը խանգարում է Հայաստանի զարգացմանը, ապա իր առաջարկած ծրագիրը, որը, ի դեպ, հատուկ չէր արված, հակասում էր այդ հիմնավորումներին: Այսինքն` այդ ամենը Արցախի եւ հոկտեմբերի 27-ի հետ, ըստ իս, անմիջական առնչություն ունի:
- Այսինքն` հոկտոմբերի 27-ը կապում եք Արցախի հետ:
- Տեսեք, ըստ նշված տնտեսական ծրագրի ուսումնասիրությունների, թեեւ 1994-95թթ. Հայաստանը, 38 տոկոսից ավելի ՀՆԱ ունենալով տարածաշրջանում, ե՛ւ Վրաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ նույն պայմաններով մտնելով համաշխարհային ֆինանսական կառույցների մատնանշած բարեփոխումների փուլ, ընդամենը 2 տարում կորցրել էր իր առավելությունները: Իսկ երկրորդ փուլի կանխատեսումներն այնպես էին ներկայացնում, որ 1998-2002թթ.-ին այդ հետընթացը պետք է շարունակվի, իսկ Ադրբեջանը մասնավորապես նավթի եւ գազի հաշվին զարգանա: Ամենածանր ժամանակաշրջանը նախատեսվում էր 2014-2016թթ. (չմոռանանք ապրիլյան պատերազմը), այսինքն, որ Ադրբեջանն այնքան է հզոանալու, որ կարողանա լուծել Արցախի հարցը:
- Դա համարում ենք ՀԲ-ի գլխավորած արեւմտյան ծրագի՞ր:
- Ես համարում եմ եւ իմ ցուցմունքներում էլ նշել եմ, որպեսզի պարզ լինի, թե դա միջազգային ֆինանսական կազմակերպությունների հատո՞ւկ քաղաքականությունն է, պետք է 1998թ.-ի այդ փաստաթուղթը համեմատել, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակի» առաջարկի հետ: Ի վերջո չմոռանանք, որ ադրբեջանական նավթը գնում է Իսրայել, կան նաեւ Իրանի կազմաքանդման ծրագրեր... Այստեղ մի մեծ գաղտնիք չկա, ամեն ինչ շատ պարզ է: Իսկ ահա Հայաստանում տարիներ շարունակ հակառուսական տրամադրություններ բորբոքողները, մասնավորապես, թե Ադրբեջանին զենք են տալիս, ինչո՞ւ այդպես էլ չեն ուզում խոսել Իսրայելի տված զենքի մասին:
- Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, ո՞րն էր այդ ամենի եւ հոկտեմբերի 27-ի կապը:
- Ես կարող եմ այդ հարցին պատասխանել: Բայց քանի որ իմ նկատմամբ եղել եւ պահպանվում են շատ լուրջ ճնշումներ, թույլ տվեք ասեմ միայն այն, ինչ ստորագրել եմ, ասել եմ` ինչի համար կարող եմ գլխով պատասխան տալ:
- Նկատի ունենք, որ նորից հոկտեմբերի 27-ի հետ կապված վերջերս ցուցմո՞ւնք եք տվել:
- Անջատված մասը անցած տարվա վերջերին բացվել է, եւ ես հարցաքննվել եմ: Ներկայացրել եմ փաստեր, որ տուժող ճանաչեն, սակայն իմ դատավարական կարգավիճակը մինչ այժմ էլ պարզ չէ:
- Այսինքն` նույն ցուցմո՞ւնքն եք տվել, ինչ 2000թ.-ին:
- Ներկայացրել եմ, թե 2000թ.-ին ինչ ցուցմունք եմ տվել: Նաեւ, թե դրանից, ավելի ճիշտ՝ անջատված մասով գործը 2004թ.-ին կարճելուց հետո` 2005թ.-ին իմ նկատմամբ ինչ գործ է հարուցվել, ինչու, եւ դրան հաջորդած՝ իմ դեմ մի շարք այլ գործողությունների մասին: Այսինքն, որ եթե 2000թ.-ի իմ ցուցմունքը արձանագրվեր, ինձ դատարան հրավիրեին, արդյո՞ք այդ ամենը տեղի կունենար:
- Այսինքն` 2000թ.-ի Ձեր ցուցմունքները քր. գործից անհետացե՞լ են: Գործը վարում էր Ջհանգիրյանը: Նա իմացե՞լ է:
- Մինչեւ Հրաչյա հարությունյանի (Կրակեմ Հրաչ) հետ առերեսում չլինի, ես որեւէ մեկին կասկածել, թե՝ տեղյակ է եղել իմ հարցաքննությունից, չեմ կարող պնդել: Միայն այդ առերեսումից հետո կպարզվի: Ազգային անվտանգությանը ես այդ մասին հաղորդում եմ ներկայացրել, սակայն այդ առերեսումն այդպես էլ չի կազմակերպվել: Երկրորդը: Չէ՞ որ այդ՝ 2000թ. իմ հարցաքննության ժամանակ Գլխավոր դատախազը Բորիս Նազարյանն էր: Եվ կան շատ հարցեր, որոնք օբյեկտիվ քննության դեպքում շատ հնարավոր է, որ տրվեն նրան:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

