Եկեղեցի-պետություն աշխատանքային խմբի նվաստացուցիչ օրակարգի դառը պտուղները
Արխիվ 16-20Դեռեւս 2019-ի հունվարի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ստեղծվեց աշխատանքային խումբ` ՀՀ եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով: Հաստատվեց աշխատանքային անհատական կազմ, որի անդամներից շատերն, ի դեպ, այսօր նույնիսկ կառավարության կազմում էլ չեն, օրինակ, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը:
Ինչեւէ, առաջին ու վերջին անգամ մայիսի 3-ին կայացավ վերոնշյալ խմբի հանդիպումը: Մինչդեռ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը խոստանում էր, թե նման հանդիպումների կարիքը եւ անհրաժեշտությունը կա, գուցե ավելի հաճախ, քան տեղի է ունենում: Նա նկատել էր, որ ընդհանուր առմամբ պետություն-եկեղեցի հարաբերությունների հետ կապված քննարկումները շատ կարեւոր են, առավել եւս նոր իրավիճակում ու նոր պայմաններում, որ այսօր կա Հանրապետությունում: Արդյունքում օրվա իշխանության կողմից այդ քննարկումներն այնքան «կարեւորվեցին», որ դրանց բացակայության պայմաններում ԿԳՄՍ նախարարության թեթեւ ձեռքով նոր կրթական չափորոշիչներից դուրս մնաց «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: Սակայն, նորությո՞ւն էր սա, իհարկե` ոչ, որովհետեւ պետական գերատեսչությունների եւ եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությամբ` տեղի ունեցած միակ նիստի ժամանակ արդեն հայտնի էր նպատակը: Քննարկվող հարցերի շարքում էին հանրակրթական դպրոցներում «Հայ եկեղեցու պատմության», որպես պարտադիր առարկայի կրթակարգից դուրս բերումը, եկեղեցու գործունեության հարկումը եւ այլ հարցեր: Բայց այն ժամանակ եկեղեցին հույս ուներ, թե ձեռք բերված փոխհամաձայնությամբ ձեւավորած առանձին ենթահանձնախմբերը, որոնք քննարկումներ կկազմակերպեն ամենազանազան խնդիրների շուրջ, այդ թվում` վերոնշյալ հարցերի, կկարողանան հասնել հուսադրող արդյունքի, ինչի համար շուրջ մեկ տարի լռեցին հոգեւորականները` փորձելով երկխոսության եզրեր գտնել իշխանավորների հետ: Մինչդեռ, «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, ընդամենը մի քանի ենթահանձնախմբեր են հանդիպումներ ունեցել: Մասնավորապես` կրթական ենթահանձնախումբը, որը գլխավոր է Արեւիկ Անափիոսյանը, ընդամենը մեկ անգամ է հանդիպում ունեցել եկեղեցու աշխատանքային խմբի հետ: Ընդ որում, ըստ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների, այդ ժամանակ ուղիղ տեքստով մի քանի անգամ ասվել է, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դուրս չի բերվելու դպրոցից: Այսպիսով` փափուկ բարձ են դրել հոգեւորականների գլխի տակ, ապա աշխատանքից ազատել Անափիոսյանին: Արդյունքում այսօր իշխանությունը մատնացույց է անում եկեղեցու այն վարքագիծը, թե ժամանակին համաձայնել են այդ օրակարգի հետ եւ նստել կլոր սեղանի շուրջ, իսկ այսօր հրաժարվում են: Ըստ էության, եկեղեցու համբերությունը իմքայլականները խառնել են թուլության եւ զիջումների հետ: Այսքանից հետո, թե ինչ կլինի հիմա, երբ իշխանության նպատակներն ակնհայտ են, իսկ եկեղեցու հույսերը նրանցից մարել են, ցույց կտա ժամանակը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

