ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀԱՅ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԵԿՆԵՐԸ ՇԱՐՔԸ
Արխիվ 16-20Հայաստանի ազգային գրադարանը այսօր իր ՖԲ էջում ներկայացրել է ՀԱՅ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԵԿՆԵՐԸ
նախաձեռնության շրջանակում այսօր ներկայացրել է ՀԱՅԵՐԵՆ ԱՌԱՋԻՆ ՏՊԱԳԻՐ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ:
Հայերեն առաջին Աստվածաշունչը տպագրվել է Ամստերդամում, Ոսկան Երևանցու ջանքերով: Տպագրությունը սկսվել է 1666 թ. մարտի 11-ին և ավարտվել է 1668 թ. հոկտեմբերի 13-ին: Տպագրության սկզբի և ավարտի ամսաթվի տվյալները վերցվել են տիտղոսաթերթից և հիշատակարանից: Աստվածաշունչը քառածալ է, մամուլանիշերը՝ հայատառ և արաբական թվանշաններով: Տիտղոսաթերթը զարդափակ է՝ էջախորագրերով և լուսանցանիշերով: Վերջում կա հիշատակարան:
Գրքում առկա են 160 փորագրապատկերներ, որոնց հեղինակը Քրիստոֆել վան Զիխեմն է, որն օգտագործել է նաև իր անվանատառերը: Փորագրապատկերները ստեղծելիս հիմք են ընդունվել Ռաֆայելի, Ալբրեխտ Դյուրերի, Հենգրիկ Գոլցիուսի և եվրոպական այլ նշանավոր վարպետների հայտնի նկարները:
Մեզ հայտնի են Ոսկանյան Աստվածաշնչի տպագրության երկու տարբերակներ: Առաջինը մեզ բոլորիս հայտնի տարբերակն է, իսկ երկրորդի մեջ Նոր Կտակարանը 26 էջով պակաս է: Այն ունի ոչ թե 834 այլ 808 էջ։ Բացակայում են «Աղօթք Մանասէի արքայի Յուդայի» և «Գիրք Եզրասայ չորրորդ» մասերը, որոնք մեզ հայտնի օրինակներում գտնվում են 719-744 էջերում։ Որոշ տարբերություններ կան նաև հիշատակարանում:
Ի տարբերություն մեզ ծանոթ ու հայտնի տարբերակի, որի տպագրական ծավալը շատ մեծ է եղել, երկրորդ տարբերակն ունեցել է սահմանափակ տպագրություն: Հայտնի է, որ երկրորդ տարբերակի մեկական օրինակ կա Երևանի, Էջմիածնի, Երուսաղեմի, Նոր Ջուղայի և Վենետիկի հայկական մատենադարաններում, ընդ որում` Երևանի, Էջմիածնի ու Նոր Ջուղայի օրինակները սկզբից կամ վերջից թերի են: Քիչ տպաքանակի պատճառներից մեկն այն էր, որ այն հույժ գաղտնի պայմաններում էր կատարվել, և օրինակներ են նվիրաբերվել միայն հատուկենտ երևելի անձանց ու Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական Աթոռներին: Կա նաև կապույտ թղթի վրա տպագրված Ոսկանյան Աստվածաշնչի քիչ տարածված մի հրատարակություն, որը բովանդակային առումով առաջին տարբերակի վերարտադրությունն է: Հայտնի է նման տպագրության 3 օրինակ. Մեկը պահվում է Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի գրադարանում, իսկ երկուսը՝ Մաշտոցյան մատենադարանում:
Հայաստանի ազգային գրադարանում պահպանվում է Աստվածաշնչի 12 օրինակ եւ ցուցադրված է գրատպության թանգարանում: Թվային տարբերակը հասանելի է «Հայ գիրք շտեմարանում»՝

