Կարեւոր է, որ մեր նախագծերը ընկալվեն մեր հայ գործընկերների կողմից,-Հայաստանում Բելառուսի դեսպան Ի․ Նազարուկ
Արխիվ 16-20«Իրավունք»-ը հյուրընկալել էր ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին, ով ամփոփեց իր աշխատանքի արդյունքները Հայաստանում իր` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Հարցին` ինչպես նա կգնահատի Հայաստանում անցկացրած ժամանակը, դեսպանը նշեց, որ հայկական կողմի հետ աշխատանքը դրական է ընթացել: «Մենք գտանք փոխըմբռնում շատ հարցերի շուրջ եւ հասանք լավ արդյունքների Բելառուսի եւ Հայաստանի փոխադարձ շահի համար»,- նշեց դեսպանը, սակայն ընդգծեց, որ փոխադարձ ներուժը տարբեր ուղղություններով լիովին չի օգտագործվում:
«Ես կցանկանայի, որ մեր համագործակցությունը հիմնված լինի ընդհանուր կայուն կոոպերատիվ նախագծերի վրա: Մենք պատրաստ ենք առաջարկել համագործակցության մեր տարբերակները: Բայց այստեղ կարեւոր է, որ մեր նախագծերը ընկալվեն մեր հայ գործընկերների կողմից»,- ասաց Նազարուկը:
Նա գոհունակությամբ հայտնեց, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից հայտարարված վերելակների փոխարինման այս տարվա մրցույթը շահել է բելառուսական հավակնորդ «Մագիլեվլիֆտմաշ» ՓԲԸ-ն:
«Մենք մատակարարելու եւ թարմացնելու ենք 500 միավոր, ինչը զգալի ծավալ է»,- նշեց դեսպանը: Ինչպես նաեւ հավելեց, որ նրանք պատրաստ են Երեւանում ստեղծել լիֆտերի արտադրման համատեղ ձեռնարկություն, եթե լինի հայկական կողմի հետաքրքրվածությունը:
Ինչպես նաեւ պատրաստ են դիտարկել ուղեւորատար ավտոբուսաների համատեղ արտադրության տարբերակը:
Պատասխանելով ներքաղաքական լարվածության մասին հարցին` կապված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, Նազարուկը նշեց, որ դիվանագետի աշխատանքը արգելում է միջամտել կամ մեկնաբանել երկրի ներքին գործերը:
«Կան իրավասու մարմիններ, որոնք պետք է զբաղվեն բացառապես իրենց գործերով եւ չխառնվեն քաղաքականությանը: Այստեղ շատ կարեւոր է ցուցաբերել խոհեմություն եւ զսպվածություն»,- ընդգծեց դեսպանը:
Խոսելով հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին, դեսպանը կողմերին կոչ արեց փոխել ռազմատենչ հռետորաբանությունը եվ լռեցնել թնդանոթները: «Անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ կողմերի հաշտեցման հարցը լուծել շարունակական դիվանագիտական ռեժիմով: Հեշտ չէ, երբ բոլորը բորբոքված են, բայց 21-րդ դարը մեր ժողովուրդներին ինչ-որ բան պետք է սովորեցնի: Մենք անընդհատ ապրում ենք ինչ-որ կոնֆլիկտի մեջ: Բայց իրականում մարդկային կյանքը գեղեցիկ է իր արարման մեջ, իսկ պատերազմը կործանիչ է»,-նշեց դեսպանը:
Նազարուկը կիսվեց, որ հեռանալով Հայաստանից, նա կկարոտի մարդկային ջերմությունը:
«Հայերը շատ բարի մարդիկ են, հյուրընկալ: Մի ժողովուրդ, որը չարակամ չի դառնում` չնայած որ անցել է տառապանքների, Ցեղասպանության միջով, ունեցել է տարածքային զրկանքներ»,- ասաց Նազարուկը:
Նա ցանկություն հայտնեց, որ Հայաստանը դառնա տնտեսապես ուժեղ, որպեսզի հայ-բելառուսական հետագա փոխգործակցությունը երկկողմ ձեւաչափով կամ միջազգային հարթակներում ունենա իր դրական շարունակությունը՝ լինի դա առեւտրային, կոպերացիոն նախագծերի տեսքով կամ խորհրդարանական հարթությունում:
«Ամեն դեպքում ես բաց եմ համագործակցության, լավ առաջարկների համար՝ մեր կոնտակտները պահպանելու համար»,- ամփոփեց նա:
Զարուհի Բաբուխանյան

