ՈՐՈՆՔ ԷԻՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԹՈՒՅԼ ՏՎԱԾ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
Արխիվ 16-20Մինչ «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ը եւ որոշ գերատեսչություններ միմյանց շնորհավորանքներ են հղում եւ համարում, որ վերջին սահմանային լարվածության օրերին փայլուն են աշխատել, մեդիափորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ «Իրավունքը» փորձեց պարզել, թե որոնք են եղել այդ օրերին թույլ տրված բացթողումներն ու կիկսերը տեղեկատվական դաշտում:
- Պարոն Քոչարյան, թվում էր, թե հատկապես ապրիլյան պատերազմից հետո տեղեկատվական պատերազմում պետք է պատրաստ լինեինք, բայց «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի (հայտնի է, որպես ֆեյքերի ՊՈԱԿ) տնօրեն Հովհաննես Մովսիսյանը սահմանային լարվածության օրերին բացեիբաց հայտնում է, որ խումբ են ստեղծել, որին ով ինչով կարող է օգնել, թող գրեն, եւ այսքանն էլ բավարար չէ, նշել էր նաեւ կոորդինատորի անուն-ազգանունը: Սա ավելորդ տեղեկատվություն չէ՞ր, մի՞թե մինչեւ այդ պահը չունեինք անհրաժեշտ ռեսուրսներ:
– Խնդիրներ կան ոչ միայն այդ կառույցի հետ: 2018-ի ապրիլյան իշխանափոխությունից հետո` բավականին շատ մարդիկ, ովքեր չընդունեցին այդ «հեղափոխությունը», «հեղափոխական» արժեքները եւ «հեղափոխության» առաջնորդին, ուղղակի հեռացան տարբեր պետական կառույցներից: Մինչդեռ նրանք շատ մեծ մասնագիտական փորձ ունեին: Ի դեպ, մի մասը հեռացավ ավելի ուշ, երբ պետական քաղաքականությունը ոչ միայն այդ կառույցում, այլ նաեւ օժանդակող այլ կառույցներում փոխվեց եւ, այսպես ասած, հակաադրբեջանական քարոզչությունն իսպառ բացառվեց: Իսկ դրա փոխարեն` այդ կառույցը եւ այլ օժանդակ կառույցները ներգրավվեցին ներքին ընդդիմադիրների դեմ պայքարին: Այսինքն` հակահայկական քարոզչության դեմ պայքարող կառույցում հիմա բավականին մեծ զանգված նոր աշխատողներ կան, եւ նրանց գործն է «ներքին թշնամիների» դեմ պայքարը: Ասեմ, որ այն մասնագիտական կադրերը, որոնք դեռ մնացել էին, վատ կադրեր չէին, որովհետեւ փորձ ունեին: Երբ կադրերի առջեւ կոնկրետ ֆունկցիա դրված չէ, սկսում են ճահճանալ, այսինքն` եթե դու անընդհատ չես պայքարում, ժանգոտում ես, բացի դրանից, կորում են որոշ կապեր, հմտություններ, որովհետեւ նախկին ՊՈԱԿ-ը շատ լավ գիտեր, թե, ենթադրենք, նույնիսկ ՊՈԱԿ-ի հետ կապ չունեցող մարդը ինչ կապեր ունի լրատվականների հետ ՌԴ-ում, Ուկրաինայում, Ֆրանսիայում եւ այլն ու պետք եղած ժամանակ կարողանում էին ներգրավել այդ մարդկանց, որպեսզի իրենք իրենց անձնական կապերով կարողանան որոշ հարցեր լուծել: Ներկա պահին բավականին մեծ բազա կորած է կամ նոր պետք է վերականգնվի, եւ նոր կապեր ձեռք բերվեն, ինչը խնդիրներ է առաջացնում:
– Ինչո՞ւ իշխանական ֆեյքերին (սոցցանցային կեղծ օգտատերերին) չուղղորդեցին արտաքին թշնամու դեմ պայքարին, այլ անգամ սահմանային այդ լարված օրերին նրանք շարունակում էին քննադատել հայրենի ընդդիմությանը:
– Դաստիարակությունս եւ պատասխանատվության զգացումս թույլ չի տալիս իրենց սխալները հանրայնորեն իրենց աչքը մտցնել, որովհետեւ շատ կիկսեր արեցին: Հետագայում արդեն ինչ-որ ձեւով կփոխանցվի իրենց կատարած սխալները, բայց, իսկապես, հարց է առաջանում` այդ բազմահազար ֆեյքերի ֆաբրիկաները, որոնք կային, ինչո՞ւ չուղարկվեց միջազգային տիրույթ: Ֆեյսբուքյան քֆուրչիներին ուղարկեիք ադրբեջանցիների գրած մեկնաբանությունների, կայքերի գրառումների տակ, որոնք ադրբեջանական կարծիք էին իրենց մոտ տեղադրում: Մինչդեռ այդ օրերին ինչ-որ կեղծ տեսանյութ էին շրջանառում, թե իբրեւ «Քոչարյանը, Սարգսյանը եւ Մինասյանը ադրբեջանցիներին փող են տվել, որ հարձակվեն մեզ վրա»: Պատկերացրեք, թե ուր էր հասել մառազմի աստիճանը: Ընդ որում` այդ մարդկանց անուն-ազգանուններով, հասցեներով գիտենք, եւ դատախազությունն էլ շատ լավ գիտի, ԱԱԾ-ն էլ, բայց քանի որ սպասարկում են ներկայիս ռեժիմին, ձայն չեն հանում:

– Քանի որ անընդհատ փորձում են տեղի ունեցած սահմանային լարվածությունը համեմատել ապրիլյան պատերազմի հետ, հետաքրքիր է` ինչպե՞ս կբացատրեք այն, որ անգամ ապրիլյան պատերազմի ժամանակ լրագրողներն իրենց կյանքի համար անվտանգ հատվածներում որեւէ խնդիր չունեին` դեպքի վայրից լրատվություն հաղորդելու, մինչդեռ Տավուշում նրանց աշխատանքը հենց սկզբում փորձ արվեց խոչընդոտել:
– Չգիտեին ինչ անել, դրա համար էլ խնդիրներ առաջացան: Մինչեւ հին որոշ կադրերի, որոնք փորձ ունեին, բերեցին եւ իրավիճակը շտկվեց, հետո նոր տեղեկատվական կենտրոնը բացեցին եւ տեղեկատվության պարբերականություն սահմանեցին: Օրինակ` մի կայք տեղադրել էր տեղեկատվություն, թե հայկական զորամասում ռազմավարական օբյեկտ է վնասվել, եւ վայնասուն բարձրացավ, անպատվեցին այդ լրատվամիջոցին, լրատվամիջոցի ղեկավարին, որը բարեկամական կապի մեջ է գտնվում ԱԺ փոխնախագահներից մեկի հետ: Այդքանից հետո` այդ կայքը սկզբունքորեն չի հանել այդ նյութը, իսկ առաջ շատ հեշտ լեզու կգտնեին, մարդավարի կհամոզեին: Ոչ թե կգոռային` դավաճան, այլ ուղղակի կտեսնեին` ով է, ինչու է գրել, տուն կգնային զրուցելու, մարդկային ձեւով բացատրելու: Որովհետեւ լրագրողներ կան, որոնց համար սկզբունքային է, որ այսինչ տեղեկատվությունը պետք է լինի, բայց յուրաքանչյուրի հետ հնարավոր է լեզու գտնել եւ ասել` հիմա մի հրապարակիր, հետո` կհրապարակես: Բայց նեղացրին, դարձրին համաշխարհային խնդիր ու այդ լրատվամիջոցին դարձրին իրենց թշնամի: Մինչեւ այդ տեղեկատվական կենտրոնի ստեղծվելը անընդհատ այդպիսի խնդիրներ եղան: Իսկ 2016 թվականի ապրիլին նման խնդիր չկար, որովհետեւ 2015-ին տեղի էին ունեցել «Շանթ» զորավարժանքները եւ շատ լրատվամիջոցների հետ աշխատանք էր տարվել, թե պատերազմի ժամամակ կոնկրետ ով է այդ լրատվամիջոցից ներկայանալու ռազմական գործողությունները լուսաբանելու եւ իրենց հետ առանձին թրեյնինգներ էր կազմակերպվել: Երբ ապրիլյան պատերազմը սկսվեց, այդ մարդիկ արդեն գիտեին` որտեղ են գնալու, ում են դիմելու, եւ ՀՀ-ում ու Արցախում տեղեկատվական շտաբերը միանգամից ստեղծվեցին, լրագրողներին ինչ որ պետք էր, բաժանվեց, արտասահմանցի լրագրողներին պատասխանատուներ նշանակվեցին, թե ով պետք է ընդուներ, ում պետք է թողնեին ներս, ում` ոչ, ում ինչ ինֆորմացիա տրամադրեին: Այսինքն` ամեն ինչ պատրաստ էր, հիմա այդ ամենը փաստացի չկար, եւ կիկսեր եղան ոչ միայն իշխանությունների կողմից, այլ նաեւ լրագրողների: Օրինակ` լրագրող կար, որ գնացել էր գյուղերից մեկում ուղիղ եթեր մտել, եւ մեջքի հետեւում զինվորականների ու գյուղապետի խոսակցություններ էին լսվում, որը բոլորովին պարտադիր չէր, որ ադրբեջանցիները լսեին: Սա, իհարկե, փորձի պակասից է գալիս, եթե այդ լրագրողը փորձված լիներ, անցներ համապատասխան թրեյնինգներով, ապա հաստատ կանջատեր այդ ուղիղ եթերը: Ու սա առիթ դարձավ, որպեսզի այդ միջադեպը իշխանություններն օգտագործեն, թե ընդհանրապես ոչ մեկի պետք չէ թողնել, որպեսզի լուսաբանեն: Սա էլ է շատ սխալ, եթե դու քո լրագրողին չես թողնում լուսաբանել, ուրեմն` ազգաբնակչությունն ադրբեջանական աղբյուրներից է փորձելու տեղեկատվություն գտնել: Այնպես որ, լրագրողներին պատժելու մտադրությունը շատ սխալ էր: Դրա փոխարեն` պետք է կարողանալ աշխատել լրագրողների հետ, նույնիսկ` ընդդիմադիր, որովհետու այսօրվա ընդդիմադիր լրագրողը նույնպես սիրում է իր պետությունը եւ հարգում է իր բանակը:
– Ի տարբերություն ապրիլյան պատերազմի, որոշ գյուղապետեր ու քաղաքապետեր Պաշտպանության նախարարությանը զուգահեռ տեղեկատվություն էին տալիս ռազմական գործողությունների վերաբերյալ, թե ինչ է կատարվել, որտեղ են կրակել, ով է կրակել եւ այլն: Ի՞նչ կասեք այս մասին:
– Սա շատ սխալ էր, պատկերացրեք, եթե ամեն մեկը սկսի իր ինտերպրիտացիայով ռազմական ինֆորմացիա տալ, սա նշանակում է, որ Գլխավոր շտաբը, Պաշտպանության նախարարությունն էլ բան չունեն: Եվ քանի որ եղավ նաեւ արձագանք մեդիադաշտի, ցանցի մասնագետների կողմից, այդ հարցն էլ փակվեց:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

