ՀՊՏՀ-ՈՒՄ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Արխիվ 16-20Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Չնայած նրան, որ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր է ճանաչել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, ՀԱԿ կարկառուն ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանի դստեր` ԴԻԱՆԱ ԳԱԼՈՅԱՆԻ` տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը, բայց սա չխանգարեց վերջինիս, որ նա ընտրվի ռեկտորի պաշտոնում: «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի անցկացման համար ՀՊՏՀ-ում հրավիրված խորհուրդը փակ, գաղտնի քվեարկությամբ` 22 կողմ ձայներով Դ. Գալոյանին հաստատեց այդ պաշտոնում: Սակայն այս ամենը դեռ կունենա շարունակություն: ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ խոստանում է ՀՊՏՀ-ում կատարված ապօրինությունները` փաստաթղթավորված, հիմնավորված եւ ապացուցված, այսօր կամ վաղը ներկայացնել Քննչական կոմիտե եւ դատախազություն:
– Կարծում եմ` իշխանությունը պատասխանատվության կենթարկի բոլոր մեղավորներին: Ես պայքարում եմ, որպեսզի մեր երկրի համար կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում չլինի ամենաթողություն, որովհետեւ սա ազգային անվտանգության խնդիր է: Մարդիկ վերջնականապես պետք է գիտակցեն, հասկանան եւ լրջանան, որ կրթության ոլորտում չպետք է իներցիոն, ինքնահոսի փոփոխություններ լինեն եւ հովանավորչական մեխանիզմներով որոշակի խնդիրներ լուծեն: Իմ պայքարը սրա հետ է: Ինչ վերաբերում է ռեկտոր դառնալուն կամ չդառնալուն, երբ այս խնդիրները լուծվեն` ես կորոշեմ` կախված ուսանողների արձագանքից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

