«ԱՅՆՊԵՍ ՍՏԱՑՎԵՑ, ՈՐ ՄԱՐՏԻ 8-ԻՆ` ԱՅՍ ՍԵԶՈՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՂԱՎ»
Արխիվ 16-20Պանդեմիան մարդկանց ստիպեց վերանայել ապրած կյանքը: Այս տխուր օրերին, երբ բոլորս զրկված ենք մաքուր օդ շնչելուց, մարդկային ջերմ շփումներից, ուրիշ աչքով ենք նայում եւ արժեւորում ամեն ինչ: Փակ են մշակութային օջախները, որոնք մարդուն հոգեւոր սնունդ են տալիս: Ինչպե՞ս է ընթանում կյանքը Կ.Ս.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում պանդեմիայի ժամանակաշրջանում, եւ առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեն, իմացանք թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի հետ ունեցած զրույցից:
- Մինչ կորոնավիրուսը տարին ո՞նց սկսեցիք:
– 2020 թվականը գեղեցիկ թիվ էր: Շատ ոգեւորված էինք այդ թվով` քսան-քսան, մտածում էինք «գոլդ» թիվ է, նշանակում է լավ տարի է լինելու: Մեր գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը բեմադրեց «Քաջ Նազարը»: Եվ փետրվարի վերջին խաղացինք ու հանձնեցինք պրեմիերան` լիքը դահլիճով: Ամեն ինչ լավ էր: Կարծես կյանքն առաջ էր գնում շատ ծրագրերով: Բայց այնպես ստացվեց, որ մարտի 8-ին` այս սեզոնի ընթացքում, մեր վերջին ներկայացումը եղավ: Եվ սկսվեց այն, ինչ որ սկսվեց... այս անհասկանալի իրավիճակը: Վերջերս սիրում եմ ասել` կանխատեսելին այն է, որ ամեն ինչ անկանխատեսելի չի լինում: Ամեն ինչ փոփոխական է: Նոր իրականություն, որ երբեւիցե չի եղել, որ աշխարհով մեկ միաժամանակ այդ տեսակ սարսափելի իրավիճակ լինի, որ բոլորս փակված լինենք տներում, դիմակներով, չգրկվենք, իրար ձեռքով չբարեւենք: Սկսվեց նոր իրականություն: Իհարկե, այս ընթացքում մենք բոլորս փոխվեցինք: Փոխվեցինք ե՛ւ մենք, փոխվեց ե՛ւ հանդիսատեսը, իրականությունը, որի մեջ ապրում ենք, եւ բնականաբար, որոշ ձեւով` համենայնդեպս առայժմ վերափոխվում է, փոխվում է թատրոնը: Եվ իրոք բարդ է վերադառնալ այն իրականությանը, ինչ-որ կար: Կարծում եմ, շուտով որոշումը կլինի, եւ մենք կկարողանանք մեր թատրոնի փոքր բակում բացօթյա ներկայացումներ խաղալ, մոտավորապես հիսուն հոգի հանդիսատեսի համար: Բնականաբար, պահպանելով բոլոր նորմաները` ջերմաչափ, ալկոգել, դիմակ:
– Թատերական գործիչներով դիմել էիք նախարարություն` օգոստոսի 1-ին թատրոնների վերաբացման վերաբերյալ, ի՞նչ պատասխանեցին:
– Թատերական գործիչների միության ժողով էր, եւ բոլոր թատրոններն էլ դիմել էին: Այդ նամակն ուղղարկվել է: Արդեն կոնկրետ քայլեր արվել են: Հենց որ որոշումը լինի, մեր թատրոնը մեկը մյուսի հետեւից կունենա պրեմիերաներ: Մեր խաղացանկային որոշ ներկայացումներ կհարմարեցնենք այս նոր իրականությանը: Եվ, բնականաբար, մեր կոլեգաներին, որոնք առայժմ զրկված կլինեն փակ տարածքներում խաղալուց, կարող ենք տրամադրել մեր բակը բացօթյա ներկայացումների համար:
– Դերասանները փորձեր ունենո՞ւմ են:
– Հենց որ ստացանք թույլտվություն, միանգամից շատ ակտիվ սկսեցինք փորձերը: Երկու ներկայացումներն էլ փորձում էինք զումով` բացօթյա պայմաններում: Շուտով պետք է առաջին պրեմիերան լինի: Դա լեհ ժամանակակից դրամատուրգ Էլջբետի Խովանեցի «Գարդենիա» պիեսն է: Գարդենիան ծաղիկ է: Պիեսը բեմադրում է երիտասարդ հրավիրված բեմադրիչ` Գոռ Մարգարյանը: Հիմա բակում դեկորի ավարտական աշխատանքներն են տարվում: Շուտով կլինի այդ առաջնախաղը: Իսկ երկրորդը, երրորդը արդեն կյանքը ցույց կտա մեր հաջորդ հանդիպման ժամանակ:
– Այսօր թատրոնի աշխատողները կարողանո՞ւմ են գոյատեւել:
– Այժմ, փառք Աստծո, մենք ստանում ենք այն աշխատավարձը, ինչ-որ ստանում էինք մինչեւ կորոնավիրուսը:
– Կորոնավիրուսը Ձեր հոգեվիճակում ի՞նչ փոխեց, ներաշխարհում ինչ-որ բան փոխվե՞ց:
– Բնականաբար, դա երեւի տրված էր Աստծո կողմից, բնության կողմից, որ մենք վերանայենք, վերագնահատենք այն, որ մենք կարող ենք քայլել փողոցով, տեսնել կապույտ երկինքը, շնչել օդը, շփվել մարդկանց հետ: Հոգին, որ ստեղծվում է կենդանի շփման ժամանակ, երեւի դա այն ամենաթանկն է, ինչը որ կա աշխարհում: Այդ օրերը մեզ բոլորիս եւս մեկ անգամ ցույց տվեցին, թե ինչքան պետք է գնահատենք մեր մարդկային հատկանիշները` շփումը, բարությունը:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

