ԹՈՐՈՍՅԱՆԻ ԹԻՐԱԽՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷԼ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Արխիվ 16-20Հայտնի դարձավ, որ եւս մեկ բուժհաստատություն, այն էլ՝ նեղ մասնագիտական ուղղվածության, փակվելու է ստանդարտ դարձած` օպտիմալացման անվան տակ: Այսինքն, այն նույն ժամանակահատվածում, երբ Առողջապահության նախարարությունն աղմկում է, թե երկրի հիվանդանոցային հզորությունները խիստ անբավարար են, ավելին, փորձում է այդ պատրվակի անվան տակ, օգտվելով արտակարգ դրության այսքան երանելի առավելություններից, իրենով անել նաեւ մասնավոր կլինիկաները, կողքից աննկատ այդ նույն հիվանդանոցները շարունակում են փակել:
Խոսքն այս անգամ Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերի մասին է: Առողջապահական մի այնպիսի ուղղվածության, որն ամենամահաբերներից է, ընդ որում, անգամ պաշտոնական վիճակագրությունն է այստեղ արձանագրում մահացության աճ: Իսկ ահա Թորոսյան Արսեն կոչվածը, որը, չմոռանանք, դեռ անձական պատասխանատվություն է կրելու կորոնավիրուսից ՀՀ 859 քաղաքացու (այդ թիվը դեռ կավելանա) մահվան համար, ահա այսպես էլ «պայքարում» է կորոնավիրուսի դեմ՝ բուժհաստատությունները փակելով: Պատճառաբանությունը նույնն է՝ 2019թ. ապրիլին Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Քաղցկեղի հետազոտման միջազգային հետազոտության մասնագետները եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ եղել են հիվանդանոցում, կատարել ուսումնասիրություններ եւ տվել են անբավարար գնահատական: Իսկ ահա Ուռուցքաբանական դիսպանսերի տնօրեն Վալերիկ Շիրինյանը հայտնել է, որ այդ «անբավարար» ասվածը շենքային պայմաններն են: Այսինքն, Արսենի այդքան սիրած ԱՀԿ-ից եկել են, ասել՝ այսինչ հին շենք է, ու Թորոսյանը որոշել է՝ փակել: Իսկ պատկերն ավելի ռեալ հասկանալու համար համակարգի մեր աղբյուրը հուշեց, որ պետք է իրավիճակին ավելի ընդլայնական նայել: Այսինքն, թե կոնկրետ ի՞նչն է Թորոսյանը «օպտիմալացնում»: Նախ՝ նեղ մասնագիտական բուժհաստատությունները, թեեւ դրանք ուղղված են ամենամահացու եւ դրսում թանկարժեք բուժում պահանջող հիվանդությունների բուժմանը: «Այսինքն, դրանք փակելուց հետո մեր քաղաքացիներին կմնա կա՛մ մնալ առանց բուժման՝ դրա հետեւանքներն աչքի առաջ ունենալով, կ՛ամ մեկնել արտերկիր, որի հնարավորությունը մի քանիսն ունեն»,- ասաց աղբյուրը: Հաջորդ թիրախն էլ ծննդատներն են: «Ծնելիության անկում եւ մահացության աճ»,- պատկերն ամբողջացրեց աղբյուրը՝ անցնելով Գյումրու դեպքին, դետալներին:
Այսինքն, որ նեղ մասնագիտական բուժհաստատություններից էլ Արսենը նախապատվելիներ ունի՞. Գյումրու դեպքը ցույց տվեց, որ հատուկ կենտրոնացում ունի ուռուցքաբանական կենտրոնների դեմ: Ընդ որում, որ նպատակը հենց փակելն է: Հակառակ դեպքում, եթե ընդամենը շենքային պայմաններն են վատ, կամ եթե անգամ նյութատեխնիկական պայմաններն են վատ, բարելավեք, ո՞՝վ է ձեռքներդ բռնել: Բայց չէ՝ «շենքը վատն է», պետք է անպայման կենտրոնը փակել: Այն դեպքում, երբ թիրախավորել է նաեւ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտը, ինչի մասին վերջերս տեղեկացրել էինք https://iravunk.com/news/115469): Թե ինչու է Արսենը կենտրոնացել նաեւ ուռուցքաբանության դեմ, նույն հրապարակման մեջ այս հավանական տարբերակներն էինք ներկայացրել.
«1. Թորոսյանը հանդիսանում է միջազգային մաֆիայի ներկայացուցիչ, որի նպատակն է ոչնչացնել Հայաստանում առողջապահական համակարգը ընդհանրապես, իսկ Ֆանարջյանի անվան ինստիտուտը հանդիսանում է այդ համակարգի կարեւորագույն օղակներից մեկը:
2. Թորոսյանը նպատակադրվել է ոչնչացնել ինստիտուտը, որպեսզի ձեռք գցի դրա շենքին եւ սարքավորումներին, մասնավորեցնի դրանք եւ հետագայում նորից վերաբացի, սակայն արդեն մասնավոր հիմունքներով:Այդ վարկածի օգտին խոսում է նաեւ այն, որ ժամանակին Նիկոլն ու Թորոսյանը խոսում էին ուռուցքաբանության նոր կենտրոն ստեղծելու մասին: Ընդ որում, պարզ չէր, թե որն է լինելու եղած ինստիտուտի ճակատագիրը այդ դեպքում: Խոսելուց այն կողմ, իհարկե, գործն առաջ չանցավ: Ոչ մի տեղ նոր կենտրոնի վերաբերյալ ոչ մի շարժ չկա: Հետեւապես, կարելի է ենթադրել, որ խոսքը գնում էր եղած կենտրոնը լուծարելու եւ նույն տեղում արդեն մասնավոր հիմունքներով «նոր» կենտրոն ստեղծելու մասին:
3. Թորոսյանը բիզնես է անում տարբեր մասնավոր ընկերությունների միջոցով, իսկ Ֆանարջյան ինստիտուտի հետ բիզնես անելը ավելի դժվար է: Հայտնի է, որ մասնավոր բուժհաստատություններով, որոնցից մեկը նաեւ հենց իրենն է, փող լվալը շատ ավելի հեշտ է: Այս վարկածի օգտին խոսում է նաեւ այն, որ շուրջ մեկ տարի առաջ Թորոսյանի անվան հետ պայթեց մեծ սկանդալ, երբ նա պետական հսկայական միջոցներ ուղղում էր իր, իր կնոջ, բարկամ-ընկերների բուժհաստատություններին՝ համապատասխան չափով պակասեցնելով դրանք այլ նմանատիպ հիվանդանոցներից: Դրա օգտին է խոսում նաեւ այն, որ հենց կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում Թորոսյանը համագործակցում եւ ֆինանսական միջոցներ էր ուղղում ոչ բոլոր հիվանդանոցներին, ինչի հետեւանքով կորոնավիրուսային հիվանդները հարյուրներով հերթի մեջ էին սպասում բուժման, իսկ հիվանդանոցային հնարավորությունները չէին օգտագործվում»:
Միաժամանակ, նաեւ կարծիք էինք հայտնել, որ՝ «Թեեւ Արսեն Թորոսյանը կատարել է այնքան հանցագործություններ, որ մեկով ավելի, մեկով պակաս արդեն էական չէ: Սակայն Հայաստանի ուռուցքաբանության գլխին կախված վտանգը դառնում է խիստ առարկայական»: Եվ ահա Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերի պատմությունը գալիս է հուշելու, որ մեր ենթադրություններում առանձնապես չէինք սխալվել, նաեւ, որ անգամ կորոնավիրուսը նման ծրագրերում եւ նպատակներում բան չի փոխել: Ֆիքսենք նաեւ, որ Գյումրու կենտրոնի որոշումը կառավարությունն արդեն հաստատել է: Դա նշանակում է, որ հայաստանյան առողջապահությունը ոչնչացնելու հարցում Թորոսյանը մենակ չէ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

