«ՍՊԱՍՈՒՄ ԷԻՆՔ, ՈՐ ՍՈՍԸ ԿԴԱՌՆԱ ՀԱՅ ԱԶԳԻ ՓԱՌԱՊԱՆԾ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՑ»
Արխիվ 16-20«Սոսի մասին անցյալով խոսելը դժվար է, բայց լռելու իրավունք էլ չունեմ»,- «Իրավունքի» հետ զրույցում, խոսելով տավուշյան մարտերում hուլիսի 14-ին զոհված ՍՈՍ ԷԼԲԱԿՅԱՆԻ մասին, ասաց հերոսի ուսուցիչն ու դպրոցի տնօրենը` ՀՐԱՉԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ: Ապա արցունքները խեղդելով` շարունակեց.
Սոսն այսօր էլ մեր գեներալն է, բայց մեզանից հեռացավ...
- Նախ սկսեմ Սոսին նկարագրել` որպես աշակերտ: Օրինակելի էր` բառի բուն իմաստով: Բոլոր առարկաների նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ուներ: Ժամանակից շուտ հասցրել էր հայ տղամարդու ձեւավորված բնավորություն ձեռք բերել: Այն երեխայությունները, չարաճճիությունները, որոնք անում էին իր հասակակիցները, Սոսը կա՛մ չէր անում, կա՛մ շատ քիչ էր անում: Երբեմն էլ, երբ դասընկերների ազդեցության տակ էր ընկնում, իսկույն եւեթ ինքն իրենք կարծես կարգի էր հրավիրում ու լրջանում: Շատ վաղուց արդեն լուրջ մարդու կերպարի մեջ էր մտել Սոսը, օգնում էր բոլորին՝ ինչով կարողանում էր: Չկար աշխատանք, որից խույս տար, պատրաստակամ էր միշտ՝ լավ ու բարի գործեր անելու համար:Հասուն, կայացած քաղաքացու կերպար էր Սոսը, որովհետեւ դեռահաս ասելը նրա մասին ճիշտ չէ: Շատ էր տարբերվում շրջապատից, դասընկերներից, հասակակիցներից: Դա էր պատճառը, որ դպրոցը գերազանց ավարտելուց հետո ինքնուրույն որոշում կայացրեց եւ ընդունվեց «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան», որտեղ եւս իրեն դրսեւորեց առավելագույնս: Մենք բոլորս վստահ սպասում էինք, որ Սոսը կդառնա հայ ազգի փառապանծ գեներալներից: Որ պետք է կապիտանից դառնար մայոր, հետո փոխգնդապետ ու գնդապետ, ոչ ոք չէր կասկածում: Բոլորս վստահ էինք, որ մի օր Սոսին կդիմավորենք` որպես գեներալի: Սոսն այսօր էլ մեր գեներալն է, բայց մեզանից հեռացավ, չկարողացանք պահպանել մեր կապիտան բալին:
- Հաճա՞խ էիք հանդիպում:
- Ամեն գալուց հանդիպում էինք: Դպրոց էր գալիս պարտադիր, հետաքրքրվում էր բոլորիս որպիսությունով, ուրախանում ցանկացած փոքր հաջողությամբ: Ամեն անգամ դպրոց գալիս հիշեցնում էինք իրեն, որ իր հետ գեներալի հույսեր ենք կապրում: Խոստացավ, որ մեզ հուսախաբ չի անի, բայց…
Ճիշտ է հայրենիքի համար նահատակվելը սուրբ գործ է, բայց քսանութ տարեկան... Չէ՞ որ նա անհամեմատ շատ բաներ ուներ տալու հայրենիքին, քան հասցրեց տալ: Ո՞նց սփոփեմ ծնողներին, դժվար է, դաժան
- Ընտանիք կազմելու մտադրություն ունե՞ր Սոսը:
- Ուներ, բոլորս էլ սպասում էինք այդ ուրախությանը: Ասում էր՝ ես պիտի հալալ-կաթնակեր հայ օջախի աղջկա հետ կյանքս կապեմ: Բայց դե տեսաք` ինչ եղավ, այստեղ են ասել` մարդ կարա հազար ծրագիր ունենա, բայց չգիտենք, թե ճակատագիրը ինչ է պատրաստել մեզ համար:
- Պարոն Մխիթարյան, բայց ունե՞ր սիրած աղջիկ:
- Գիտեք, Սոսը անձնականի մասին խոսելիս շատ զուսպ էր: Բայց, այո, ասում են՝ ընտրած աղջիկ ուներ… Դաժան բան է, սիրտս չի տանում մտնեմ Սոսի ծնողների մոտ, ցավակցեմ: Չեմ կարողանում վաթսունչորսամյա բարձունքից քսանութ տարվա տղայի համար մահախոսական ասել: Ո՞նց սփոփեմ ծնողներին, դժվար է, դաժան:
«Մարտական փառք» թանգարանում մեր Սոսի համար տեղ կհատկացնենք
- Սոսի ընտանիքում էլի՞ կան զնվորականներ:
- Չէ, Սոսն ունի շատ պարզ, հասարակ, գյուղատնտեսական գործերով զբաղվող ծնողներ: Չորս երեխաներ են, Սոսը ընտանիքի փոքրն էր: Ի դեպ, ուզում եմ առաջին անգամ Ձեր թերթի միջոցով բարձրաձայնեմ, որ պատրաստվում ենք մեր Սոսի անունը մեր գյուղում անմահացնել:
- Դասասենյա՞կ եք պատրաստվում անվանակոչել Սոսի անունով:
- Երկու տարբերակ ենք քննարկում, կա՛մ ռազմագիտության դասասենյակը կվերանորոգենք եւ կանվանակոչենք Սոս Էլբակյանի անունով, կա՛մ գյուղում գործող «Մարտական փառք» թանգարանում մեր Սոսի համար տեղ կհատկացնենք նրա հորեղբոր տղայի` Վահրամ Էլբակյանի կողքին:
- Նա ե՞ւս զոհվել է:
- Վահրամը զոհվել է արցախյան ազատագրական պայքարի ժամանակ. նահատակվեց հանուն հայրենիքի: Ուզում ենք ծնողների վիշտը, ցավը գոնե աննշան մեղմել, թեպետ Սոսի կորստի ցավի հետ չենք կարողանում մերվել անգամ մենք` ուսուցիչներս, էլ ուր մնաց ծնողները: Ախր իրենց սրտի մի կտորին են կորցրել…
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

