«Ես չեմ բացառում, որ ծայրահեղական մահմեդական ստորաբաժանումները ներգրավված լինեն Նախիջեւանում». Գայանե Զարգարյանի հեղինակային հաղորդաշարը այս անգամ նվիրված է սահմանային լարվածությանը
Արխիվ 16-20«Իրավունք TV»-ի եթերով հեռարձակվող Գայանե Զարգարյանի հեղինակային «ԱԶԱՏ ԽՈՍՔ» հաղորդաշարի եթերում այս անգամ հյուրընկալվել է ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԸ: Հաղորդման հեղինակ եւ վարող Գայանե Զարգարյանը մինչ եթերի մեկնարկը, մեկ առ մեկ հիշեց տավուշյան մարտերում նահատակաված հերոս տղաներին` իր ցավակցությունը հայտնելով հերոս տղաների հարազատներին, ընտանիքի անդամներին: Ապա ռազմական փորձագետի հետ նախ փորձեցին վերլուծել, թե ինչու հակառակորդը այս անգամ թիրախավորեց հայ-ադրբեջանական սահմանը: Ռազմական փորձագետի խոսքերով.
– Կան մի շարք գործոններ, որոնցով կարող էր պայմանավորված լինել այս ապակայունացումը հայ-ադրբեջանական սահմանին: Նախ Հայաստանի հետ ուժի լեզվով խոսելու Ալիեւի ավանդական մարտավարությունը, ընդ որում բնավ պատահական չէր, որ հենց հայ-ադրբեջանական սահմանին այս անգամ լարեց իրավիճակը, որպեսզի շատ ակնհայտ ձեւով ի ցույց դնի իր` ուժի դիմելու վճռականությունը: Սա բացահայտ մարտահրավեր էր նետված թե՛ մեզ, թե՛ աշխարհին` ցույց տալու, որ տեսեք` ես կարող եմ նաեւ սուվերեն պետության հանդեպ ձեռնարկել ագրեսիվ քայլեր: Չմոռանանք, որ սադրանքից օրեր առաջ, իրենք սպառնացել էին, որ անհրաժեշտ է բանակցային գործընթացից դուրս գալ: Կա նաեւ մեկ այլ գործոն` թուրքական գործոնը: Թուրքիան, այո, ինչպես միշտ, այս անգամ նույնպես ինտեսիվորեն ներգրավված էր այդ գործընթացին: Այդ կերպ` ՌԴ-ի հարավային սահմանների մոտ հավելյալ խնդիր ստեղծելն էր:
– Կարող ենք գալ եզրահանգման, որ Թուրքիան` ի դեմս Էրդողանի, նախապես տեղյակ է եղել ադրբեջանական սադրիչ գործողությունների մասին:
– Ես, իհարկե, փաստաթղթային առումով ճշգրիտ փաստեր չունեմ, բայց դատելով դեպքերի զարգացման տրամաբանությունից` ակհայտ է, որ թուրքական ներգրավվածություն այստեղ եղել է: Հաշվի առնելով նաեւ, որ կա թուրքական հեռահար շահը այս տարածաշրջանում` այն է. ամրապնդվել Կովկասում, ապա թուրքական պետությունը դարձնել պլացդարմ` դեպի էլ ավելի արեւելք ծավալվելու առումով: Ավելին, Նախիջեւանը Ադրբեջանի հետ տարածական կապով կապելը եղել եւ մնում է Թուրքիայի հեռահար ստրատեգիական նպատակը: Եվ քանի դեռ այդ նպատակը կա, Թուրքիան` որպես տարածաշրջանում ապակայունացնող գործոն, փորձելու է իր նպատակին հասնել:
– Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ադրբեջանը կարող է երկրորդ ճակատ բացել` թեկուզ հենց Նախիջեւանի ուղղությամբ, նման մտավախություն ունե՞ք:
– Իհարկե, թուրք-ադրբեջանական տանդեմը շատ վաղուց նախապատրաստվում է այդ սցենարին: 2013 թվականին ես հիշեցնեմ Ադրբեջանում տեղակայված 5-րդ բանակային միավորումը վերափոխվեց իբրեւ առանձին համազորային բանակի` մեծացնելով զինուժի ծավալը:
– Ե՞րբ եք ժամանակագրական առումով կանխատեսում` Նախիջեւանի ուղղությամբ նման սադրիչ գործողություններ:
– Ես չեմ բացառում, որ թուրքական բանակի ստորաբաժանումները կամ ծայրահեղական մահմեդական ստորաբաժանումները ներգրավված լինեն Նախիջեւանւմ: Թե երբ կլինի ոտնձգություն Նախիջեւանի ուղղությամբ, դա հարցերի հարցն է, որի մասին խոսելը շատ բարդ է: Մենք պետք է ակնկալենք այդ հարվածը ամեն պահի: Փառք Աստծո, մեր Գլխավոր շտաբը` որպես պրոֆեսիոնալների կողմից կառավարվող կառույց, շատ հստակ իր աչքի առջեւ ունի այդ հեռանկարը, եւ ես վստահ եմ, որ այդ ուղղությամբ եւս մենք պատրաստ ենք:
Ամբողջական զրույցը «ԱԶԱՏ ԽՈՍՔ» հաղորդաշարի եթերում

