Ինչու ծիրանի վաճառքը դարձավ Հայոց հարց
Արխիվ 16-20Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը հասավ նաեւ Մոսկվա: Ադրբեջանցիները մոսկովյան շուկաներից մեկում նախ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ոտքերով հայկական ծիրան տրորեցին, ապա արգելվեց հայկական ծիրան վաճառելը Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկում` «Ֆուդ Սիթի»-ում, որտեղից կեսգիշերին հանել էին հայկական ապրանքներով բեռնված բեռնատարները£ Սակայն, այս գործողությունները հակառակ ազդեցությունն ունեցան: Ռուսաստանում ապրող հայերը բեռնատարների կայանատեղիում մեծ քանակությամբ ծիրան են գնում ու սոցցանցերում տեսանյութ տարածում` հորդորելով, որ մյուսներն էլ միանան իրենց£ Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագիտական խումբն արդեն իսկ հրապարակավ դիմել է ռուս գործընկերներին, ինչի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:
–Ի՞նչ կասեք ՌԴ-ում հայկական ծիրանով պայմանավորված խնդիրների մասին, եւ ո՞րն է այս ամենի լուծումը:
– Վերջին օրերի ընթացքում ականատես եղանք, որ հիմնականում մայրաքաղաք Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի գյուղմթերքի վաճառքով զբաղվող շուկաների տնօրինության կողմից խտրական վերաբերմունք է դրսեւորվում Հայաստանից արտահանված մրգերի եւ բանջարեղենների նկատմամբ: Հայ վարորդներին ուղղակի դուրս են վռնդում այդ շուկաների տարածքից` պահանջելով առեւտուր չիրականացնել իրենց պատկանող շուկաներում: ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագիտական խումբն այս ամենի վերաբերյալ տվել է իր գնահատականը, եւ մենք դիմել ենք ՌԴ օրենսդիր մարմնի մեր գործընկերներին` իրենց ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ, ըստ էության, այս որոշումը խախտում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 4 սկզբունքներից մեկը, մասնավորապես` ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժի մասին սկզբունքը: Մենք հույս ենք հայտնել, որ մեր գործընկերները գործուն քայլեր կձեռնարկեն իրավիճակի պարզաբանման եւ հետայսու նման իրավիճակ թույլ չտալու համար:
– Պարոն Բալասանյան, որքանո՞վ էր այս խնդիրը նորություն, հատկապես, որ ՌԴ-ում ծիրանի հետ կապված միշտ են եղել հայ-ադրբեջանական միջադեպեր: Կարելի՞ է սա համարել հայաստանյան իշխանությունների բացթողումը:
– Այս ամենն առաջին հերթին կապված է սահմանային իրավիճակի հետ: Նման խնդիրներ միգուցե եղել են, բայց այսպիսի լայն արձագանք չի ստացել, երեւի դեպքերն էլ աննշան են եղել, եւ հետեւաբար մեր արտահանողները հարկ չեն համարել այդ մանր կենցաղային մակարդակի հարցերը բարձրաձայնել: Սակայն, ակնհայտ է, որ հիմա այս ամենը պայմանավորված է սահմանային միջադեպերով եւ, ըստ էության, Ադրբեջանի ղեկավարության թելադրանքով, որովհետեւ այդ շուկաների տերերն ազգությամբ ադրբեջանցի են: Հիմնականում խոսքը «Ֆուդ Սիթիի» մասին է, որի տերերն ազգությամբ ադրբեջանցիներ են, եւ նրանց հրահանգ է տրվել, որ այդ ճակատով եւս հայկական արտահանման ծավալների վրա ազդեն եւ հայկական բեռները չթողնեն վաճառել: Միգուցե հույս ունեին, որ սա իր հերթին դժգոհությունների ալիք կբարձրացնի երկրի ներսում ՀՀ իշխանությունների դեմ, որոնք չեն կարողանում այս ծանր իրավիճակում սատար կանգնել հայ արտահանողներին: Այնպես որ, հակված չեմ այն կարծիքին, որ կարելի էր կանխատեսել սա եւ քայլեր ձեռնարկել` այս ամենը թույլ չտալու համար: Սա եղել է իրավիճակից ելնող գործողություններ, եւ հայկական կողմն իր բոլոր հնարավոր միջոցներով` բիզնես շրջանակների եւ ՌԴ-ում ՀՀ դեսպանության մակարդակով այս խնդրին, կարծես, լուծում տվել են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

