Փաշինյանն ունի մենիշխանություն եւ միայնակ էլ կկրի ամբողջ պատասխանատվությունը. Կոլերով
Արխիվ 16-20Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին սրացումների, միջազգային արձագանքների եւ հայ-ռուսական հարաբերությունների շուրջ «Իրավունքը» զրուցեց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, REX գործակալության ղեկավար, քաղաքագետ ՄՈԴԵՍՏ ԿՈԼԵՐՈՎԻ հետ:
«ՍԱ ՈՉ ԹԵ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՕՊԵՐԱՑԻԱ ԷՐ, ԱՅԼ` ՔԱՂԱՔԱԿԱՆ»
– Պարոն Կոլերով, ինչպե՞ս կմեկնաբանեք այն, ինչ օրեր առաջ տեղի ունեցավ ՀՀ եւ Ադրբեջանի պետական սահմանին:
– Սա հետախուզություն էր ոչ միայն ռազմական, այլ նաեւ քաղաքական: Քաղաքական հետախուզությունն արդեն տեւական ժամանակ է, ինչ նախապատրաստվում էր` մինչեւ այս սրացումը: Առաջին քայլը եղավ այն, որ Բաքուն հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբից իր հիասթափության մասին, ապա նաեւ Իլհամ Ալիեւը աշխատանքից ազատեց ԱԳ նախարարին` որպես մարդու, որն ասոցացվում էր դիվանագիտական կարգավորման հետ: Իսկ ռազմական տեսանկյունից ակնհայտ է, որ ներգրաված ուժերի մասշտաբների քանակով սա ոչ թե մասշտաբային օպերացիա էր, այլ` քաղաքական: Բայց ամենակարեւորը` Իլհամ Ալիեւն ուներ բավարար հիմքեր ենթադրելու, որ հարձակումը ոչ թե Ղարաբաղի վրա, այլ հենց Հայաստանի վրա, չի առաջացնի ոչ մի լուրջ արձագանք ՀԱՊԿ-ի կողմից, որովհետեւ հայտնի է, որ ՀԱՊԿ անդամ երկրների կազմում բոլոր անդամները, բացառությամբ` Ռուսաստանի եւ Հայաստանի, Ադրբեջանի կողմնակիցների շարքում են:
– Բայց չէ՞ որ ՀԱՊԿ-ը նախեւառաջ ՀՀ անվտանգության երաշխավորն է, թե՞ այն միայն նրա համար է, որ մատչելի գնով զինամթերք տրամադրի մեզ:
– Այս քաղաքական հետախուզությունը բեմադրելով` ցույց տրվեց, որ առաջին հերթին` ՀԱՊԿ-ը, որպես անվտանգության երաշխավոր Հայաստանի համար, գոյություն չունի: Այդ առումով, իհարկե, ասում են, թե ՀԱՊԿ-ը հարմար գներով զինամթերք է վաճառում, այդ թվում` Հայաստանին հնարավորություն է տրվում գնել մատչելի գնով զենք: Բայց սա էլ է հորինված, որովհետեւ Հայաստանին մատչելի գներով զինամթերք է տրամադրվում ոչ թե նրա համար, որ ՀԱՊԿ անդամ է, այլ որովհետեւ այդ հարմար գները դրված է ՌԴ-ի անձնական որոշմամբ: Ոչ մի ՀԱՊԿ, ինչ էլ իրենից ներկայացնի, չի կարող Ռուսաստանին ինչ-որ բան թելադրել, սա ՌԴ-ի ցանկությունն է Հայաստանին տալ ներքին գներով զինամթերք: Պետք չէ ինքներս մեզ խաբենք, թե ՀԱՊԿ անդամ լինելը Հայաստանին հնարավորություն է տալիս մատչելի գնով զենք ձեռք բերել: Սա պայմանավորված է ՌԴ-ի հետ ունեցած եւ մինչեւ վերջ չձեւակերպված ռազմական միությամբ: Եվ երկրորդ` ՀԱՊԿ-ը, որպես կազմակերպություն, կաթվածահար վիճակում է, իր գործոնն այստեղ գոյություն չունի:
«ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ՄԻ ՊՐԱԿՏԻԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ»
– Իսկ ինչպե՞ս կբացատրեք պաշտոնական Մոսկվայի չեզոք դիրքորոշումը` սահմանում տեղի ունեցածի վերաբերյալ:
– Ռուսաստանի դիրքորոշումը կոնֆլիկտի վերաբերյալ չեզոք է, որովհետեւ Ռուսաստանը ոչ միայն ռազմական դաշնակիցն է Հայաստանի, այլեւ ԵԱՀԿ Մինսկի անդամ միջնորդ պետություն է: Ոսկե միջին այս հարցում չկա` կա՛մ դու դաշնակից ես, կամ` միջնորդ: Երբ հանդես ես գալիս, որպես դաշնակից, դադարում ես լինել միջնորդ` ԼՂ կարգավորման հարցում:
– ՌԴ-ի դիրքորոշումը կարո՞ղ էր կապված լինել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ:
– Ո՛չ, որեւէ կապ չկա: Եթե անգամ Հայաստանը եւ Ռուսաստանը մեկ պետության կազմում լինեին, բայց Ռուսաստանը էլի լիներ հիմնախնդրի կարգավորման միջնորդ պետություն, միեւնույնն է, չէր կարող ինքնակամ հրաժարվել միջնորդի կարգավիճակից եւ իր զորքերին ուղարկել Հայաստանին օգնության: Եթե նա մնում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման միջնորդ, չի կարող պատերազմել Հայաստանի կողմից: Սա ակնհայտ է:
– Ամեն դեպքում, այս իրավիճակում ի՞նչ գործողություններ կարելի է ակնկալել ԵԱՀԿ Մինսկի խմբից:
– Կարծում եմ` ոչ մի պրակտիկ գործողություններ չեն լինի:
«ՀՐԹԻՌՆԵՐԸ ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՎՆԱՍԵԼ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆՆԵՐԻՆ»
– Թուրքիան իր անվերապահ աջակցությունն է հայտնել Ադրբեջանին եւ պատրաստակամություն հայտնել` ներգրավելու ռազմական գործողությունների մեջ: Ի՞նչ կասեք այս մասին:
– Սպասելի էր, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ վաղուց գոյություն ունի ռազմական միություն: Ոչ մի անսպասելի բան այստեղ չկա:
– Եվս մի ուշագրավ հայտարարություն է հնչել ադրբեջանական ռազմական գերատեսչության կողմից: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին հայտարարել է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության հավանականության մասին...
– Ես հրթիռակոծման մասնագետ չեմ, բայց գիտեմ, որ խորհրդային եւ ռուսաստանյան ատոմային էլեկտրակայաններն ունեն անհրաժեշտ պաշտպանություն եւ հրթիռները սկզբունքորեն չեն կարող վնաս հասցնել:
«ԱՐԵՎՄՏՅԱՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՏԵՂ ԸՆԴԱՄԵՆԸ ՇԱԽՄԱՏԻ ՏԱԽՏԱԿԻ ՎՐԱ ՔԱՐԵՐ ԵՆ ՇԱՐԺՈՒՄ, ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ»
– Այսքանից հետո` ըստ Ձեզ, միջազգային հանրության համար ակնհա՞յտ է, թե ով է ագրեսորը:
– Ինչպես ձեզ ասեմ` նախ միջազգային հանրության դիրքորոշումը երբեք չի եղել միակարծիք: Եվ երկրորդ` այդ դիրքորոշումը թելադրվում է ոչ թե արդարության հիմքով, այլ փոխադարձ շահերով: Կենսական հետաքրքրություն տարածաշրջանային կոնֆլիկտում իրականում ունեն այն երկրները, որոնք գոյություն ունեն այս տարածաշրջանում` Իրանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Հայաստանը եւ այլն: Բացի անհասցե հայտարարություններից, այլ հետաքրքրություն այստեղ չունեն ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԱՄՆ-ն: Ինչպես գիտեք, նույնիսկ եթե Ադրբեջանը հասնի մաքսիմումի` նավթ արտահանելով Եվրոպա, թեպետ վերջին շրջանում նրանց նավթային արտահանումների քանակն ընկել է, սա կունենա ընդամենը 6 տոկոսային բալանս: Այն ոչ մի իրական ազդեցություն չի կարող ունենալ: Այնպես որ, այստեղ արեւմտյան գերտերությունները ընդամենը շախմատի տախտակի վրա քարեր են շարժում, ուրիշ ոչինչ:
– Ձեր կարծիքով` հնարավո՞ր է սահմանային լարվածությունը վերաճի լայնամասշտաբ պատերազմի:
– Այո, կարող է:
«ՈՐՔԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՇԱՏ ՎԻՐԱՎՈՐԵՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, ԱՅՆՔԱՆ ԱՎԵԼԻ ՎԱՏ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ»
– Օրերս Russia Today եւ RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարությամբ էր հանդես եկել` դիմելով ՀՀ իշխանություններին: Նա մասնավորապես նշել էր, որ վերջին տարիների վերաբերմունքից հետո Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն օգնություն սպասել Ռուսաստանից` հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող սրացման հարցով: Ավելին` ըստ նրա, այս ամենից հետո` «Ռուսաստանը բարոյական իրավունք ունի թքել ձեզ վրա, բայց նա այդպես չի վարվի: Կօգնի նաեւ այս անգամ: Քանի որ Ռուսաստանն այդպիսին է»: Վերոնշյալ արտահայտությունները դարձել են լայն քննարկման առարկա հայաստանյան շրջանակներում, իսկ ինչպե՞ս են այս ամենին վերաբերում ՌԴ-ում, եւ արդյոք Մ© Սիմոնյանը ներկայացնում է իր անձնակա՞ն, թե՞ ՌԴ-ի դիրքորոշումը:
– Մարգարիտա Սիմոնյանը Ռուսաստանում բարձրաստիճան չինովնիկ է, եւ ճիշտ այնպես, ինչպես Մարիա Զախարովան, լինելով չինովնիկներ, իրավունք են ստացել իրենց անունից տարբեր հայտարարություններով եւ մեկնաբանություներով հանդես գալ: Բայց դրանով հանդերձ` իրենք չեն դադարել լինել չինովնիկ: Ընդ որում` շեշտում եմ` բարձաստիճան չինովնիկ: Ռուսաստանում, իհարկե, չկա կոնսոլիդացված պաշտոնյաների խումբ` արտաքին քաղաքական հարցերով, եւ այն, որ նրանց դիրքորոշումը միանշանակ ազդում է ընդհանուր տրամադրությունների եւ մոտեցումների վրա, փաստ է: Ուստի` պետք չէ շփոթել, Մարգարիտա Սիմոնյանի դիրքորոշումը, այո՛, շատ ուժեղ ազդում է Ռուսաստանի դիրքորոշման վրա: Եվ որքան Երեւանում շատ Մարգարիտա Սիմոնյանին վիրավորեն, այնքան ավելի վատ Երեւանի համար:
– Իսկ ի՞նչ կասեք Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին: Որքանո՞վ սահմանում տեղի ունեցող զարգացումները կարող են «օգնել», որպեսզի թուլանա ներքաղաքական լարվածությունը:
– Ոչինչ չի օգնի: Իրավիճակը Հայաստանում չի հասել ինչ-որ սկզբունքային դինամիկայի: Այսօր Նիկոլ Փաշինյանն ունի մենիշխանություն եւ միայնակ էլ կկրի ամբողջ պատասխանատվությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

