Ինչ եղավ ԲՀԿ-ի դիմումը Սահմանադրական դատարանին
Արխիվ 16-20ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը եւ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրենքով սահմանված ժամկետում խորհրդարանում իմքայլականների կողմից ընդունված Սահմանադրական փոփոխությունների օրենքի հարցով ՀՀ Սահմանադրական դատարան էին ուղարկել դիմում, որպեսզի այն վարույթ ընդունվեր: Հիշեցնենք, որ վերոնշյալ օրինագիծը վերաբերում էր ՍԴ երեք դատավորների աշխատանքից ազատմանն ու Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից հանելուն: Թե ինչ եղավ այդ դիմումը, «Իրավունքը» հետաքրքրվեց սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավաբան ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ:
- ՍԴ-ում, ինչպես տեղյակ ենք մամուլից եւ նաեւ ՍԴ աշխատակազմի տարածած հայտարարությունից, քվորումի բացակայության հիմքով գործերի քննության ընդունելու հարցերը չեն քննարկվում: Իսկ եթե այն ընդունվի վարույթ, ապա դրանից հետո` 6-ամսյա ժամկետում կամ ՍԴ-ի որոշմամբ` եւս երեք ամիս երկարաձգելով, պետք է հարցը քննվի: Այսինքն` առավելագույնը 9 ամիս ժամկետ կարող է տրամադրվել այս գործի քննությանը:
– Ըստ էության, կարելի՞ է ասել, որ երկու ճանապարհ կա ՍԴ բնականոն աշխատանքը վերականգնելու` ՄԻԵԴ-ի առաջիկա որոշումը կամ ԲՀԿ-ի դիմումին ընթացք տալը:
– ՍԴ-ն եթե ընդունի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած դիմումը վարույթ, ապա կարելի է ենթադրել, որ որոշման առկայության դեպքում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված արհեստական ճգնաժամը կհանգուցալուծվի օրինական ճանապարհով: Իհարկե, որոշ իրավագետների կողմից, եթե կարելի է նրանց իրավաբան անվանել, ինչի վերաբերյալ շատ խորը կասկածներ կարելի է արտահայտել, պնդում են, թե ՍԴ-ն չի կարող այդ սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննել, քանի որ հարցը վերաբերում է ուղղակիորեն իրեն: Սակայն եթե շարժվենք այդ կանխավարկվածով, ապա Ազգային ժողովը չի կարող ընդունել օրենքներ, որոնք կապված են Ազգային ժողովի հետ: Օրինակ` չի կարող կատարել փոփոխություններ ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքում, կառավարությունն իրավունք չպետք է ունենա ներկայացնել նախագիծ կառավարության կառուցվածքի վերաբերյալ եւ այլն, սա միանշանակ խելագարության կանխավարկածն է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

