Բաց տարածքներում դիմակ կրել պարտադրելը հանցագործություն է. Արամ Սարգսյան
Արխիվ 16-20Մինչ դրսում 40 աստիճան շոգ է` արտակարգ դրությունով պայմանավորված պարետատան պահանջով շարունակում են քաղաքացիներին պարտադրել դիմակ կրել անգամ բաց տարածքներում: Անդրադառնալով վերոնշյալին` Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ նշեց, որ սա անիմաստ որոշում է:
– Բաց տարածքներում դիմակ կրել պարտադրելը հանցագործություն է, որովհետեւ մարդիկ, ուղղակի, թթվածնի մեծ կարիք ունեն, իսկ այս շոգին պարզ է, որ այդպիսի հնարավորություն գրեթե չկա: Ինչ վերաբերում է պարետի եւ ամբողջ այս կառույցների գործունեությանը, միանգամից ասեմ, որ դիմակն իրենց համար դարձել է, այսպես ասած, փրկարար մի օղակ, որով իրենք իբր փորձում են հնարավորինս արդարացնել, թե ինչու է տարածվում պանդեմիայի այս իրավիճակը: Սակայն, դիմակ կրելը բացարձակ դրա հետ կապ չունի, խնդիրը կառավարչական տեսանկյունից այն է, որ առաջին պահերից իրականացրին շատ սխալ քաղաքականություն: Այսինքն` բացարձակ չկար այդ քաղաքականությունը, եւ դրա համար էլ հիմա ունենք այն, ինչ ունենք: Իսկ հիմա պարետն առաջին հերթին պարտավոր է հրահանգել, որպեսզի բաց տարածքներում այլեւս դիմակ չկրեն եւ երկրորդ` կառավարչական բոլոր հնարավոր միջոցներն օգտագործեն, որպեսզի լոկալիզացնեն այն օջախները, որոնք դեռ կան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

