ԻՆՉ ՊԱՏԿԵՐ Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ՏԱՎՈՒՇՅԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ
Արխիվ 16-20Վերջին օրերին Թուրքիայում՝ սոցցանցային տիրույթում ակտիվ քննարկման օբյեկտ է դարձել վարկածը, թե հայ-ադրբեջանական հակամարտության սրումը կարող է կապված լինել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի՝ ամբողջ աշխարհում ուղղափառ քրիստոնյաների համար կարեւոր կենտրոնի՝ մզկիթի վերածվելու հետ: Այսինքն, որ բախումները կարելի է դիտարկել, որպես «Ռուսաստանի պատասխանը» Թուրքիայի գործողություններին՝ Մոսկվան, իբր, նպաստեց հակամարտությանը՝ ազդելով Երեւանի վրա՝ փաստացի «հրահանգելով հարձակվել»: Իսկ ահա թուրքական Բահչեշեհիր համալսարանի պրոֆեսոր Աբդուլա Ագարը «Haber Global» հեռուստաալիքի եթերում նաեւ այն դետալավորումը մեջբերեց, որ բախումներն ընթանում են առանցքային վայրում՝ Թուրքիա տանող գազի եւ նավթի խողովակների մոտ:
ԻՍԿ ԱՆԿԱՐԱՅԻՆ ՊԵ՞ՏՔ Է ՄՈՍԿՎԱՅԻ ՀԵՏ ԲԱԽՈՒՄԸ
Սակայն այստեղ մեկ այլ հարց էլ է առաջ գալիս. իսկ Անկարային պե՞տք է Թուրքիայի ներսում «ՌԴ-ի կողմից Թուրքիայի դեմ ագրեսիա կազմակերպելու» ուղղվածության տրամադրություններ բորբոքել: Հեռանկարային առումով միգուցե. Անկարայի պանթյուրքիստական նկրտումները միշտ էլ ռուս-թուրքական հարաբերությունները լարված են պահելու, եւ Անկարան սեփական հասարակության մոտ հակառուսական տրամադրությունները «պատշաճ» մակարդակի վրա պահելու ցանկություն կունենա: Բայց այս պահին, երբ ռուսների մոտ իրոք կա Սուրբ Սոֆիայի հետ կապված դժգոհություն, ապա հազիվ թե Անկարայի համար ճիշտ պահն է՝ ներթուրքական անսանձ տրամադրություններով այդ «կրակին յուղ լցնելու» համար: Առավել եւս, որ վերջնարդյունքում հենց թուրքական իշխանությունները կարող են դառնալ նման տրամադրությունների պատանդը: Այսինքն, եթե դրա շուրջ լարվածությունը հասնի գագաթնակետին, ապա Էրդողանին կմնա կա՛մ պաշտոնապես ընդունել նման վարկածը, որը նրան կպարտադրի պատասխան գործողություն՝ հակառակ դեպքում սպառնալով հեղինակության լուրջ կորստով: Իսկ պատասխան քայլը կարող է վտանգավոր լինել, հաշվի առնելով նաեւ, որ ռուսներն էն գլխից ի ցույց դրեցին Հայաստանում գտնվող ուժային բաղադրիչը՝ դրանով Էրդողանին հետ պահելով գայթակղությունից: Կա՛մ Անկարան ստիպված է լինելու հերքել նման վարկածը, որն էլի հեղինակության կորուստ է: Էլ չասած, որ եթե հերքելու հնարավոր տարբերակ կա, ուրեմն էլ ինչո՞ւ պետք է հիմա նման քարոզ ծավալի: Միաժամանակ նկատելի դարձավ, որ Մոսկվան եւս անցանկալի է համարում թուրքական ուղղությամբ սրացումը: Նախ, ռուս մի շարք վերլուծաբաններ եւ լրատվամիջոցներ միանգամից կենտրոնացան նշված վարկածի դեմ՝ մասնավորապես հիշեցնելով, որ տավուշյան բախումների հենց առաջին պահից Մոսկվան ինչպես պաշտոնական հրապարակային հայտարարությունների, այնպես էլ ԱԳ նախարար Լավրովի միջոցով փորձում է կանգնեցնել հետագա սրացումները: Բացի այդ, պատահական չէր կարող լինել, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրապարակավ սկսեց խոսել Պուտինի եւ Էրդողանի բնավորությունների նմանությունից՝ եւս մեկ անգամ ընդգծելով նաեւ, թե Սուրբ Սոֆիայի տաճարի հարցը ՌԴ-ն համարում է Թուրքիայի ներքին գործը: Այսինքն, որ դրա հետ կապված պատասխանի նպատակ, առավել եւս՝ հայ-ադրբեջանական բախում «սարքելու» միջոցով Մոսկվան չունի: Այս ամենին զուգահեռ, ռուս փորձագետները սկսեցին ակտիվորեն հիշեցնել, որ ՌԴ սահմանների հարեւանությամբ ցանկացած նոր հակամարտություն Մոսկվայի համար եղել եւ մնում է անցանկալի սցենար: Թեկուզեւ այն պարզ պատճառով, որ դա տանելու է ուշադրության եւ ռեսուրսների հավելյալ ծախսման՝ թուլացնելով հիմնական քաղաքական ուղղությունները: Առավել եւս, երբ խոսքը հայ-ադրբեջանական հակամարտության մասին է, որտեղ Մոսկվան նաեւ ունի «կիսվելու» խնդիր:
ՆՈՐԻՑ ՑՑՎԱԾ ԵՆ ՍՈՐՈՍԱԿԱՆ ԱԿԱՆՋՆԵՐԸ
Այսպիսով, տավուշյան բախումներին զուգահեռ իրականացված ՌԴ-ի գոնե տեսանելի քայլերը երկու հանգամանքի մասին են պարզ խոսում: Առաջինը, մինչեւ իսկ ռազմական ուժ ցուցադրելով, Մոսկվան Անկարային պարզ ակնարկ հղեց, որ Հայաստանում ունի պարտավորություններ եւ կատարում է դրանք: Երկրորդը. չնայած «մնացորդային» բախումներին, ակնհայտ է, որ այս պահին տավուշյան սրացումը մտել է հանդարտեցման փուլ: Եվ եթե հիշենք, որ Կովկասում պատերազմի եւ խաղաղության բանալին միշտ էլ գտնվել է Մոսկվայում, ապա դժվար չէ նաեւ հասկանալ, թե ներկայիս հանդարտեցումն ինչի հաշվին է: Թուրքիան էլ իր հերթին է մեղմացրել իր «եղբայրական ջերմեռանդությունը»: Վերջապես, Ալիեւն էլ իր հերթին, ամիսներ անց նորից նավթային հոսքերը դեպի ՌԴ ուղղելով, փորձեց ցույց տալ, որ այդ ուղղությամբ խնդիր չի տեսնում: Ավելին, թե հայերը Տավուշում կռվում էին Վրաստանի միջոցով Սերբիայից բերած ականանետերով եւ ականներով, թեեւ լավ հասկանալով, որ հայկական բանակը հազիվ թե ռուսական արտադրության ականանետերի եւ զինամթերքի պակաս ունենար: Բայց այս իրավիճակում, երբ ակնհայտորեն բոլոր հիմնական կողմերը ցույց են տալիս, որ մեծ պատերազմ գոնե այս պահին չեն ուզում, իսկ թուրքական սոցցանցերում, ընդհակառակը, փորձում են սրել լարվածությունը, ապա պարզ հարց է ծագում՝ ո՞ւմ է դա պետք: Մեկ ուշագրավ հանգամանք եւս. այս օրերին մի շարք արեւմտյան երկրներում եւս հայ-ազերիական «միտինգային բախումների» պակաս չկա: Եվ այս դեպքում էլ այս հարցն է՝ այդ ինչո՞ւ հանկարծ իրենց համար հանգիստ հոլանդիաներում տաքուկ տեղավորված ազերիներն ու հայերը նման սուպերհայրենասիրական հակումներով լցվեցին: Մինչդեռ թուրքական սոցցանցերի օրինակով, նման «կողմնակի» լարումները կարող են մինչեւ իսկ նպաստել սահմանային մթնոլորտի եւ դրա շուրջ՝ ռուս-թուրքական հարաբերությունների առնվազն թեժ, սրվելու ենթակա մնալուն: Եվ այս ֆոնին մեկ հին փաստի մասին չմոռանանք՝ 2016թ.-ից սկսած, այսինքն այն փուլից, երբ Թուրքիան նախընտրեց գնալ ռուսների հետ ուղիղ հակամարտությունից զերծ մնալու ճանապարհով, տարաբնույթ սորոսների հիմնական ձգտումների թվում է եղել եւ մնում ռուս-թուրքական բախումները, այդ թվում՝ սիրիական եւ հայ-ադրբեջանական ուղղություններում:
ՄԻՇՈՒՍՏԻՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԷԼ ԲԱՆ ՉՏՎԵՑ
Բայց նաեւ նկատենք, որ հայաստանյան «ֆեյքային տիրույթը» եւս նույն ժանրի մեջ է: Մասնավորապես՝ ռուսական տեղեկատվական-քարոզչական ուղղության «ծանր հրետանիներից» մեկի՝ «Russia Today»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի շուրջ ծավալված աղմուկը բավականին ուշագրավ մտորումների տեղիք է տալիս: Ի՞նչ էին նրանից պահանջում «ֆեյքերը», այսինքն՝ նրանց տերերը. դիրքորոշում տավուշյան իրադարձությունների մասին: Դա տեսանելին է: Իսկ դրա տակ կա այն միտքը, որ Սիմոնյանի նման տեսակետը կհնչեր, որպես նրա ղեկավարած լրատվամիջոցի պաշտոնական մոտեցում, որն էլ կընկալվեր` որպես Կրեմլից եկած ազդակ: Իհարկե, տգեղ խաղ է, առավել եւս, որ խոսքը հայ ազգի այն լրագրողի մասին է, ով մշտապես գտնվել է Բաքվի քարոզչամեքենայի թիրախում, ու դա չէր կարող պատահական լինել: Բայց ահա իրավիճակը գնաց հակառակ հունով. Սիմոնյանը կարծիք հայտնեց, բայց ընդգծված առանձնացնելով հայ ժողովրդին, ծայրահեղ կոշտ տեսքով թիրախավորեց Նիկոլին եւ նրա թիմը, միաժամանակ ընդգծված աջակցություն ցուցաբերելով Ռոբերտ Քոչարյանին: Եվ, ինչպես եւ սպասվում էր, սա ընկալվեց որպես կրեմլյան մեսիջ: Առավել եւս, երբ Սիմոնյանի մեղադրանքների հիման վրա «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթում հրապարակված՝ «Սիմոնյանը հանդգնորեն Հայաստանին հիշեցրել է չճանաչված Ղրիմի մասին» վերնագրով հոդվածը մի պահ հայտնվեց ՀԱՊԿ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում եւ հանվեց: Իսկ նման բաները պատահաբար չեն լինում: Դա, նկատենք, տավուշյան սրացումների ֆոնին բոլորովին այլ երանգ է ստանում: Ի դեպ, մեկ ուշագրավ դրվագ չմոռանանք: Անցած շաբաթ,ինչպես հայտնի է, Նիկոլը մեկնեց Բելառուս՝ մասնակցելու ԵՏՄ վարչապետների նիստին: Ընդ որում, այցի շրջանակներում հանդիպեց նաեւ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Ըստ մի շարք աղբյուրների, հանդիպման հիմնական նպատակը ոչ թե ԵՏՄ նիստի օրակարգային հարցերն էին, այլ Նիկոլը փորձում էր Միշուստինի միջոցով ինչ-ինչ տեսակետներ հասցնել ՌԴ նախագահին, այդ թվում՝ տավուշյան իրավիճակի հետ կապված: Բայց ահա, ռուսական մի շարք աղբյուրներ օրակարգ բերեցին այս հարցադումը. Նիկոլը, կորոնավիրուսի պատրվակով չմասնակցեց հունիսի 24-ին Մոսկվայում կայացած զորահանդեսին: Մինչդեռ կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում գրեթե բան չի փոխվել, ու դրան էլ գումարվել է սահմանային լարումը: Այսինքն, թեեւ հունիսի 24-ի համեմատ իրավիճակը շատ ավելի բարդ է, ու չնայած դրան, Նիկոլը Մինսկ մեկնեց. այդ ինչպե՞ս: Թերեւս միանգամայն թափանցիկ մեսիջ էր, եւ դրան էլ գումարվեց Սիմոնյանի ասածները...
Ամեն դեպքում, թե իրականում ինչ քաղաքական հիմքեր ունեին տավուշյան բախումները, աստիճանաբար, կրակոցների հանդարտվելուն զուգահեռ, մտնում է երկրորդ պլան: Եվ փոխարենը, առաջին պլանի հարց է դառնում, թե ի՞նչ ունենք հետտավուշյան փուլում: Ունենք պատրիոտիզմի որոշ աճ, թեեւ հարց է, թե բախվելով հայաստանյան այդպես էլ անհաղթարահելի մնացած տնտեսական եւ կորոնավիրուսային իրողություններին, ինչ կլինի դրա հետ: Ունենք նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի այն միանշանակ դիրքորոշումը, որն ամենավերջին պողոսիկին անգամ երեւի պարզ ցույց տվեց՝ սա է «փամփուշտներից զարդեր հյուսելու» քարոզչության հետեւանքը: Ունենք նաեւ արտաքին բոլոր հզոր ամբիոններից եկած ազդակ՝ պատերազմն անթույլատրելի է, պետք է արագացված կարգով անցնել իրական բանակցությունների: Եվ, վերջապես, ունենք Սիմոնյանի միջոցով ներկայացված այն տրամադրությունները, որոնք առկա են Մոսկվայում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

