Սեֆիլյանի սիրտը մեծ պատերա՞զմ է ուզում
Արխիվ 16-20Երկար լռելուց հետո ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ «Սասնա ծռեր» կոչվող սորոսյան կառույցը։ Այդ կառույցի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում 8 հարց ուղղել ռազմաքաղաքական ղեկավարությանը․
«1) Ինչո՞ւ է խորհրդավոր լռություն տիրում Տավուշի սահմանում տեղի ունեցող ռազմաքաղաքական անցուդարձի առթիվ։ Ո՞րն է գաղտնապահության և ժողովրդին անորոշության մեջ թողնելու նպատակը։ Թշնամին հաստատապես գիտի, թե ինչ է տեղի ունեցել, մեր ժողովրդից ինչո՞ւ եք գաղտնի պահում։
2) Ի՞նչ պայմաններում և ի՞նչ պայմաններով հաստատվեց հրադադար։
3) Կա՞ն արդյոք հրադադարի հաստատման գործընթացում օտար միջնորդ(ներ), եթե կան, ապա ո՞վ(քե՞ր)։ Եղե՞լ է արդյոք նրա(նց) կողմից ճնշում Հայաստանի վրա, եթե այո, ապա ինչպիսի՞։
4) Ի՞նչ տարածքային և դիրքային ձեռքբերում ունենք։
5) Հայկական բանակը ազատագրե՞լ է Սևաքար (Ղարադաշ) բարձունքը։
6) Եթե ազատագրել է, ապա նրա վրա արդեն Հայկական բանակը դիրքավորվա՞ծ է, թե՞ ոչ։ Եթե ոչ՝ ապա ինչու։
7) Եթե չի ազատագրել, ապա թշնամու դիրքերը դեռևս մնո՞ւմ են բարձունքում, թե՞ թշնամին լքել է այն։ Եվ, եթե լքել է, ապա ինչո՞ւ մենք չենք դիրքավորվել այնտեղ։
8 ) Եթե Հայկական բանակը չի ազատագրել Սևաքարը, թշնամին էլ այնտեղ է, բայց մենք վերահսկում ենք դեպի նրա բարձունքը տանող ճանապարհը, ապա ի՞նչ հրաման է տրված մեր դիրքապահներին՝ թույլ տա՞լ, որ թշնամին ազատորեն սնունդ ու զենք մատակարարի Սևաքարի վրա նստած իր դիրքապահներին և չխոչընդոտի նրանց հերթափոխը, թե՞ փակել անցուդարձը և թշնամուն պահել շրջափակման մեջ»։
Ապա Սեֆիլյանն անցնում է վատ թաքցված սպառնալիքի․ «Ճշմարիտ և արդար կլինի, որ ժողովուրդը ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունից լսի դրանք։ Հակառակ պարագայում, ինչպես եղավ Ապրիլյան պատերազմի ժամանակ, մենք կամփոփենք իրականության մասին առկա տեղեկույթը և կներկայացնենք մեր ժողովրդին»։
Ամփոփենք։ Այսպիսով սույն սորոսյան կառույցը պնդում է, որ տավուշյան մարտերի շուրջ կան գաղտնի զարգացումներ, սակայն այդ գաղտնապահությունը վերաբերում է ոչ թե հակառակորդին կամ այլ ուժերին, այլ՝ հայ ժողովրդին։ Ընդ որում նկատենք, որ բերված հարցադրումները միանգամայն օբյեկտիվ են․ հրապարակավ շատ է խոսվել հայկական ուժերի կողմից հակառակորդի որոշ պոստեր, մասնավորապես՝ Սեֆիլյանի ասած Ղարադաշը գվավելու, ադրբեջանական նավթագազամուղերն ու դեպի Թուրքիա տանող երկաթուղին ուղիղ նշանառության տակ առնելու մասին։ Սակայն չնայած այդ հայտարարությունների առատությանը, հայաստանյան պաշտպանական գերատեսչությունն այդպես էլ որեւէ մեկնաբանություն չի տալիս։ Ընդ որում, նման տվյալը գաղտնիք չէ ոչ թշնամու եւ ոչ էլ արտաքին ուժերի համար․ ով-ով, բայց ազերիները մեզանից էլ լավ գիտեն, թե ինչ են կորցրել, երբ եւ ինչպես, որն էլ Սեֆիլյանի հարցադրումների իմաստն է։ Ստացվում է, որ եթե ՀՀ ՊՆ-ն մեկնաբանություն չի տալիս, ուրեմն հենց մեր ժողովրդից էլ թաքցնում է։
Բայց մյուս կողմից, Սեֆիլյանը բազմանշանակ հարցեր է տալիս նաեւ հրադադարի մասին։ Այն տպավորությունն է, որ հենց դա է նրան նյարդայնացնում։ Առավել եւս, եթե հանկարծ պարզվի, որ հրադադարը Մոսկվայի միջամտությամբ է։ Այսինքն ի՞նչ, եթե պարզվի, որ Մոսկվան է միջամտել, ուրեմն պետք է դրանից հրաժարվել ու մեծ պատերազմի մե՞ջ մտնել․ Սեֆիլյանի գրածի տողատակերից հենց դա է զգացվում․ սպառնալիքը, թե բոլոր չակերտները կբացենք, հենց նման ակնարկի է նման։
Բայց ինչո՞ւ «Ծռերը» լռեցին-լռեցին, եւ այն ժամանակ, երբ էապես նվազեց մեծ պատերազմի հավանականությունը, որոշեցին ակնարկել այդ մասին։ Արդյոք ո՞չ այն պատճառով, որ հենց դրսի սորոսներին է ամենաշատը հայ-ադրբեջանական մեծ պատերազմը ցանկալի․․․
Թեմայի մանրամասները կարդացեք «Իրավունքի» վաղվա տպագիր տարբերակում։
Քերոբ Սարգսյան

