ԵԱՏՄ սկզբունքներին հակասում է մոսկովյան շուկայում հայկական ծիրանը մերժելը. պարզաբանում է փորձագետը
Արխիվ 16-20Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը հասավ նաեւ Մոսկվա: Ադրբեջանցիները մոսկովյան շուկաներից մեկում նախ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ոտքերով հայկական ծիրան տրորեցին, ապա արգելվեց հայկական ծիրան վաճառելը Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկում՝«Ֆուդ Սիթի»-ում, որտեղից կեսգիշերին հանել էին հայկական ապրանքներով բեռնված բեռնատարները։
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագիտական խումբն արդեն իսկ հրապարակավ դիմել է ռուս գործընկերներին, ինչի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:
- Ի՞նչ կասեք ՌԴ-ում հայկական ծիրանով պայմանավորված խնդիների մասին եւ ո՞րն է այս ամենի լուծումը:
- Վերջին 24 ժամվա ընթացքում ականատես եղանք, որ հիմնականում մայրաքաղաք Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի գյուղմթերքի վաճառքով զբաղվող շուկաների տնօրինության կողմից խտրական վերաբերմունք է դրսեւորվում Հայաստանից արտահանված մրգերի եւ բանջարեղենների նկատմամբ: Հայ վարորդներին ուղղակի դուրս են վռնդում այդ շուկաների տարածքից՝ պահանջելով առեւտուր չիրականացնել իրենց պատկանող շուկաներում: ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագիտական խումբն այս ամենի վերաբերյալ տվել է իր գնահատականը, եւ մենք դիմել ենք ՌԴ օրենսդիր մարմնի մեր գործընկերներին ՝ իրենց ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ, ըստ էության, այս որոշումը խախտում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 4 սկզբունքներից մեկը, մասնավորապես՝ ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժի մասին սկզբունքը: Մենք հույս ենք հայտնել, որ մեր գործընկերները գործուն քայլեր կձեռնարկեն իրավիճակի պարզաբանման եւ հետայսու նման իրավիճակ թույլ չտալու համար:
- Պարոն Բալասանյան, որքանո՞վ էր այս խնդիրը նորություն, հատկապես, որ ՌԴ-ում ծիրանի հետ կապված միշտ են եղել հայ-ադրբեջանական միջադեպեր: Կարելի՞ է սա համարել հայաստանյան իշխանությունների բացթողումը:
- Այս ամենն առաջին հերթին կապված է սահմանային իրավիճակի հետ: Նման խնդիրներ միգուցե եղել են, բայց այսպիսի լայն արձագանք չի ստացել , երեւի դեպքերն էլ աննշան են եղել եւ հետեւաբար մեր արտահանողները հարկ չեն համարել այդ մանր կենցաղային մակարդակի հարցերը բարձրաձայնել: Սակայն, ակնհայտ է, որ հիմա այս ամենը պայմանավորված է սահմանային միջադեպերով եւ, ըստ էության, Ադրբեջանի ղեկավարության թելադրանքով, որովհետեւ այդ շուկաների տերերն ազգությամբ ադրբեջանցի են: Հիմնականում խոսքը «Ֆուդ Սիթիի» մասին է, որի տերերն ազգությամբ ադրբեջանցիներ են, եւ նրանց հրահանգ է տրվել, որ այդ ճակատով եւս հայկական արտահանման ծավալների վրա ազդեն եւ հայկական բեռները չթողեն վաճառել: Միգուցե հույս ունեին, որ սա իր հերթին դժգոհությունների ալիք կբարձրացնի երկրի ներսում ՀՀ իշխանությունների դեմ, որոնք չեն կարողանում այս ծանր իրավիճակում սատար կանգնել հայ արտահանողներին: Այնպես որ, հակված չեմ այն կարծիքին, որ կարելի էր կանխատեսել սա եւ քայլեր ձեռնարկել՝ այս ամենը թույլ չտալու համար: Սա եղել է իրավիճակից ելնող գործողություններ եւ հայկական կողմն իր բոլոր հնարավոր միջոցներով՝ բիզնես շրջանակների եւ ՌԴ-ում ՀՀ դեսպանության մակարդակով այս խնդրին, կարծես, լուծում տվել են եւ արել են շատ բարձր մակարդակով:
- Մասնավորապես՝ ովքե՞ր են սատար կանգնել հայ արտահանողներին:
- Սկզբում Արա Աբրահամյանը բավականին լայն ծավալով աշխատանք կատարեց, հետո նրան միացավ նաեւ «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, ինչպես նաեւ այլ հայ գործարարներ: Իրավիճակից ելնելով՝ արդեն իր գնահատականը տվել է նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ դեսպան պարոն Տողանյանի գլխավորությամբ:
- Իսկ այս պահին ունե՞նք որեւէ արձագանք ՌԴ իշխանություններից:
- Համենայնդեպս, փորձագիտական դաշտում նման արձագանք չենք հանդիպել: Սա գուցե նաեւ կապված է նրանով, որ հանգստյան օրեր են եղել: Սակայն պարոն Տողանյանն այդ հարցը բարձրացրել է նաեւ Մոսկվայի քաղաքային եւ մարզային իշխանությունների մոտ, իսկ Արա Աբրահամյանն այդ հարցը բարձրացրել է ՌԴ նախագահի աշխատակազմում: Կարծում եմ՝ առաջիկա օրերին, այնուամենայնիվ, որոշակի արձագանքներ կլինեն ՌԴ պետական այրերի եւ պետական մարմինների կողմից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

