Ժամանակից շուտ հայ տղամարդու ձեւավորված բնավորություն ուներ.Դպրոցի տնօրենը հուլիսի 14-ին նահատակված հերոս Սոս Էլբակյանի մասին
Արխիվ 16-20<<Սոսի մասին անցյալով խոսելը դժվար է, բայց լռելու իրավունք էլ չունեմ>>,- <<Իրավունքի>> հետ զրույցում խոսելով hուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից` մահացու վիրավորում ստացած Սոս Էլբակյանի մասին, ասաց հերոսի ուսուցիչն ու դպրոցի տնօրենը՝ Հրաչիկ Մխիթարյանը, ապա արցունքները խեղդելով շարունակեց.
- Նախ սկսեմ Սոսին նկարագրել, որպես աշակերտ՝ օրինակելի էր բառի բուն իմաստով: Բոլոր առարկանների նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ուներ: Ժամանակից շուտ հայ տղամարդու ձեւավորված բնավորություն ուներ: Այն երեխայությունները, չարաճճիությունները, որոնք անում էին իր հասակակիցները՝ Սոսը կա՛մ չէր անում, կա՛մ շատ քիչ էր անում: Երբեմն էլ, երբ դասընկերների ազդեցության տակ էր ընկնում՝ իսկույն եւեթ ինքն իրենք կարծես կարգի էր հրավիրում ու լրջանում: Շատ վաղուց արդեն լուրջ մարդու կերպարի մեջ էր մտել Սոսը, օգնում էր բոլորին ինչով կարողանում էր: Չկար աշխատանք, որից խույս տար, պատրաստակամ էր միշտ լավ ու բարի գործեր անելու համար: Հասուն, կայացած քաղաքացու կերպար էր Սոսը, որովհետեւ դեռահաս ասելը Սոսի մասին ճիշտ չէ: Շատ էր տարբերվում շրջապատից, դասընկերներից՝ առհասարակ հասկակակիցներից: Դա էր պատճառը, որ դպրոցը գերազանց ավարտելուց հետո ինքնուրույն որոշում կայացրեց եև ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտ, որտեղ եւս իրեն դրսեւորել առավելագույնը: Մենք բոլորս վստահ սպասում էինք, որ Սոսը կդառնա հայ ազգի փառապանց գեներալներից: Որ պետք է կապիտանից դառնար մայոր, հետո փոխգնդապետ ու գնդապետ՝ ոչ ոք չէր կասկածում, բայց բոլորս վստահ էինք, որ մի օր Սոսին կդիմավորենք, որպես գեներալի: Սոն այսօր էլ մեր գեներալն է, ինքը մեր բոլորիս մեջքից գնաց, չկարողացանք պահպաննել մեր կապիտան բալին:
-Հաճա՞խ էիք հանդիպում:
-Ամեն գալուց հանդիպում էինք, դպրոց էր գալիս պարտադիր, հետաքրքրվում էր բոլորիս որպիսությունով, ուրախանում՝ ցանկացած փոքր հաջողությամբ: Ամեն անգամ դպրոց գալիս հիշեցնում էինք իրեն, որ իր հետ գեներալի հույսեր ենք կապրում: Խոստացավ, որ մեզ հուսախաբ չի անի, բայց…Ճիշտ է հայրենիքի համար նահատակվելը սուրբ գործ է, բայց քսանութ տարեկան...չէ՞ որ նա անհամեմատ շատ բաներ ուներ տալու հայրենիքին, քան հասցրեց տալ:
Հ.Գ. Սոսի մասին իր ուսուցչի հիշողությունները, թե ինչ նպատակներ ուներ կարդացեք <<Իրավունքի>> առաջիկա տպագիր համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

