Հիմա էլ կորոնավիրուսի պես չասեք՝ ում շունն է ադրբեջանցին ու «արխային» ընկնեք. Նիկողոսյան
Արխիվ 16-20Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ միջազգային արդեն իսկ հնչած արձագանքների եւ ընդհանրապես՝ ստեղծված իրավիճակի շուրջ «Իրավունքը» զրուցեց «Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար, ռուսաստանաբնակ գործիչ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ հետ:
- Պարոն Նիկողոսյան, Ձեր գնահատմամբ՝ արձագանքների առումով կարելի՞ էր ավելին սպասել միջազգային հանրությունից, թե այն, ինչ ունենք, այս պահի համար բավարար է:
- Իհարկե, արձագանքներից կարելի էր ավելին սպասել, բայց միջազգային հանրության արձագանքները կախված է արտաքին գերատեսչության ճկուն վարվող քաղաքականությունից: Եթե չեն կարողանում հասնել անհրաժեշտ արձագանքների, ուրիշ տեղ մեղավորներ փնտրել պետք չէ: ՀՀ ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարությունն առաջնորդվել է իր ռազմավարական ծրագրերով: Արտաքին գերատեսչությունն արդեն իսկ պետք է ամրագրած լիներ միջազգային հանրության մեջ, որ սա տեղի է ունեցել Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետեւանքով: Եթե չեն արել, թող գտնեն, թե ովքեր են մեղավոր միջազգային հարթակում պարտվելու համար: Զինվորը մեղավոր չէ, որ իր կյանքի գնով հաղթանակ է կերտել, բայց այն չեն կարողանում ամրագրել, ինչը շատ տհաճ հետեւանքներ կարող է ունենալ եւ անկանխատեսելի հայտարարություններով աշխարհը հանդես գա: Մեծ հաշվով՝ այդ հայտարարությունները լինեն ավել-պակաս, կողմ կամ դեմ, միեւնույն է, մեր բանակն իր հաղթանակը կերտել է մարտի դաշտում: Կլինեն ե՛ւ խրախուսողներ, ե՛ւ քննադատողներ ու դատապարտողներ, բայց մի բան պարզ է՝ ամեն ինչի պատասխանատուն հայ ժողովուրդն է՝ իր ծնած զինվոր երեխայով: Իսկ զինվորի արյան գնով ձեռք բերված առաջընթացները ցանցառամիտները պետք է կարողանան փառքով ու պատվով ներկայացնել արտաքին աշխարհում ու միջազգային հանրության մեջ ամրագրել այն: Հայաստանը շատ արագ պետք է լավագույն բարեկամ պետությունների հետ էլ ավելի խորացնի ռազմական, քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները, որպեսզի նման իրադարձությունների ժամանակ նրանք կանգնեն հայ ժողովրդի կողքին: Մնացել է մի ռուսը, աշխարհի ո՞ր երկիրը սատարեց մեզ: Եթե ռուսների հետ էլ հարաբերությունները փչացնեն, ո՞վ է մեր կողքին կանգնելու: Շատ ծանր եւ վտանգավոր ժամանակաշրջան ենք մտել, սա լրիվ նոր իրականություն է:
- Մեծ Բրիտանիայի երկպալատանի պառլամենտում արդեն իսկ հակահայկական բանաձեւեր են շրջանառության մեջ դրվել: Իսկ 3 կուսակցություններ հայտարարություն են ընդունել, թե հայերն են ագրեսոր: Ի՞նչ կասեք այս մասին:
- Փաստորեն, հայ զինվորը կյանքի գնով պաշտպանում է պետական սահմանը, դիրքեր է բարելավում, ինչի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ ունենք, իսկ արտաքին գերատեսչությունը չի՞ կարողանում այդ ձեռքբերումներն ամրագրել: Դեռ այդ պատճառով էլ դուրս է գալիս, որ Հայաստա՞նն է ագրեսորը: Բարձրաստիճան իշխանավորներին հարցրեք, եթե կարող են, թող բարձրաձայն պատասխանեն՝ սրա անունն ի՞նչ է: Մեր զինվորները հանուն հայրենիքի զոհվել են, որ միջազգային հանրության կողմից ռազմական ագրեսորի անո՞ւն ձեռք բերենք, ովքե՞ր են սրա համար պատասխան տալու: Ռազմական գործողությունների ընթացքում հայ զինվորը կանխել է ադրբեջանական ագրեսիան, մնացած խնդիրներն արտաքին դաշտում են, որ չենք կարողանում ամրագրել ձեռքբերումը: Սա արտաքին գերատեսչության խնդիրն է, պաշտպանության նախարարությունն՝ իր զինվորներով, անհրաժեշտ ռազմական գործողությունները փայլուն կատարել է եւ թշնամուն հետ շպրտել: Եթե արտաքին գերատեսչությունը չի կարողանում այն ամրագրել, ուրեմն՝ զինվորի կյանքով ձեռք բերված հաղթանակները միջազգային հանրությունն այլ կերպ է մեկնաբանում: Սա ուղիղ արդյունքն է արտաքին գերատեսչության ոչ ճիշտ աշխատանքները կազմակերպելու:
- Ըստ Ձեզ, ինչո՞վ էր պայմանավորված ՀԱՊԿ-ի չեզոք հայտարարությունները: Չէ՞ որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է:
- ՀԱՊԿ անդամ մյուս երկրները ընդամենը կարող են Հայաստանին օգնության գալ, եթե դրա կարիքն ունենանք եւ խնդրենք: Այս պարագայում բոլորս էլ պետք է հասկանանք, որ կռվողը մենք ենք եւ պետք է առաջնորդվենք մեր ռազմավարությամբ եւ առաջ շարժվենք մեր ժողովրդի ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու ճանապարհով: Բոլորը սպասում են, թե աշխարհն ինչ ասաց, ՀԱՊԿ-ն ինչ հայտարարեց, լսե՛ք, սա մեր պատերազմն է, սահմանում կռվողը մեր զինվորն է, պետք է մեր գործն անենք: Կարո՞ղ եք, այնպիսի հարաբերություններ ձեւավորեք, թող ոչ միայն ՀԱՊԿ-ը, այլեւ աշխարհը գա օգնության: Բայց ոչ մեկ պարտավոր չէ գալ ու մեզ օգնել: Ի դեպ, դեռ օրեր առաջ Հայաստանում ակտիվ քննարկվում էր, թե ՀԱՊԿ-ն ինչներիս է պետք, Գյումրիի ռուսական ռազմաբազան հանելու մասին խոսակցություններ էին շրջանառվում: Էլ ձեն-ձուն չկա՞, 102-րդ ռազմաբանզան էլ չեն հանո՞ւմ, բա ո՞ւր են էդ հանողները, դե թող հանեն: Ու հենց այդ ողորմելիներն են այսօր խոսում հայրենիքը դավաճանելուց: Նրանց մասին չեմ էլ ուզում բարձրաձայնել, հիմա բոլորս պետք է միավորվենք, ու այդ չհասկացողներն էլ պետք է հասկանան, որ սա ուղիղ տանկի, հրետանու, փամփուշտի հետ պատերազմ է, սա կորոնավիրուսի դեմ պատերազմ չէ, որ երեւանյան սրճարաններից կառավարեն: Սա ուղիղ ռազմական պատերազմ է, որի հետ բոլորը պետք է հաշվի նստեն եւ սթափվեն:
- Ի՞նչ եք կարծում՝ միջազգային հարության համար պա՞րզ է գործողությունների հաջորդականությունը, որ ամեն ինչ սկսվեց ադրբեջանական ՈւԱԶ-ից, որը Տավուշի ուղղությամբ առաջ շարժվեց, ապա թողեցին հեռացան, հետո Ադրբեջանի կողմից կիրառվեցին ականանետեր ու հրթիռներ, որոնց պատասխանելով՝ հայկական կողմը բարելավեց իր դիրքերը:
- Սա արդեն քաղաքականություն չէ, այլ ռազմական գործողություններ են երկու պետությունների միջեւ՝ միջնորդավորված երրորդ պետությունների կողմից: Չմոռանանք, որ վաղուց եւ երկար տարիներ Ադրբեջանը պատրաստվում էր դրան: Որտեղից եւ ինչպես է եղել, սա թող ռազմական փորձագետները մանրամասնեն: Բայց իմ կարծիքով՝ ամեն ինչ դեռ առջեւում է: Շատ լավ է, որ ունենք ձեռքբերումներ, որը եղել է փառապանծ հայ զինվորների եւ սպաների կյանքի գնով, բայց հիմա պետք է ավելի սթափ եւ միասնական լինենք՝ տրամադրվելով ամեն վայրկյան ավելի մասշտաբային պատերազմի եւ նոր հաղթանակներ կերտելուն: Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուղիղ հայտարարում է՝ հայերը սրա համար պատասխան կտան: Ժողովրդին պետք է պատրաստել, բարձրացնել ռազմահայրենասիրական ոգին, վերադառնալ ազգ-բանակ գաղափարին, այլ ոչ թե ինչպես կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ, ասեն՝ ում շունն է ադրբեջանցին: Եթե կորոնավիրուսի դեպքում թշնամին անտեսանելի էր, ապա այս տեսակ պատերազմի ժամանակ թշնամին ուղիղ տեսանելի է եւ ակնհայտ է, թե որտեղից են գալիս տանկերը, կրակոցները: Պետք չէ ստեղծել այնպիսի տպավորություն, որ ամեն ինչ վերջացել է, եւ հաղթանակն էլ կերտվել է: Հիմա էլ կորոնավիրուսի նման «արխային» են գցում, թե կռիվը վերջացավ, մենք էլ հաղթել ենք, իսկ նախկինում այդպես չէր լինում: Չի՛ կարելի նման տրամադրություն ստեղծել եւ դրանով ավելի հանգստացնել ժողովրդին:
- Ի դեպ, որքանո՞վ էր տեղին մեկ-երկու դիրք բարելավելը համեմատել ապրիլյան պատերազմի հետ: Վերջին օրերին ակտիվ քննարկվում է, թե նախկինների օրոք, ապրիլյանի ժամանակ ինչերի պակաս ուներ բանակը, իսկ այսօր ոչ մի բանի պակաս չկա:
- Ե՛վ արցախյան պատերազմի, ե՛ւ ապրիլյան պատերազմի, ե՛ւ վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ միշտ հաղթանակը կերտել է Հայոց բանակը, հայ զինվորը եւ հայ ժողովուրդը: Պետք չէ տարբերութուն դնել, երեք դեպքերում էլ ունենք հաղթանակ: Հպարտանալ է պետք այդ ամենով եւ պետք չի բաժանել սեւերի ու սպիտակների: Օրինակ, մարդիկ տանը նստած ինչպե՞ս են որոշում մարտի դաշտում սեւե՞րն են, թե՞ սպիտակներն են թշնամուն հետ շպրտում: Ադրբեջանն իր արտաքին քարոզչական մեքենան միացրած՝ ամեն օր ռազմատենչ հայտարարություններ է անում, համեմատություններ անցկացնելու փոխարեն՝ պետք է արցախյան եւ ապրիլյան պատերազմի հերոսներից, ղեկավարներից խորհուրդներ հարցնել, հպարտանալ նրանցով եւ փառաբանել նրանց անցած ճանապարհը: Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ մեր մնացած հերոսները հաղթանակ կերտած հրամանատարներ են եւ այսպիսի իրավիճակներում նաեւ նրանց փորձից սովորել է պետք: Ինչքան էլ վիրավորված լինեն, այս տեսակ գործողությունների ժամանակ բոլորն էլ պատրաստ են ամեն ինչ մոռանալու եւ միասնական թշնամու դեմ պայքարելու: Ուղղակի, «թավշյա հեղափոխությունից» հետո իշխանության եկած դասալիքների համար դիսկոնֆորտ է, չեն ուզում ընդունել այս ամենը: Մինչդեռ իրադարձություններն օր օրի, ժամ ժամի թեժանում են, եւ այս պատերազմն արդեն տեղափոխվել է միջազգային հարթակներ: Տեսեք, թե աշխարհի որ ծայրերն է հասել, հայ-ադրբեջանական նոր հարթակներ են ստեղծվել, եւ սա դեռ սկիզբն է: Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե նախկինների ժամանակ հաղթանակ չկար, նորերի ժամանակ կա, խորհուրդ կտայի բոլորին սթափվել, այս դաշտում մեզ պետք չէ պառակտել՝ նախկինների ու ներկաների, մեր առջեւ բոլորիս թշնամին է:
- Ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի ելքը:
- Այսպիսի դեպքերում խելացի մարդիկ համախմբվում են: Պետք է միավորել արտաքին եւ ներքին կարող ուժերը եւ մեկ ճակատով պայքարել թշնամու դեմ, որպեսզի ունենանք լուրջ հաղթանակներ: Միասնական պայքար է պետք ե՛ւ դրսում, ե՛ւ ներսում: Այս պահին շատ մեծ դեր ունի նաեւ Հայոց եկեղեցին, հավատը, որ պատերազմի ժամանակ ժողովրդին միաբանում է: Մինչդեռ որոշ հիմարներ եկեղեցու դեմ էին պայքարում, այսօրվա խոսացողները երեկվա եկեղեցի փակողներն են: Հիմա շատ կարեւոր է ժողովրդի մեջ արթանացնել հավատքը, միաբանությունը: Հայոց եկեղեցին, մեր հավատքը, բոլոր պատրեզամներում ամենաառաջին դերակատարությունն է ունեցել, որովհետեւ հայ զինվորը կռվել է վասն հավատո, վասն հայրենյաց: Հետեւաբար, ցանցառամիտներից պետք է հեռու պահել այս ամենից: Մենք չենք գնում հասնում եսիմ որերորդ դար, չենք ասում վաղը Մասիս սարը, Մուշը, Վանը, Արդահանը հետ ենք բերելու, հիմա դեռ պետք է տեր կանգնենք ունեցածին: Այս սերունդը կկարողանա՞ պահել, փառք ու պատիվ իրեն, չկարողացա՞վ՝ ամոթ իրեն, կանցնի պատմության գիրկը: Ժողովուրդն իր հաղթանակը կկերտի, երբ միաբանվենք ընդհանուր թշնամու դեմ: Մենք ինչքան պառակտվենք, այնքան պարտվելու ենք: Այնպես որ, խաղաղություն եւ միասնականություն է պետք, երբ շարժվեցինք այս տրամաբանությամբ, միշտ էլ հաղթանակներ կունենանք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

