Նորից հաստատվեց, թե ով է վերահսկում պատերազմն ու խախաղությունը
Արխիվ 16-20Եվ այսպես, այդպես էլ չի հնչում մեկ կարեւորագույն հարցի պաշտոնական պատասխանը՝ մեր Զինված ուժերը զբաղեցրե՞լ են մինչ վերջին բախումները ազերիների ձեռքին գտնվող հենակետերը: Թեեւ այս մասին ոչ պաշտոնապես խոսում են բոլորը՝ փորձագետներից սկսած մինչեւ որոշ պետական պաշտոնյաներ, սական ՊՆ-ն, որը տեղեկացնում է թշնամական ամեն մի արկի մասին, այս հարցով բազմանշանակ լռություն է պահպանում:
ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է, ԹԵ ԿՌԻՎՆ ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ
Այսպիսով, դեռ օրակարգային է մնում հարցը` ինչպե՞ս սկսվեց այս բախումը: Ընդ որում, ինչքան էլ որ ասվի, թե մեծ պատերազմի դեպքում դա էական չէ, մեկ է, այդպես չէ: Նախ, մեծ պատերազմ չունենք եւ, ըստ ամենայնի, չենք ունենա: Ընդ որում, նաեւ Ադրբեջանից նման ազդակներ կան: Այդ թվում՝ Ալիեւի մակարդակով, ով, չնայած ռազմատենչ հայտարարություններին, նախ ցրեց (միգուցե ոչ առանց իր «դաբրոյի») կազմակերպված՝ պատերազմ պահանջող ցույցը: Դրանից զատ, թեեւ հայկական եւ ադրբեջանական կորուստներն անգամ համեմատության եզրեր չունեն, սակայն Ալիեւը պնդում է, թե՝ «Արժանի հակահարված ենք տվել», կամ՝ «Ցանկության դեպքում այդ բոլոր տարածքները կվերցնեինք մեր վերահսկողության տակ»: Իհարկե, ծիծաղելի է հնչում. կարող էին տարածքներ վերցնել ու չցանկացա՞ն: Սակայն խնդիրն այլ է, նման հայտարարություններով Ալիեւը սեփական հանրությանը ցույց է տալիս, թե բախումները շարունակելու կարիք պարզապես չունի: Վերջապես, նա նաեւ վրիպում թույլ տվեց՝ հայտարարելով, որ թեեւ հազարավոր մարդիկ են Բաքվում տեղի ունեցած ցույցի ժամանակ պատերազմ պահանջել, սակայն ընդամենը 150 կամավորական է դիմում ներկայացրել, ընդ որում 60-ը՝ մարտական գործողությունների վայրից: Եվ երկրորդը. թե ինչից սկսվեց բախումները, շատ կարեւոր է նաեւ այն առումով, որ այս հարցը նաեւ աշխարհաքաղաքական տեսանկյունից կարող է մեծ «բազարների» հիմքում դրվել: Հաշվի առնելով նաեւ, որ այս խնդիրը ոչ թե միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում է գտնվում, այլ ընդհանուր տարածաշրջանային մթնոլորտի, որի շուրջ կան մի շարք գլոբալ շահեր: Սկսած Թուրքիայից եւ Իրանից, վերջացրած Ռուսաստանով, ԱՄՆ-ով, նաեւ Չինաստանով եւ այլն: Ընդ որում, հաշվի առնելով այն փաստը, որ առանց այդ էլ Սուրբ Սոֆիայի տաճարի հետ կապված Անկարայի հայտնի քայլն արդեն իսկ մասամբ տեսանելի, մասամբ՝«ստորջրյա» բուռն հակասություններ է ծայրահեղորեն սրել, հայ-ադրբեջանական սահմանային այս սրացումները կարող էին (դեռ կարող է) դառնալ այն դետոնատորը, որն ամեն ինչ կպայթեցնի: Այսպիսով՝ ինչից իրականում սկսվեց այս ամենը, դեռ մնում է հիմնական ինտրիգներից մեկը: Ընդ որում, շատ բան կարող է բացատրել այն, թե կոնկրետ հայկական ո՞ր դիրքի մոտ էր հայտնվել ազերիների «Վիլիսը», մեր հին «պոստերի՞» մոտ, թե՞ նրանց, որոնք, ըստ հրապարակային սակայն ոչ պաշտոնական տվյալների, անցել են հայկական ուժերի վերահսկողության տակ եւ որտեղից ուղիղ նշանառության տակ է հայտնվել ազերիների ողջ թիկունքային գոտին, այդ թվում՝ խողովակաշարերը: Այսինքն, եթե իրոք այդ դիրքերը մեր վերահսկողության տակ են, ո՞ր պահին ի հայտ եկավ ազերիների «Վիլիսը»՝ վերահսկողության տակ առնելուց առա՞ջ, թե՝ հետո: Այս հարցերի պատասխաններն են, որ հնարավորություն են տալիս նաեւ հասկանալ՝ այս բախումների հիմքում նաեւ աշխարհաքաղաքական դրդապատճառներ կայի՞ն:
Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ. ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՎԱՐԿԱԾՆԵՐԸ
Ամեն դեպքում, վերլուծական շրջանակներում քննարկվում են տեղի ունեցածի աշխարհաքաղաքական դրդապատճառների մի քանի հիմնական վարկածներ:
Վարկած 1- Առաջին վարկածն ուղղակիորեն կապվում է այն ազդակների հետ, որն աշխարհին հղեց Սուրբ Սոֆիայի տաճարի հետ կապված Անկարայի վերջին քայլը: Այն, որ Թուրքիան դրանով նեոօսմանիզմին եւ պանթյուրքիզմին վերադառնալու հայտ ներկայացրեց, հասկանում են բոլորը: Ամեն դեպքում, փաստն այն է, որ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Անկարայի այդ քայլը որակեց` որպես ռազմավարական վտանգ ՌԴ-ի համար եւ ոչ միայն. «Սուրբ Սոֆիայի սպառնալիքը` սպառնալիք է ողջ քրիստոնեական քաղաքակրթության համար, նշանակում է՝ նաեւ մեր հոգեւոր կյանքի ու պատմության»:
Նկատենք նաեւ, որ այս քայլին զուգահեռ՝ Մոսկվա-Անկարա հարաբերություններում կան բավականին լուրջ սրացումներ: Այսինքն, թեեւ պաշտոնապես կողմերը դեռ համագործակցության ժեստեր են ի ցույց դնում, օրինակ՝ հայտարարում ավիահաղորդակցության վերականգնման մասին, սակայն խորքային մակարդակով կան նաեւ սուր բախումներ: Այդ թվում Լիբիայում, Սիրիայում: Եվ չի բացառվում, որ նման հակասությունների արդյունք կարող էր դառնալ նաեւ Տավուշը: Ընդ որում, նկատենք, որ Թուրքիան միջադեպի հենց առաջին պահից ցույց տվեց, որ պատրաստ է մինչեւ իսկ ռազմական գործողություններով օժանդակել «փոքր եղբորը»: Գումարած դրան` եղան տվյալներ, որ դա սկսում է նաեւ գործնական բնույթ կրել, այդ թվում՝ ադրբեջանականի անվան տակ Նախիջեւանում գտնվող թուրքական ուժերը բերվեցին բարձր մարտական պատրաստվածության: Այսպիսով, այս բախումների արդյունքում Թուրքիան մի քանի խնդիր կարողացավ լուծել, որը հիմք է տալիս այն վարկածին, թե տեղի ունեցածը կարող է Անկարայի կազմակերպածը լինել: Նախ` «փոքր եղբորը» ցույց տվեց, որ անվերապահորեն կանգնած է նրա կողքին եւ այդ քայլով բավականին բարձրացրեց Ադրբեջանի աչքին սեփական դիրքերը, որը սկսել էր թուլանալ տարածաշրջանում Մոսկվայի դիրքերի ուժեղացմանը զուգահեռ: Հաջորդը՝ Արցախի փոխարեն հարվածը Տավուշ, այսինքն՝ ՀԱՊԿ-ի վերահսկողության գոտի տեղափոխելը որոշակիորեն ազդեց նաեւ այդ կառույցի հեղինակության վրա: Համենայնդեպս, նկատելիորեն սրվել են խոսակցություններն այն մասին, թե ՀԱՊԿ-ը մեռած կառույց է: Զուգահեռաբար Ռուսաստանը հայտնվում է բարդ իրավիճակում, երբ մի կողմից պարտավոր է պաշտպանել Հայաստանին, մյուս կողմից՝ չի ցանկանում փչացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ: Եվ այս ամենից Անկարան, ինչ խոսք, միանգամայն տեսանելի շահ ունի:
Վարկած 2- Եվ այս նույն տրամաբանության շրջանակներում շրջանառվում է առաջին վարկածի ավելի ընդհանրական տարբերակը: Այսինքն՝ որ այն բոլոր շահերը, որոնք տարածաշրջանում հետապնդում էր Թուրքիան, ուներ նաեւ գլոբալ ուլտրալիբերալիզմը: Եվ ավելին, գլոբալիստ սորոսանմանների համար կարող էր լինել նաեւ գործողությունների մեկ այլ սցենար, որից Թուրքիան միգուցեեւ խուսափում է: Խոսքը՝ տավուշյան բախումը մեծ պատերազմի հասցնելու մասին է, որն այդ դեպքում կներգրավվեր նաեւ արցախյան, նախիջեւանյան ուղղությունները, այսինքն՝ Թուրքիային, ռուսներին, պարսիկներին եւ այլն: Ընդ որում, նման բախման հետեւանքը կարող էր դառնալ ռուս-թուրք-իրանական խարխուլ համագործակցությանապալումը Սիրիայում, կբացառվեր համագործակցության փորձը Լիբիայում եւ այլն: Կարճ ասած, խոսքը մեծ հրդեհի մասին է, որը կարող էր առնվազն մեծ տարածաշրջանի մակարդակով ծավալվել, եւ այդ դեպքում դրանից միգուցե նաեւ ամերիկացիները չկարողանային խուսափել: Նկատենք, որ ուլտրալիբերալիզմի միջամտության մասին է խոսում այն, որ այդ համակարգի հայաստանյան սպասավորները բավականին ակտիվ կերպով, շատ դեպքերում նաեւ պատրիոտի դիմակի տակ փորձում էին ու դեռ փորձում են սրել ռազմական կրքերը: Ընդ որում, հանրության համար միանգամայն ականջահաճո երանգներով՝ «գնանք, գրավենք, Քուռ-Արաքս, ադրբեջանական նավթամուղերը վերահսկենք», եւ այդպես շարունակ»: Ընդ որում, հաշվի առնելով, որ այդ կոչերը հաճախ հնչեցնում էին նաեւ սովորական դասալիքները, դժվար չէ հասկանալ, թե ում արյան հաշվին էին դրանք նման պլաններ կազմում: Նկատենք նաեւ, որ նույնի՝ ուլտրալիբերալների նման քայլերի մասին ակնարկեց նաեւ Ալիեւը: Ավելին, որ պատերազմական կոչերով ցույցը եւս այդ թեւի ձեռքի գործն է, եւ սպառնաց, թե եկել է «5-րդ շարասյան հարցերը լուծելու ժամանակը»: Ընդ որում, այս վարկածի մի փոքր այլ տարատեսակն էլ կա, որ ուլտրալիբերալները ոչ թե կազմակերպիչներն էին, այլ պարզապես փորձեցին առիթն օգտագործել: Մեկ այլ տարատեսակով էլ գործել է Սորոս-Էրդողան-հայաստանյան սորոսածիններ-Ալիեւ պայմանավորվածությունների շղթան: Ամեն դեպքում, նկատենք, որ իրադարձությունների նման հնարավոր զարգացումը կարծես թե Մոսկվային եւս մտահոգեց: Առաջինը, դեռ հազիվ բախումները` սկսած Մոսկվայից եկան բավականին կոշտ ազդակների պահանջով, որ պետք է ռազմական գործողությունները անմիջապես կասեցնել: Նմանատիպ ազդակներ եկան նաեւ Իրանից, որոնց հիմքում կարելի էր կարդալ մինչեւ իսկ Ադրբեջանին ուղղված վատ թաքցված սպառնալիք: Վերջապես այն, որ Հայաստանում ռուսական ռազմաբազան թուրքական սահմանի մատույցներում ի ցույց դրեց իր սպառազինությունները, մի շարք հեղինակավոր աղբյուրներ որակեցին որպես Անկարային ուղղված լիովին բաց մեսիջ՝ չհամարձակվեք: Ու նկատենք, որ հենց դրանից հետո էր, որ Ալիեւի մոտ եւս նկատվեց հայտարարությունների որոշակի փոփոխություն՝ «Չենք ուզում ծավալուն պատերազմ»: Ընդ որում, որոշ վերլուծաբաններ դրա տակ նկատել էին Թուրքիային ուղղված դիմում. «Տեսնում եք իրավիճակը, ոչինչ չենք կարող անել»:
Վարկած 3- Վերջապես կա նաեւ այն վարկածը, որ բախման մեկնարկային հրահանգը կարող է նաեւ ՌԴ-ից եկած լինել, էլի կապված Սուրբ Սոֆիայի առնչությամբ Թուրքիայի քայլերի հետ: Ըստ այդ վարկածի` ՌԴ-ին թիկունքին տեսնելով է, որ հայկական ուժերը վերցրին անպաշտպան մնացած ադրբեջանական (թեեւ կարելի է ասել նաեւ չեզոք, եթե անպաշտպան էր) հենակետը, եւ հենց այդ դիրքին է, որ եկավ ու բախվեց «կորած-մոլորված» ադրբեջանական «Վիլիսը»: Այսինքն՝ ըստ այս վարկածը կրողների, սա այն քայլն էր, որով Թուրքիային մատնանշվեց, որ չփորձի մտածել հարավկովկասյան ուղղությամբ հավակնությունների մասին, եւ որ այս տարածաշրջանում առաջին ջութակահարը եղել եւ մնում է Մոսկվան: Ու, զուգահեռաբար, երբ ադրբեջանական փողաբեր էներգաուղիները հայտնվում են հայկական հրետանու ուղիղ թիրախում, ապա դա էլ Ալիեւի համար է լուրջ ահազանգ, որ «մեծ եղբոր» կամ էլ՝ Հեյդարովիչի կողմից ֆինանսավորվող Սորոսի խելքին ընկնել պետք չէ: Ամեն դեպքում, անկախ նրանից, թե իրականում այս վարկածներից որն է գործել, բոլորի համար էլ մեկ ընդհանրական փաստ կա՝ ինչքան էլ որ մեր տեղի սորոսականները վերջին ժամանակներս թիրախավորել էին Հայաստանում գործող ռուսական ռազմաբազան, սակայն այս խառը օրերին հենց այդ բազան է, որ ուժ ի ցույց դնելով, շատուշատ հաշվարկներ գլխիվայր շրջեց: Սա այն հերթական ապացույցն է, թե իրականում տարածաշրջանում պատերազմի եւ խաղաղության հարցերը ում վերահսկողության տակ են:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

