Ինչու Ալիեւը հրաժարվեց իր 20 տարվա ԱԳ նախարարից
Արխիվ 16-20Ի դեպ, այս ընդհանուր թոհուբոհին եւ ամենատարբեր ու զորեղ հարթակներից հնչող հայտարարությունների ֆոնին մի տեսակ աննկատ մնաց Մինսկի խմբի համանախագահների խոսքը: Այն դեպքում, երբ ՄԽ-ն արագորեն արձագանքեց տավուշյան բախումներին՝ շփման մեջ մտնելով արտգործնախարարների հետ: Ունեցավ նաեւ ներքին քննարկում, այսինքն, նախօրեին ներկայացված հայտարարությունն այդ գործընթացի արդյունքում էր, ոչ թե՝ հանպատրաստից խոսք: Իսկ դա իհարկե բարձրացնում է հայտարարության գործնական արժեքը:
Այսպիսով, համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը նախ ողջունում են «ռազմական գործողությունների նվազումը»` կոչ անելով կողմերին «բոլոր ջանքերը գործադրել՝ շարունակելու դեէսկալացիան» եւ «ձեռնպահ մնալ բորբոքող հռետորաբանությունից եւ իրավիճակը տեղում փոխելու փորձերից»: Դրան հաջորդում է այս ուշագրավ միտքը. «Համանախագահները ողջունում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հաստատումը` անցկացնելու բանակցություններ ղարաբաղյան հակամարտության կարեւորագույն ասպեկտների ուղղությամբ որքան հնարավոր է շուտ, եւ կարեւորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, երբ իրավիճակը թույլ կտա»:
Այսպիսով, ՄԽ-ն տեղեկացնում է, որ եղել է Մամեդյարով-Մնացականյան հանդիպման՝ «բանակցությունների» պայմանավորվածություն, այն էլ՝ «հակամարտության կարեւորագույն ասպեկտների ուղղությամբ»: Եվ նկատենք՝ սա այն է, ինչի մասին խոսում է նաեւ Ալիեւը՝ անցնել ակտիվ բանակցությունների փուլին: Հետեւաբար, նման պայմանավորվածությունը պետք է որ գրանցվեր որպես Մամեդյարովի օգտին ձեռքբերում: Եվ կտրուկ շրջադարձ. Սերգեյ Լավրովի եւ համանախագահների հետ Մամեդյարովի ակտիվ շփումներից հետո, որը այս երկուշաբթի էր, եթե հավատանք Ալիեւին, Մամեդյարովը «անհետացավ»: Զուգահեռաբար շրջանառության վերադարձան նրա պաշտոնանկության մասին լուրերը, որոնք երեկ հաստատվեցին՝ ԱԳ նոր նախարար նշանակվեց կրթության արդեն նախկին նախարար Ջեյհուն Բայրամովը: Իհարկե, այստեղ կա այն հարցը, որ եթե Ալիեւը համարում է, որ ինչպես ռազմական, այնպես էլ՝ դիվանագիտական ճակատում այս օրերին ունեն միայն հաջողություններ, ապա ինչո՞ւ հրաժարվեց Մամեդյարովից, ով իր հետ է՝ նախագահ դառնալուց սկսած: Սակայն խնդրին մոտենանք այլ կողմից. այս փոփոխությունը նշանակո՞ւմ է, որ ՄԽ-ի ասած պայմանավորվածությունը՝ ԱԳ նախարարների` «որքան հնարավոր է շուտ բանակցությունների» մասին օրակարգից դուրս է գալիս: Տրամաբանորեն՝ այո՛: Ավելին, սա տրամաբանորեն նաեւ ենթադրում է՝ բանակցային գործընթացի հետաձգում անորոշ ժամկետով: Հիշեցնենք, երբ փոխվեց ՀՀ ԱԳ նախարարը, ամիսներ պետք եղան նախնական շփումներից քննարկումներ անցնելու համար: Այն դեպքում, երբ ՀՀ նոր ԱԳ նախարարը դիվանագիտության ոլորտից ոչ անհայտ անձ էր, այսինքն՝ մինչ նշանակումը պետք է, որ որոշակի պատկերացումներ ունենար բանակցային նրբերանգների մասին: Իսկ ահա Ալիեւը նշանակում է ոլորտի հետ կապ չունեցող մեկին. Բայրամովը մասնագիտությամբ տնտեսագետ, ապա՝ իրավաբան է, ունի նախարար աշխատելու ընդամենը 2 տարվա փորձ, իսկ մինչ այդ, 5 տարի կրթության փոխնախարար էր: Այսինքն, ինչպես դիվանագիտության, այնպես էլ՝ արցախյան բանակցությունների ուղղությամբ նա սկսնակ անձնավորություն է, եւ նրան ամիսներ, եթե ոչ՝ տարիներ են պետք՝ Մամեդյարովի ռեալ փոխարինող դառնալու համար: Ստանում ենք տարօրինակ վիճակ. մի կողմից` Ալիեւը պահանջում է շուտափույթ «առարկայական բանակցություններ», մյուս կողմից` փորձառու նախարարի փոխարեն նշանակում է մեկին, ով դեռ միայն դիվանագիտության այբուբենը պետք է սովորի: Այդ հակասությունը ցցուն դարձավ նաեւ նշանակումից հետո Բայրամովին ընդունելու ժամանակ: Ալիեւն ասաց. «Նախորդ տարիներին կարգավորման համար անհրաժեշտ իրավական հիմք է ձեւավորվել...»: Նաեւ, որ. «ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը պետք է շատ ակտիվ լինի եւ չսահմանափակվի միայն շփման գծում մոնիտորինգով, այլեւ առարկայական բանակցությունների ապահովմամբ»:
Նման հակասությունից այն տպավորությունն է առաջանում, որ Ալիեւը, նշանակելով նման ԱԳ նախարար, կա՛մ հույս ունի, որ ոչ թե նախարարը, այլ ինքն անձամբ է զբաղվելու բանակցություններով, այսինքն, որ գործընթացը կտեղափոխվի «բարձր մակարդակի» փուլ: Կամ էլ Բայրամովը պարզապես պետք է միայն հնչեցնի Ալիեւից ստացած հանձնարականները, ինչը փորձառու դիվանագետ Մամեդյարովի համար խայտառակություն կլիներ։ Եթե պատճառը սա է, ապա դա չգիտես, թե բանակցություններն ուր կտանի: Ամեն դեպքում մեկ բան հստակ է՝ այս կերպ Ալիեւը փակեց բանակցային գործընթացի «մամեդյարովական» փուլը, ինչն ակնարկ է կտրուկ շրջադարձի մասին՝ դեպի ինչ-որ փաստաթղթի ստորագրում կամ դեպի գործընթացի լիակատար ձախողում:
Չնայած, շրջանառվում է նաեւ այն վարկածը, որ ոչ թե Ալիեւն է հրաժարվել Մամեդյարովից, այլ հակառակը։ Այսինքն, որ Մամեդյարովը կոպիտ սխալ է համարել բանակցային գործընթացից դուրս գալու հնարավորության մասին Ալիեւի հայտարարությունը, որը նա արել էր մինչ այս սրացումները։ Ըստ այդ վարկածի, Մամեդյարովն այն համոզմունքին էր, որ այդ հայտարարությամբ Ալիեւը պարզապես ջուրը լցրեց այն բոլոր բանակցային առավելությունները, որոնք ԱԳՆ-ին հաջողվել էր հասնել այս երկու տարիներին։ Ավելին, որ նա այդ մասին ասել է Ալիեւին, վերջինս էլ արձագանքել է, թե բանակցությունները ոչինչ չեն տալիս, Մամեդյարովն էլ իր հերթին, թե գործ ունեն արտաքին զորեղ ուժերի հետ, եւ եղածը հնարավորությունների առավելագույնն է․․․ Արդյունքում, համատեղ որոշել են՝ բաժանվել։ Տավուշյան բախումներն ընդամենը մի քանի օրով դա հետաձգեցին։
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

