«Մենք փող չենք ուզում, պատշաճ վերաբերմունք ենք ուզում». Մարգարիտա Խաչատրյան
Արխիվ 16-20Ինչպես ավելի վաղ տեղեկացանք, սևազգեստ մայրերի դեմ դատական հայց է ներկայացվել մարտի մեկի զոհերի իրավահաջորդների կողմից: Զինվոր կորցրած մայրերից պահանջում են ներողություն խնդրել՝ մարտի մեկի դեպքերը թալան որակելու համար: Իսկ ահա երկու օր առաջ տեղի ունեցավ վերոնշյալ գործի դատական նիստը:
Այս մասին զրուցեցինք` «Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հետ :
Մարգարիտա Խաչատրյանի խոսքով` հիմա հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ է, և շատ ամոթ է, որ սևազգեստ մայրերն այսօր կանգնած են դատարանի առաջ:
«Մի կողմում զոհասեղանին դրված են զոհված զինվորները, իսկ մյուս կողմից սևազգեստ մայրերին դատի են տալիս: Ասեմ, որ հայցադիմում ներկայացնողներից և ոչ մեկ դատարան չէր ներկայացել, և անգամ իրենց փաստաբանները չկային, որ մենք հասկանայինք, թե որն է եղել մեր սխալը, երբ Կառավարության շենքի դիմաց պահանջել ենք ընդամենը պատշաճ վերաբերմունք զոհված զինծառայողների ընտանիքների հանդեպ:
Չի բացառվում, որ այսօրվա զոհասեղանին դրված տղերքի մայրերին ևս դարձնեն պատասխանատուներ: Ես անչափ մեծ ցավ եմ ապրում այն ամենի համար, ինչ այսօր կատարվում է:
Այսօր ուզում են սևազգեստ մայրերից գումար վաստակել, այդքան մի բան»:
Ի պատասխան մեր այն հարցին, թե սևազգեստ մայրերը չե՞ն պատրաստվում արդյոք դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պահանջելով, որ քրեական գործը վերանայվի, Մարգարիտա Խաչատրյանը պատասխանեց հետևյալը.
«Մենք որքան, որ գրավոր հղում ենք կատարել, որևէ պատասխան չենք ստացել, և չենք էլ ակնկալում: Կառավարությունն այսօր շատ ծրագրեր ու ֆինանսական աջակցություններ է իրականացնում, սակայն ոչ մի տեղ չկան մեր անունները:
Մենք փող չենք ուզում, պատշաճ վերաբերմունք ենք ուզում»:
Հայկ Գևորգյան

