Վանում համարվում էր, որ հենց Վարդավառին է տեղի ունեցել Հայկի եւ Բելի կռիվը.ԳՈՀԱՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Արխիվ 16-20Անդրադառնալով Վարդավառի տոնին ազգագրության, ծագումնաբանության տեսանկյունից «Իրավունք» թերթն այս անգամ զրուցել է ազգագրագետ, մշակութային մարդաբան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող` ԳՈՀԱՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:
– Վարդավառը բերքի հասունացման, բերքահավաքի տոներից մեկն է, Ագաթանգեղոսի բառերով` "ամենաբեր նորոց պտղոց եւ հունձքի տոն", որից, ըստ էության, սկիզբ է առնում նաեւ տնտեսական տարվա փակումը: Վարդավառին ամենուր հասունացած ցորենի հասկերից փնջեր` խաչբուռեր հավաքելու եւ եկեղեցի տանելու ծիսական պրակտիկան սրա լավագույն վկայությունն է: Բայց հացահատիկից բացի, նշանավորում էր նաեւ պտուղների, մասնավորապես` խնձորի հասունացումը: Որոշ շրջաններում ընդունված էին գիշերային խարույկահանդեսները, որոնք ուղեկցվում էին տղաների եւ աղջիկների երգային մրցություններով, եւ խնձորը հենց այդ խարույկներում խորովելով ու ճաշակելով: Այսօրվա տեսանկյունից Վարդավառի գլխավոր այցեքարտը ջուրն է` ջրախաղերը, , սակայն ավանդաբար ջրին գրեթե հավասար դերակատարում ուներ եւ կրակը` ի դեմս խարույկահանդեսների: Այս հանգամանքը` ջրի եւ կրակի համադրությունը տոնում, վկայում է ամառային արեւադարձի տոների հետ Վարդավառի առնչության մասին, եւ այն իր արտահայտությունն է գտել նաեւ տոնի անվանման մեջ` վարդ` ջուր եւ վառ` կրակ, այրել արմատների համադրությամբ: Թեեւ, պետք է ասել, որ "Վարդավառ" բառեզրի մասին հայագիտության մեջ արտահայտվել են տարբեր տեսակետներ եւ նրա ստուգաբանությունն առ այսօր շարունակում է մնալ քննարկման առարկա` մերթընդմերթ կարեւորելով բառի հիմքում ընկած վարդ` ծաղիկը, միայն վառ` կրակը, կամ էլ` կրակն ու ջուրը միասին: Ինչեւէ, համենայնդեպս, Վարդավառ տոնի մակարդակով հաստատվում է ջրի եւ կրակի համադրությունը, որ բնորոշ է այլ արեւադարձային տոներին եւս (սլավոնական Կուպալան, օրինակ):
Վարդավառն ուխտագնացությունների տոն էր. սարերում, բարձունքներում գտնվող սրբավայրերին այցելություն տալն ու մատաղներն այս տոնի կարեւոր բաղկացուցիչներն էին, որոնք ուղեկցվում էին ձիարշավներով, ճլորթու խաղերով, գոտեխաղերով եւ հիմնականում մրցություն ներկայացնող այլ խաղերով: Շատ ընդունված էին նաեւ վարդավառյան նշանադրություններն ու հարսանիքները: Տարվա մեջ ամենաշատ հարսանիքներ լինում էին Բարեկենդանին ու Վարդավառին, եւ դա պատահական չէ, որովհետեւ երկուսն էլ մեր ամենաուրախ ու հրապարակային տոներն էին` գունեղ կառնավալային գծերով: Վարդավառյան կառնավալի կիզակետը, իհարկե, առ այսօր ջրոցին է` հասարակական հարաբերությունները կարգավորող առօրյա նորմերի խախտմամբ, ուրախությամբ եւ անկաշկանդությամբ: Այն ավանդաբար կապվել է համաշխարհային ջրհեղեղի եւ մարդկության երկրորդ ծնունդը խորհրդանշող Նոյան առասպելի հետ: Ընդհանրապես, Վարդավառին հատուկ են ամանորյա տոնի շատ գծեր, այն ինչ-որ մի ընթացք եղել է հենց այդպիսի տոն ու այս իմաստով էլ կապվում է սկզբի գաղափարի հետ: Մի դեպքում այդ սկիզբն առնչվում է մարդկության ծննդին, մեկ այլ դեպքում` հայ ժողովրդի ծննդյանը. Վանում համարվում էր, որ հենց Վարդավառին է տեղի ունեցել Հայկի եւ Բելի կռիվը, եւ ի հիշատակ այդ ազգածին կռվի էլ այստեղ ընդունված էին մարտ ներկայացնող տոնական խաղերը: Ջրախաղությունը նույնպես կապվում է նորոգման եւ վերածննդի հետ: Այս գաղափարն այնքան կայուն է, որ առ այսօր կա համոզմունք` պարտադիր հաղորդակցվել վարդավառյան ջրին, եթե ոչ մարտական գործողություններ հիշեցնող ջրոցուն, ապա գոնե մի քանի կաթիլով ցողվելով:
Ն. Զաքարյան

