«ՎԱՐԴԱՎԱՌԻՆ ՀԱՏՈՒԿ ԵՆ ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԻ ՇԱՏ ԳԾԵՐ»
Արխիվ 16-20Այս տարի Վարդավառի տոնը տարբերվում է անցյալ տարիներից, քանի որ պետք է նշենք դիմակներով: Ինչպե՞ս է պատրաստվում եկեղեցին դիմավորել Վարդավառը, եւ այն ի՞նչ խորհուրդ ունի: Այս հարցերի շուրջ զրուցեցինք Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ` Տեր ՇՄԱՎՈՆ քահանա ՂԵՎՈՆԴՅԱՆԻ հետ:
– Պանդեմիայի շրջանում այս տարի Վարդավառը դիմակներով ենք նշելու: Մեր իրականության մեջ տխուր է այս տարվա Վարդավառը:
– Ո՛չ միայն Վարդավառը, ամեն ինչը:
– Եկեղեցին ինչպե՞ս է նշելու այս տարի:
– Բուն պատարագը փակ դռների ներքո է լինելու: Միշտ ամեն տարի տոնախմբություններ ենք արել, եկեղեցու բակում խաղիկներ ենք կազմակերպել, եւ այդ ավանդական ժողովրդական ջրոցիին մասնակցել են երիտասարդաց միություններ: Այսօր հրապարակավ որեւիցե միջոցառումներ չեն կազմակերպելու:
– Ո՞րն է Վարդավառի խորհուրդը:
– Վարդավառը, ինքը պայծառակերպության տոնն է, երբ որ Քրիստոսն իր աշակերտներին վերցնելով, բարձրացավ Թափոր լեռը եւ այնտեղ պայծառակերպվեց եւ բացվեց նրանց համար` որպես միակ եւ ճշմարիտ Աստված: Կոչվում է Վարդավառ, որովհետեւ այստեղ նա վարդի հետ է համեմատվում: Ինչպես որ վարդի ծաղիկը, երբ որ կոկոն է` գույնը չես կարող տեսնել, եւ երբ բացվում է, նոր միայն հասկանում ես նրա էությունը, գեղեցկությունը, այնպես եւ Քրիստոսի հետ համեմատելով հրաշալի մեր տաղերգու` Նարեկացու շնորհիվ, այդ տոնը նաեւ ստացավ երկրորդ ժողովրդական անուն` Վարդավառ:
– Ժողովուրդն ասում է` ջրով ցողելն օրհնանք է` ըստ եկեղեցու, դա ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Միակ օրհնանքը եւ օրհնությունը Աստծուց ստանալն է` եկեղեցում արարողությունների ընթացքում կամ քահանայի միջոցով մասնակցելով եկեղեցական արարողություններին: Ես էլ Ձեզ հարց տամ` դուք ո՞նց եք կարծում, ծորակից վերցված ջուրը օրհնությո՞ւն է: Դա խաղ է, որը որ պահպանվել է մեր իրականության մեջ, որը երբեմն հասնում է տգեղության, գռեհկության, երբ որ մարդիկ չեն ուզում այդ խաղի մեջ մտնել, բայց մարդկանց ջրում են, դա, բնականաբար, տհաճություն է պատճառում իրենց: Այսինքն` այդ ամենի մեջ պետք է տեսնել պատշաճություն: Եթե մարդը չի ուզում այդ խաղին մասնակցել, պետք չէ իրեն կամքին հակառակ ներքաշել այդ խաղին:
– Վարդավառը շատ հաճախ մենք վերածում ենք խրախճանքի` գառ ենք մորթում: Մատաղ անելը ընդունվա՞ծ է եղել:
– Ցանկացած եկեղեցական տոն ունի իր ժողովրդական նշելու կերպը: Դա կլինի Զատիկ, Հարություն, Պայծառակերպություն, թե Աստվածածնի տոն: Խաչվերաց տոնին ընդունված է ուլ կամ գառ իջեցնել թոնիրը: Այս ամենը ժողովրդական ավանդույթներ են, բայց ցանկացած պարագայում ամեն մի ավանդույթ չպետք է անցնի իր սահմանները: Այսինքն` չվերածվի հարբեցողության ու գինարբուքի: Մատաղը միշտ ընկալելի եւ ընդունելի է եկեղեցու կողմից: Աղանդավորները փորձում են մատաղը շահարկել` ցույց տալով, որ եկեղեցին սխալ ուղու վրա է: Բնականաբար, դա այդպես չէ: Բոլոր աղանդավորները փորձում են ասել, որ մատաղը զոհ է, զոհաբերություն է, եւ նաեւ զուգահեռում են, որ Քրիստոսն ինքը դարձավ վերջին զոհը մարդկանց համար: Այո՛, համաձայն եմ` Քրիստոսը դարձավ վերջին զոհը մեր մեղքերի համար: Այլեւս Աստծո հավատացողին պետք չէ զոհաբերություն: Այլ պետք է անկեղծ զղջում, խոստովանություն: Ներումն Աստծուց շնորհվում է եկեղեցում` սուրբ հաղորդության միջոցով: Իսկ մատաղը, որպես այդպիսին, մնաց որպես կերակուր աղքատների: Մատաղը դառնում է միջոց, որով կերակրվում են մարդիկ: Բարիք ես գործում, եւ դա սիրո լավագույն արտահայտություններից մեկն է: Մատաղը պարտադիր չէ միայն գառան կերպով լինի: Այն կարող է լինել եւ պարզապես կերակուրի միջոցով աղքատներին բաժանելու, հացի տեսքով: Առիթ եղել է, երբ տարիներ առաջ, մարդիկ ուզեցել են մանկատան երեխաների համար մատաղ անել, քանի որ մանկատան երեխաները փոքր էին, եւ կարող էր խնդիրներ առաջանալ նուրբ մանկան օրգանիզմին, որոշեցինք գառան գնով պիցցա նվիրել երեխաներին: Նպատակը մեկն էր` ուրախացնել եւ կերակրել: Այսինքն` եւս մեկ անգամ փորձեմ հորդորել եւ ասել, որ մատաղը սեփական խրախճանք անցկացնելու միջոց եւ մթերք չէ: Այն արվում է միայն եւ միայն կերակրելու ուրիշներին: Եթե ուզում ես խրախճանք, քեֆ անել, ուրախանալ, մեկ այլ անասուն քեզ համար մորթիր: Այն, ինչ-որ խոստացել ես եւ մատաղ պետք է անես, դա պատկանում է ուրիշին` չունեւորներին, աղքատներին, որը որ հենց առաջին հերթին քո հոգուն խախաղություն կբերի, որով դու կատարում ես Աստծո պատվիրանը, որով ասվում է. «Սիրիր դիմացինիդ, ինչպես քո անձը»:
– Ինչպե՞ս եք պատկերացնում դիմակներով Վարդավառը:
– Մենք երբեւիցե չէինք պատկերացնի, որ հնարավոր կլինի ինչ-որ մի օր գա, որ մենք փողոցում, շոգին, ամառվա տապին դիմակով շրջենք: Կյանքում միշտ լինում են երեւույթներ, որոնք որ մենք չենք պատկերացնում, բայց տեղի են ունենում: Հորդորս` հնարավորինս զգույշ լինել: Այն ամենը, ինչ-որ կատարվում է, Աստծո թույլտվությամբ է կատարվում եւ Աստծո կամքով: Թերեւս այս պանդեմիայի ընթացքը, երբ որ մենք անցանք խիստ սահմանափակումների, թող ազդակ լինի մարդկանց համար` վերանայելու սեփական կյանքը եւ անձը:
– Միգուցե սա Աստծո փորձությունն է մեզ:
– Աստված չի փորձում, բայց թույլ է տալիս, որ մարդու վրա ինչ-որ փորձություն իջնի, որպեսզի մարդ իրեն վերանայի: Երբ մենք ասում ենք. «Լավ ուրիշ օր կհասցնեմ պատարագին գալ, այսօր չգամ, հետո կգամ»: Աստված փակեց դռներն ու ասաց` «Մի եկեք, ոչ մեկդ էլ չի գալու: Կկարոտեք, ինքներդ կցանկանաք, կբաղձաք, որ գաք»: Եվ դա կլինի, երբ մարդկանց մոտ շատ բաներ փոխվեն:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

