ԵՎՍ ՄԵԿ ԱՊԱՑՈՒՅՑ, ՈՐ ՆԻԿՈԼԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՄԱՎԱՐԱԿԸ
Արխիվ 16-20Այն, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ իրական պայքար միտումնավոր չտալը ասվել է եւ խոսվել է բազմիցս: Այդտեղ կան ե՛ւ քաղաքական, ե՛ւ այլ տիպի նպատակներ: Ի վերջո, չմոռանանք, որ հենց կորոնավիրուսն է, որ Նիկոլին եւ իր թայֆային փրկեց խայտառակությունից: Նախ` այդ պատրվակով Նիկոլը չեղարկեց մարտի 1-ի հանրահավաքը, որտեղ մարդ չէր հավաքվում, եւ ապա չեղարկեց ապրիլյան հանրաքվեն, որտեղ նա վստահաբար պարտություն կկրեր:
Բազմիցս նաեւ նշվել է, որ կորոնավիրուսի տարածման հիմնական օջախներից մեկն էլ հասարակական տրանսպորտն է, ավելի ճիշտ` այն խայտառակ «Գազելները», որտեղ մարդիկ քիփ-քիփ նստած` ստիպված են երթեւեկել: Ժամանակին ծաղրածուն, այսինքն ` քաղաքապետ Հայկոն, ամպագոռգոռ խոստումներ էր տալիս, թե տրանսպորտը կբարելավվի: Երկու տարվա մեջ ի՞նչը բարելավվեց: Այսքանից հետո երեւի ծաղրածուն ոչ թե Հայկոն է, այլ նրան ընտրողները, սակայն սա առանձին խոսակցության թեմա է: Իսկ ինչ վերաբերում է տրանսպորտին, ապա Նիկոլը, Ավինյանն ու ծաղրածուն երեքով միասին չեն կարողանում կազմակերպել անգամ տրանսպորտային միջոցների եւ կանգառների ախտահանման աշխատանքները: Տրանսպորտի հետ կապված եւս մեկ զավեշտ` սոցիալական գովազդով պարետատունը կոչ է անում տրանսպորտ նստելիս ունենալ այնպիսի մանր դրամ, որպեսզի ստիպված չլինեն մանրադրամ հետ ստանալ, ինչպես նաեւ նշում են, թե դրամի համար պետք է լինի առանձին արկղ: Այսպիսի հետամնաց վճարային համակարգ չկա աշխարհի ոչ մի երկրում: Բոլորը վաղուց անցել են քարտային համակարգերին, սակայն, թեեւ, Նիկոլը խոսում է կոռուպցիայի պայքարի մասին, եւ անկանխիկ դրամաշրջանառության կոչեր է անում, տրանսպորտում մարդիկ վճարում են կանխիկ մանրադրամով, որը ոչ ոք ո՛չ հաշվառում է, ո՛չ էլ, բնականաբար, ախտահանում: Կորոնավիրուսային 5 ամիսների ընթացքում վաղուց կարելի էր մտցնել քարտային համակարգը՝ տրանսպորտի վճարման համար: Սա լրջորեն կբարելավեր համավարակի դեմ միջոցառումների արդյունավետությունը: Սակայն դա չարվեց, դրա փոխարեն ինչ-որ արկղերի մասին են խոսում, ինչո՞ւ: Հավանաբար այն շրջանակներին, ովքեր փող են գռփում տրանսպորտային համակարգից, ձեռնտու չէ, որ հաշվառվեն տրանսպորտում շրջանառվող գումարները: Բացի այդ, ՀՀ իշխանություններին ձեռնտու չէ պայքարել կորոնավիրուսի դեմ, քանի որ սա միակ միջոցն է՝ զսպել ժողովրդին հակաիշխանական ցույցերի դուրս գալուց: Դրա փոխարեն Նիկոլի մտքի թռիչքը ոչ մի կերպ չի անցնում դիմակներից այն կողմ: Բայց դիմակները, տալով շատ ցածր արդյունավետություն կորոնավիրուսի դեմ պայքարի մեջ, տալիս են բարձր եկամտաբերություն Նիկոլի ծակ բյուջեի համար: Այս կարճ ժամանակահատվածում Նիկոլը հավաքեց 50 մլն դրամ, որպեսզի բաժանի իր ապիկար կառավարության անդամներին ու էլ ավելի ապիկար պատգամավորներին: Բացի այդ, դիմակ պարտադրելը նպատակ ունի ժողովրդի մեջ անհատականության ու ազատության ոչնչացումը, սոցիալական շփումների սահմանափակումը, ի վերջո, ժողովրդին ոչխարների հոտի վերածելը: Սա այն տեխնոլոգիաներից է, որը հայտնի է կառավարման ստոր մեթոդների սիրահարներին: Հավանաբար ընթերցողները կհարցնեն, թե ինչու չենք տալիս միջազգային առողջապահական մաֆիոզ համակարգերի հետ առնչություն ունեցող, առողջապահության ոչնչացնող Արսեն Թորոսյանի անունը: Բանն այն է, որ նրա՝ մեր ժողովրդի համար վնասակար եւ թշնամի լինելը այլեւս հայտնի է ցանկացածին: Ահա եւս մի ապացույց, որ վերոհիշյալ անձինք միտումնավոր չեն պայքարում կորոնավիրուսի վարակի դեմ, նպատակ ունենալով երկարացնել իրենց ապօրինի, հակաժողովրդական, օտարահպատակ իշխանությունը:
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

