ԱԼԻԵՎԸ ԳՆՈՒՄ Է ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԿՏՐՈՒԿ ՇՐՋԱԴԱՐՁԻ
Արխիվ 16-20Ի դեպ, այս ընդհանուր թոհուբոհին եւ ամենատարբեր ու զորեղ հարթակներից հնչող հայտարարությունների ֆոնին մի տեսակ աննկատ մնաց Մինսկի խմբի համանախագահների խոսքը: Այն դեպքում, երբ ՄԽ-ն արագորեն արձագանքեց տավուշյան բախումներին՝ շփման մեջ մտնելով արտգործնախարարների հետ: Ունեցավ նաեւ ներքին քննարկում, այսինքն, նախօրեին ներկայացված հայտարարությունն այդ գործընթացի արդյունքում էր, ոչ թե՝ հանպատրաստից խոսք: Իսկ դա իհարկե բարձրացնում է հայտարարության գործնական արժեքը:
Այսպիսով, համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը նախ ողջունում են «ռազմական գործողությունների նվազումը»` կոչ անելով կողմերին «բոլոր ջանքերը գործադրել՝ շարունակելու դեէսկալացիան» եւ «ձեռնպահ մնալ բորբոքող հռետորաբանությունից եւ իրավիճակը տեղում փոխելու փորձերից»: Դրան հաջորդում է այս ուշագրավ միտքը. «Համանախագահները ողջունում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հաստատումը` անցկացնելու բանակցություններ ղարաբաղյան հակամարտության կարեւորագույն ասպեկտների ուղղությամբ որքան հնարավոր է շուտ, եւ կարեւորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, երբ իրավիճակը թույլ կտա»:
Այսպիսով, ՄԽ-ն տեղեկացնում է, որ եղել է Մամեդյարով-Մնացականյան հանդիպման՝ «բանակցությունների» պայմանավորվածություն, այն էլ՝ «հակամարտության կարեւորագույն ասպեկտների ուղղությամբ»: Եվ նկատենք՝ սա այն է, ինչի մասին խոսում է նաեւ Ալիեւը՝ անցնել ակտիվ բանակցությունների փուլին: Հետեւաբար, նման պայմանավորվածությունը պետք է որ գրանցվեր որպես Մամեդյարովի օգտին ձեռքբերում: Եվ կտրուկ շրջադարձ. Սերգեյ Լավրովի եւ համանախագահների հետ Մամեդյարովի ակտիվ շփումներից հետո, որը այս երկուշաբթի էր, եթե հավատանք Ալիեւին, Մամեդյարովը «անհետացավ»: Զուգահեռաբար շրջանառության վերադարձան նրա պաշտոնանկության մասին լուրերը, որոնք երեկ հաստատվեցին՝ ԱԳ նոր նախարար նշանակվեց կրթության արդեն նախկին նախարար Ջեյհուն Բայրամովը: Իհարկե, այստեղ կա այն հարցը, որ եթե Ալիեւը համարում է, որ ինչպես ռազմական, այնպես էլ՝ դիվանագիտական ճակատում այս օրերին ունեն միայն հաջողություններ, ապա ինչո՞ւ հրաժարվեց իր բազմամյա ԱԳ նախարարից: Սակայն խնդրին մոտենանք այլ կողմից. այս փոփոխությունը նշանակո՞ւմ է, որ ՄԽ-ի ասած պայմանավորվածությունը՝ ԱԳ նախարարների` «որքան հնարավոր է շուտ բանակցությունների» մասին օրակարգից դուրս է գալիս: Տրամաբանորեն՝ այո՛: Ավելին, սա տրամաբանորեն նաեւ ենթադրում է՝ բանակցային գործընթացի հետաձգում անորոշ ժամկետով: Հիշեցնենք, երբ փոխվեց ՀՀ ԱԳ նախարարը, ամիսներ պետք եղան նախնական շփումներից քննարկումներ անցնելու համար: Այն դեպքում, երբ ՀՀ նոր ԱԳ նախարարը դիվանագիտության ոլորտից ոչ անհայտ անձ էր, այսինքն՝ մինչ նշանակումը պետք է, որ որոշակի պատկերացումներ ունենար բանակցային նրբերանգների մասին: Իսկ ահա Ալիեւը նշանակում է ոլորտի հետ կապ չունեցող մեկին. Բայրամովը մասնագիտությամբ տնտեսագետ, ապա՝ իրավաբան է, ունի նախարար աշխատելու ընդամենը 2 տարվա փորձ, իսկ մինչ այդ, 5 տարի կրթության փոխնախարար էր: Այսինքն, ինչպես դիվանագիտության, այնպես էլ՝ արցախյան բանակցությունների ուղղությամբ նա սկսնակ անձնավորություն է, եւ նրան ամիսներ, եթե ոչ՝ տարիներ են պետք՝ Մամեդյարովի ռեալ փոխարինող դառնալու համար: Ստանում ենք տարօրինակ վիճակ. մի կողմից` Ալիեւը պահանջում է շուտափույթ «առարկայական բանակցություններ», մյուս կողմից` փորձառու նախարարի փոխարեն նշանակում է մեկին, ով դեռ միայն դիվանագիտության այբուբենը պետք է սովորի: Այդ հակասությունը ցցուն դարձավ նաեւ նշանակումից հետո Բայրամովին ընդունելու ժամանակ: Ալիեւն ասաց. «Նախորդ տարիներին կարգավորման համար անհրաժեշտ իրավական հիմք է ձեւավորվել...»: Նաեւ, որ. «ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը պետք է շատ ակտիվ լինի եւ չսահմանափակվի միայն շփման գծում մոնիտորինգով, այլեւ առարկայական բանակցությունների ապահովմամբ»:
Նման հակասությունից այն տպավորությունն է առաջանում, որ Ալիեւը, նշանակելով նման ԱԳ նախարար, կա՛մ հույս ունի, որ ոչ թե նախարարը, այլ ինքն անձամբ է զբաղվելու բանակցություններով, այսինքն, որ գործընթացը կտեղափոխվի «բարձր մակարդակի» փուլ: Կամ էլ Բայրամովը պարզապես պետք է միայն հնչեցնի Ալիեւից ստացած հանձնարականները, որը չգիտես, թե բանակցություններն ուր կտանի: Ամեն դեպքում մեկ բան հստակ է՝ այս կերպ Ալիեւը փակեց բանակցային գործընթացի «մամեդյարովական» փուլը, ինչն ակնարկ է կտրուկ շրջադարձի մասին՝ դեպի ինչ-որ փաստաթղթի ստորագրում կամ դեպի գործընթացի լիակատար ձախողում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

