«ԱՅԺՄ ԱԼԻԵՎԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ Է` ՑԱՆԿԱՑԱԾ ԳՆՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ «ՆԿԱՐԵԼԸ»
Արխիվ 16-20Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում առկա կտրուկ լարվածության, մարտական գործողությունների, հնարավոր զարգացումների, միջազգային արձագանքների շուրջ զրուցել ենք ռազմական փորձագետ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԻ հետ: Փորձագետը նախ անդրադարձավ նախօրեին հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձին` «Անվախ» կոչվող դիրքի ուղղությամբ՝ նշելով.
- Ադրբեջանական կողմի` երեկ գիշերվա հերթական դիվերսիոն փորձն Ալիեւի հուսահատ քայլն էր: Նախկինում եղել են օրինակներ, երբ լուրջ հարվածներ ստանալով, հակառակորդը փորձել է անմիջապես վրեժխնդիր լինել, որը, բնականաբար, ձախողվել է ինչպես միշտ, այնպես էլ՝ երեկ: Ենթադրում եմ, որ զինվորականների վրա լուրջ ճնշում է եղել, իրենց պետք է շտապ հաղթանակներ նկարել: Իրենք փորձեցին վիրտուալ դաշտում հաղթանակ նկարել` կեղծ տեղեկություններ տարածելով հայկական կողմի զոհերի մասին: Ամենայն հավանականությամբ, բնակչությունը նրանց չհավատաց, այժմ Ալիեւի հեղինակության հարցն է՝ ցանկացած գնով հաղթանակ «նկարելը»:
- Ըստ Ձեզ, Ալիեւն առանց արտաքին ուժերի աջակցության նման սադրանքների կգնա՞ր:
- Կարող էր գնալ, եթե նույն զինվորականները իրեն երաշխավորած լինեին, որ կարող են արդյունք տալ: Ալիեւին հիմա շտապ պետք է հաղթանակ, թեկուզ չնչին, բայց՝ հաղթանակ: Երկրորդ հանգամանքն այն է, որ Ալիեւը, ըստ էության, փորձեց ստուգել միջազգային հանրության արձագանքը: Այսինքն, ի՞նչ կլինի, եթե իրենք դիմեն լայնամասշտաբ ռազմական գործողություններին: Իրենք փորձեցին հասկանալ, թե ինչ է փոխվել ՀՀ դիրքերում՝ 2018 թվականից հետո, ինչ է փոխվել միջազգային ասպարեզում առհասարակ: Եվ ինձ թվում է որոշ եզրակացություններ արեցին, օրինակ ՀԱՊԿ-ի մասով:
ՀԱՊԿ-ին դիմելը սխալ էր
- Ի դեպ, ՀԱՊԿ-ի արձագանքն ինչպե՞ս կվերլուծեք:
- Այն, որ նիստ նշանակվեց, հետո հետաձգվեց, ես իհարկե դա մեր կողմից սխալ եմ համարում: Որովհետեւ, հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ում կա Բելառուս, կա Ղազախստան, պետք է հասկանալ, որ վերջիններս ունենալով շատ լավ հարաբերություններ Ադրբեջանի հետ, փորձելու էին մեզ խանգարել այդ հարցում: Այսինքն, ՀԱՊԿ-ի ուղղությամբ նման քայլը ի սկզբանե սխալ էր: ՀԱՊԿ-ում այդ խնդիրը կար նաեւ 2018 թվականին: Խնդիրը սրվեց այն բանից հետո, երբ 2018 թվականի ամռանը հայկական կողմը քրեական գործ հարուցեց Խաչատուրովի նկատմամբ, արդյունքում վերջինս հետ կանչվեց: Սա, բնականաբար, իր ազդեցությունը թողեց: Ըստ այդմ, պետք է այս ամենը հաշվի առնել, երբ մենք դիմում էինք ՀԱՊԿ-ին` արձագանք ստանալու համար: Առհասարակ, ինձ թվում է, որ ՀԱՊԿ-ին դիմելու կարիք չկար էլ: Ցանկացած դեպքում ճիշտ կլիներ ՀԱՊԿ-ից ստանալ ինչ-որ արձագանք, նոր այդ մասին հայտարարել, որպեսզի չստացվեր, որ մենք դիմեցինք, բայց նիստը հետաձգելու պատրվակով մեզ մերժեցին: Առավել եւս, որ հետո շատ լղոզված հայտարարություն ՀԱՊԿ-ն արեց:
«Չէի ասի, որ աննախադեպ էր»
- Ի դեպ, հայտարարության հետ կապված, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը հետեւյալ միտքն էր արտահայտել. «Այս աննախադեպ իրավիճակը կարեւոր թեստ է դառնում ինչպես մեզնից յուրաքանչյուրի, այնպես էլ կազմակերպության համար»: Ինչո՞վ է «վիճակն աննախադեպ»` հաշվի առնելով, որ նման բախումների առաջին անգամ չէ, որ ականատես ենք լինում:
- Ես չէի ասի, որ աննախադեպ էր, որովհետեւ նման հրետակոծություններ, հրթիռակոծություններ եղել են 2014 թվականին, 2015 թվականին. խոսքս բուն ՀՀ տարածքի մասին: Այնպես որ, ես ճիշտն ասած՝ համաձայն չեմ այդ պնդման հետ:
- Նույն ելույթում Բիյագովը հետեւյալ միտքն է նաեւ արտահայտել. «Կազմակերպության պատասխանատվության գոտում փորձ է արվում ուղղակի ագրեսիա իրականացնել կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ»: Սա ինչպե՞ս հասկանալ, ի՞նչ ասել է՝ «ագրեսիայի փորձ»:
- Գուցե դիվանագիտական լեզվով նորմալ արտահայտությունն է: Պարզապես լավ կլիներ, որ նման ձեւակերպումը հնչեր, օրինակ, ՀԱՊԿ-ի քարտուղարի շուրթերից:
- Հնարավո՞ր է, որ Ալիեւը այ հենց վերը նշած հանգամանքները հաշվի առնելով, գնար այս սադրանքներին:
- Այո, գուցե նաեւ ստուգելու համար, թե ով կարձագանքի, ինչպես, եւ ինչ է դրանից հետեւում: Օրինակ, Թուրքիայի աջակցությունը Ալիեւին շատ ուղիղ էր, հարյուր տոկոսանոց աջակցություն: Ըստ էության, Հայաստանին միանշանակ, ուղղակի անթաքույց, շիտակ աջակցություն հայտնեց միայն Կիպրոսը:
Տարածաշրջանում պատերազմների հավանականությունը շատ մեծ է
- Պարոն Վրթանեսյան, ի՞նչ սպասել արցախա-ադրբեջանական սահմանի ուղղությամբ:
- Այս պահին ես չէի տարանջատի ընդհանրապես, որովհետեւ Ադրբեջանը իր խոցված ինքնասիրությունը ինչ-որ կերպ բավարարելու համար ցանկացած լարվածության, սադրանքների է պատրաստ: Իրականում պետք չէ խաբնվել հարաբերական անդորրով:
- Ի վերջո, վերլուծելով այն, ինչ ունենք, ռեա՞լ համարում եք լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը:
- Մենք պետք է միշտ պատրաստ լինենք, որ հանգիստ խաղաղ իրավիճակը կարող է շատ արագ վերածվել պատերազմական իրավիճակի: Եթե անգամ հայ-ադրբեջանկան կոնֆլիկտը մի կողմ դնենք, պետք է հիշել, որ մենք ապրում ենք այնպիսի մի տարածաշրջանում, որտեղ տարվա ընթացքում մի քանի անգամ կարող է կտրուկ իրավիճակ փոխվել: Եթե մենք ուզում ենք, որ տարածաշրջանում մեր ազգն անվտանգ ապրի, ապա միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի բոլորի հետ` անկախ նրանից, թե ինչ հարաբերությունների մեջ ենք: Մեր տարածաշրջանում պատերազմների հավանականությունը շատ մեծ է:
- Մեր քաղաքական իշխանությունների արձագանքը ինչքանո՞վ է ադեկվատ:
- Ինքս շատ քննադատաբար եմ տրամադրված իշխանությունների հանդեպ, բայց հիմա ժամանակը չէ խոսելու:
- Նկատի ունեմ ստեղծված իրավիճակի հետ կապված:
- Այո, այս պահին այլ տարբերակ չկա, քան համախմբվել ընդհանուր արտաքին թշնամու դեմ:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

