ՀՀ Զինված ուժերը պատրաստ են ոչ միայն պաշտպանության, այլ նաեւ կանխարգելիչ հակահարվածներ իրականացնելու համար. ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սերյան Օհանյան
Արխիվ 16-20Ինչո՞վ է պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի ակտիվացումը` ուղեկցվող դիվերսիոն փորձերով, ի՞նչ վտանգներ սպասել Նախիջեւանի ուղղությամբ, արդյոք հակառակորդը պատրաստվո՞ւմ է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսմանը: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է ՊՆ նախկին նախարար, Արցախյան պատերազմում ուրույն ավանդ ներդրած գեներալ-գնդապետ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ հետ, ով անդրադառնալով հակառակորդի սադրանքներին, նախ նկատեց.
Նրանք այդ ամբողջն իրականացնում են Թուրքիայի հետ միասին
- Վերջին շրջանում Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությունը անընդհատ կրկնում է, որ բանակցային գործընթացում հաջողություններ չունեն: Եվ որ գոյություն ունեցող իրականությունը` ստատուս քվոն, իրենց չի գոհացնում: Ինչպես նաեւ, որ իրենք իրենց «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու համար պատրաստ են մարտական գործողությունների: Այդ մասին խոսել են ե՛ւ Ադրբեջանի նախագահը, ե՛ւ պաշտպանության նախարարը, ե՛ւ նախկին նախարարներ, վերլուծաբաններ: Այդ մասին խոսել է անգամ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն: Այս ամենը խոսում է այն մասին, որ առանց բանակցությունների նրբություններին անդրադառնալուն, փոխադարձ հասկացվածության, փոխադարձ հանդուրժողականության, նրանք նորից իրենց տեսակետին են մնում` փորձելով միակողմանի ազդել այս ամբողջ ընթացքի վրա, որպեսզի իրենց համար արդյունքներ կորզեն:
Արդյունքում, իհարկե, Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությունը պետք է ինչ-որ մի բան աներ, որպեսզի սրեր իրավիճակն առաջնագծում: Սա նման է 2016 թվականի Ապրիլյան պատերազմին, որովհետեւ այն ժամանակ եւս այդ ամենը կատարվեց, որպեսզի քաղաքական ինչ-որ դիվիդենտներ շահեն: Առաջին պատճառը սա է, ըստ էության:
Երկրորդը` Ադրբեջանի ներքաղաքական իրադրությունն է ստիպում, որ իրենք ինչ-որ շեղող գործողություններ իրականացնեն: Գիտենք, որ այսօր բավականին լուրջ խնդիրներ ունեն իրենք թե՛ ներքաղաքական, թե՛ տնտեսական դաշտում: Եվ այդ ամենը, բնականաբար, պետք է ուղղորդված շեղվի դեպի առաջնագիծ:
Երրորդ պատճառը, իհարկե, ազդելն է ՀՀ ներքաղաքական կյանքի վրա, մեր հանրության վրա: Ընդ որում, ներքաղաքական կյանքի վրա ազդելու գործընթացում Ադրբեջանի ղեկավարությունը միայնակ չէ: Նրանք այդ ամբողջ գործընթացն իրականացնում են Թուրքիայի հետ միասին:
Այս իրականությունից ելնելով է, որ իրենք փորձեցին ՀՀ-ին ներքաշել այդ ամբողջ գործընթացի մեջ: Տեսեք, մենք այսօր խոսում ենք Արցախի ինքնորոշման մասին, մենք խոսում ենք, որ Արցախը Հայաստանի մաս է, եւ որ Արցախը պետք է միանա Մայր հայրենիքին: Դա մեր բոլորի երազանքն է: Ճանապարհը, որը որ ընտրվել է միացման հասնելու համար, դա Արցախի ինքնորոշումն է: Այս ագրեսիայով նրանք, կարելի է ասել, միջպետական սադրանք իրականացրին եւ պետական մակարդակի բարձրացրին երկու պետությունների միջեւ գոյություն ունեցող այս հակամարտությունը:
Բաքուն պատրաստ է յուրաքանչյուր հատվածում լարման կետեր առաջացնել
- Պարոն Օհանյան, մինչ այս սադրանքը ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա շատ ռազմական գործիչներ կանխատեսում էին, որ թշնամին կարող է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել հենց ՀՀ-ի կողմից, մասնավորապես` Նախիջեւանից: Այս պահին սրացման նման սցենար Նախիջեւանի ուղղությամբ տեսնո՞ւմ եք:
- Տեսեք, նրանք յուրաքանչյուր առիթ, պատճառ, յուրաքանչյուր փոփոխություն, յուրաքանչյուր սահմանային միջադեպ օգտագործելու են, որ իրենց առջեւ դրված խնդիրները իրականացնեն: Նրանք պատրաստ են յուրաքանչյուր հատվածում նման լարման կետեր առաջացնել, որպեսզի կարողանան ինչ-որ մի կերպ մարտական գործողություններով հարցը տեղափոխեն արցախյան հատված` Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար:
- Պարոն Օհանյան, այս պահի դրությամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ տեսնո՞ւմ եք` հաշվի առնելով հակառակորդի սադրիչ գործողությունների ակտիվացումը:
- Ես այնպիսի կառույցի ղեկավար եմ եղել, որը որ միշտ պետք է պատրաստ լինի թե՛ լոկալ, թե՛ լայնամասշտաբ պատերազմի: Գտնում եմ, որ ՀՀ Զինված ուժերն այսօր պատրաստ են ոչ միայն պաշտպանության, այլ նաեւ կանխարգելիչ հակահարվածներ իրականացնելու համար:
Երկրորդ, միջազգային, համաշխարհային պատմությունը մեզ հուշում է, որ ցանկացած մանր թվացող խնդիր կարող է վերածվել համաշխարհային պատերազմի: Բայց այս լոկալ միջադեպը չի հուշում մեզ, որ այն կարող է վերածվել լայնամասշտաբ մարտական գործողությունների: Որովհետեւ, Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերը եւ նրանց ղեկավարությունը շատ լավ գիտեն, թե մեր բանակը ինչպիսի բարձր պատրաստվածություն ունի: Իրենք անձնակազմի առումով քանակական առավելություն ունեն, իհարկե, բայց այնուամենայնիվª մեր պաշտպանական, հետմղման, պատժիչ գործողությունները եւ, ընդհանուր առմամբ, զսպման համակարգը ի վիճակի է մեր երկիրը պաշտպանելու եւ նաեւ այլ միջոցառումներ իրականացնելու համար: Եվ ինչպես պաշտպանության նախարարն է ասել` մարտական գործողությունների ողջ թոհուբոհը տեղափոխել Ադրբեջանի տարածք:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

