Տեղի ունեցողը ոչ թե ադրբեջանական ագրեսիա է, այլ սահմանային կոնֆլիկտ. Անատոլի Ցիգանոկ
Արխիվ 16-20Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակում է մնալ, մեղմ ասած, անհանգստացնող: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՌԴ Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի Ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր ԱՆԱՏՈԼԻ ՑԻԳԱՆՈԿԻ հետ:
- Անատոլի Դմիտրիեւիչ, ըստ Ձեզ, ինչո՞վ էր պայմանավորված, որ հենց հիմա ՀՀ եւ Ադրբեջանի սահմանում առաջացավ որոշակի լարվածություն, ինչին հաջորդեցին ռազմական գործողությունները:
– Կարծում եմ` համենայնդեպս Ադրբեջանն ուզում է ռազմական ճանապարհով փոխել իր իրավիճակը: Դիմեցին ռազմական գործողությունների, որովհետեւ իրենց ռազմատնտեսական հնարավորությունները նշանակալիորեն ուժեղ են, ինչի համար էլ ուշադրություն չեն դարձնում Մինսկի խմբի վրա եւ լուծում են այս հարցը ռազմական ճանապարհով:
– Ինչպե՞ս կարելի է որակել այն ռազմական գործողությունները, որոնք տեղի են ունենում այս օրերին հայ-ադրբեջանական սահմանում:
– Ամեն դեպքում, չի կարելի այն համարել ագրեսիա Ադրբեջանի կողմից: Տեղի ունեցողը ոչ թե ադրբեջանական ագրեսիա է, այլ ընդամենը սահմանային կոնֆլիկտ: Եթե խոսենք իրականում ագրեսիայի մասին, նշանակում է ծանր տեխնիկայի եւ ուժի կիրառում, օրինակ, արտիլերիայի կիրառում: Սա դեռ սահմանային կոնֆլիկտ է, եւ հարցը որոշվում է սահմանային կոնֆլիկտի շրջանակում:
– Նախկինում միշտ Ադրբեջանը փորձում էր թաքցնել իր կորուստների մասին, հիմա հայտարարում է անգամ իր ոչնչացված գեներալի մասին: Կարելի՞ է ասել, որ այս առումով վերջիններս մարտավարություն են փոխել:
– Չեմ կարծում, որ ինչ-որ բան փոխվել է: Թեպետ` այո, Ադրբեջանը միշտ թաքցնում էր իր կորուստների մասին: Այն, որ նա այսօր բաց խոսում է այդ մասին, նշանակում է` ադրբեջանական կորուստների հաշվին` Ալիեւը ադրբեջանցիներին փորձում է կոչ անել համախմբման: Իմաստը հետեւյալն է` նա փորձում է ադրբեջանցիներին ներկայացնել, որ այդ կորուստներն ազգային ողբերգություն են: Մինչդեռ իրականում այդպես չէ, սա սահմանային կոնֆլիկտ է, որը ձեւավորվել է միայն Ադրբեջանի կողմից:
– Այս ամենը կարո՞ղ է վերաճել լայնամասշտաբ պատերազմի, ինչպես, օրինակ, 2016-ի ապրիլյան պատերազմն էր:
– Չեմ կարծում: Եթե հիմա անկեղծ խոսենք, թեպետ Թուրքիան, ցավոք, աջակցում է Ադրբեջանին, բայց Մինսկի խումբը հստակ հասկացնում է իր հայտարարություններում, որ անընդունելի է համարում Ադրբեջանի գործողությունները, եւ բոլոր որոշումները պետք է ընդունվեն միայն խաղաղ ճանապարհով:
– Այս դեպքում` նման լարվածությունն ո՞ւմ կարող էր ձեռնտու լինել: Այստեղ երեւո՞ւմ են արտաքին «խաղացողների» ականջները:
– Այստեղ այլ ուշագրավ բան կա: Բառացի վերջերս հայկական կողմը խփեց «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը: Այն իսրայելական արտադրության է, եւ Ադրբեջանն այն ձեռք է բերում Իսրայելից: Որոշ տվյալների համաձայն` այնտեղ 10-12 նման անօդաչու սարքեր կան: Ընդ որում` ամենահետաքրքիրն այն է, որ իսրայելական արտադրության անօդաչու սարքը հրթիռակոծվել է այն հրթիռով, որը մոդերնիզացվել է հայկական մասնագետների կողմից: Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանն ունի լավ անօդաչու սարքեր, բայց հայկական բանակային համակարգը խփում է դրանց:
– Ու ի՞նչ են շահում դրանից կողմերը:
– Ես ուշադիր հետեւում եմ մամուլին: Առկա տեղեկությունները խոսում են այն մասին, որ հայկական եւ ադրբեջանական կողմը սրանով բարձրացնում են իրենց իշխանության վարկանիշը: Եվ այս մասին գիտեն ոչ միայն Հայաստանում եւ Ադրբեջանում, այլեւ ամբողջ աշխարհում: Այս սահմանային կոնֆլիկտն անընդհատ բարձրացվում է, որպեսզի գտնվի խաղաղ լուծում:
– Եթե խնդիրը Արցախն է, ինչո՞ւ են գործողությունները կատարվում Տավուշի ուղղությամբ:
– Դրա պատասխանը չունեմ, չեմ կարող ասել: Երեւի այդ կերպ Ադրբեջանը փորձում է ստանալ բոլոր երկրների աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հարցում:
– Մինչ այժմ առկա ՀԱՊԿ-ի հայտարարությունները բավարա՞ր եք համարում, թե՞ այս փուլում կարելի էր ակնկալել ավելին:
– Կարծում եմ` ՀԱՊԿ-ի հայտարարություններն ավելի խիստ պետք է լինեին: ՀԱՊԿ անդամ երկրները պետք է հասկանան, որ Հայաստանն այդ կազմակերպության անդամ է, եւ հայտարարությունները պետք է լինեին առավել խիստ:
– Այս պահին բացառո՞ւմ եք, որ նոր ռազմական թեժ կետ կարող է ձեւավորվել տարածաշրջանում:
– Կարծում եմ` կլինի, որովհետեւ ամբողջ ընթացքում սահմանային այդ կոնֆլիկտները եղել են եւ կլինեն: Այսպիսի իրավիճակներ չեն լինի միայն այն ժամանակ, երբ մարդկային կորուստներ չլինեն, որովհետեւ շատ լավ գիտեն ե՛ւ ադրբեջանցիները, ե՛ւ հայաստանցիները, թե ինչպիսի կորուստներ են ունենում: Այն ժամանակ, երբ մարդկային կորուստներ չեն լինի` ինչ-որ լուծում կլինի: Այնպես որ, չեմ կարծում, որ այս իրավիճակում ռազմական ճանապարհով այդ հարցը կլուծվի:
– Կանխատեսելի՞ էր, որ 2016-ի ապրիլյան պատերազմից 4 տարի անց` կրկին հայ-ադրբեջանական սահմանային նման լարված իրավիճակ կլինի:
– Ապրիլյան պատերազմը մեծ սադրանք էր ընդդեմ Հայաստանի: Եվ դեռ այն ժամանակ իրավիճակն ուսումնասիրելով` գրել եմ, որ սադրանքներ էլի կլինեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

