Հիմա ազգային համախմբման պահն է. Իշխան Սաղաթելյան
Արխիվ 16-20«Հիմա ազգային համախմբման պահն է, հիմա ամեն ինչ մի կողմ դրած հանուն հայրենիքի գործելու պահն է։ Ցավոք, պահի կարեւորությունը եւ լրջությունը շարունակում են չընկալել որոշ իշխանական ու իշխանամերձ շրջանակներ, որոնց պահվածքին ու կեցվածքին անպայման կանդրադառնանք, բայց իրավիճակի հանդարտեցումից հետո միայն։
Հ Յ Դաշնակցությունն՝ իր աշխարհասփյուռ ամբողջ կազմակերպական կառույցով, Հայ դատի գրասենյակներով եւ ուղեկից կառույցներով այս օրերին առանձնակի ակտիվությամբ է իրականացնում Հայաստանի շահերի պաշտպանության գործը։ Անցնող 24 ժամվա ընթացքում Դաշնակցության Բյուրոն եւ Հայ դատի կենտրոնական խորհուրդը հանդես են եկել առանձին հայտարարություններով։
Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ եւ վերահաստատել հայրենիքի, հայոց բանակի եւ հայ զինվորի կողքին լինելու կուսակցության հանձնառությունը: Դաշնակցության ուղեկից միություն Հայ օգնության միությունը, որը հայկական բարեգործական խոշորագույն կազմակերպություններից է, ստեղծված իրավիճակում պատրաստակամություն է հայտնել իր հնարավորություններով նեցուկ լինել հայրենիքին, բանակին եւ հայ ժողովրդին։
Միացյալ Թագավորության Հայ դատի գրասենյակը պաշտոնական գրությամբ դիմել է երկրի արտգործնախարարությանը, կատարել անհրաժեշտ շեշտադրումները եւ ի պատասխան ստացել արտգործնախարարության հավաստումն առ այն, որ Մեծ Բրիտանիան աջակցում է Մինսկի խմբի ձեւաչափում հակամարտության կարգավորման գործընթացին։
Համապատասխան հայտարարություններ են արել Լիբանանի հայ դատի մարմինը, ԱՄՆ Արեւմտյան ափի ՀՅԴ կենտրոնական կոմիտեն, ՀՅԴ Կանադայի կենտրոնական կոմիտեն։ Առանձնակի թափով է ընթանում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի աշխատանքները։ Բրյուսելի գրասենյակից արդեն իսկ հայտնել են, որ Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցողի պաշտոնից հրաժարական է ներկայացրել ադրբեջանամետ գործիչ Տրայան Բասեսկուն։
Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակից հայտնում են, որ հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Ադրբեջանին պաշտպանական սարքավորումներ չուղարկելու օրինագիծը։ Ակտիվ աշխատանքներ են ընթանում նաեւ ՀՅԴ Հայ դատի Օտտավայի եւ Սիդնեյի գրասենյակներում։ Դաշնակցությունը գիտակցում է ներկա հանգրվանում իրեն վերապահված պատասխանատվության չափն ու կարեւորությունը եւ կազմակերպական ամբողջ ռեսուրսի համախմբմամբ շարունակում է սպասարկել ու պաշտպանել բովանդակ հայության շահը հնարավոր բոլոր հարթություններում։ Ուժ եւ կորով բոլորիս, հաղթական խաղաղություն մեր հայրենիքին։
Հ․Գ.- Եթե որեւէ շրջանի գործունեություն բաց եմ թողել, խնդրում եմ տեղադրել այս գրության մեկնաբանությունների տիրույթում», - այս մասին գրում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ:

