«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՕՆԼԱՅՆ ՁԵՎՈՎ ՓՈԽԱՆՑՎԵԼ»
Արխիվ 16-20Այսօր մեր իրականության մեջ մտած պանդեմիան խանգարում է շատերիս տեսնել եւ զգալ գեղեցիկն ու կատարյալը: Մարդը հնարավորություն չունի ստանալու հոգեւոր սնունդ, քանի որ փակ են մեր մշակույթի օջախները: Այս թեմայով մեր զրուցակիցն է Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն` ՆՈՒՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ:
- Մինչ կորոնավիրուսը ինչպե՞ս էր ընթանում թանգարանային կյանքը:
– Այս տարվա մեջ պլանավորել էինք բավականին շատ ցուցադրություններ, ցուցահանդեսներ, բայց, ցավոք սրտի, մարտի 15-ից հետո թանգարանը փակվեց: Փորձում ենք պահել աշխուժությունը օնլայն տարբերակով, որն իհարկե նկարների համար անընդունելի է:
– Այս տարի ցուցադրություններ ունեցե՞լ եք:
– Այս տարվա մեջ Իտալիայի դեսպանատան հետ կազմակերպված ունեցանք Կարլո Մոնտարսոլոյի անհատական ցուցահանդեսը, որը տղան էր կազմակերպել: Ցուցադրությունից հետո մենք փակվեցինք: Մինչեւ մարտի 15-ը բավականին այցելուներ ունեինք: Շատ մեծ պլաններ կային, դրսից շատ ցուցահանդեսներ ունեինք: Բնականաբար այդ ամբողջը չեղյալ եղավ:
– Իսկ օնլայն տերբերակն ինչե՞ս եք անցկացնում:
– Օնլայն տարբերակով ամեն շաբաթ վերցնում ենք երկու նկարիչ, իրենց գործերը, կենսագրականը, պատմությունները եւ փորձում ենք հետաքրքիր ձեւով ներկայացնել մեր կայքում եւ ՖԲ էջում: Ցուցադրում ենք ոչ միայն այն նկարիչներին, որոնք ներկայացված են ցուցասրահում, այլեւ նրանց, որոնք վաղուց կամ չեն ներկայացվել, կամ ընդհանրապես հնարավորություն չի եղել իրենց աշխատանքներն ամբողջությամբ ներկայացնել: Դա վերաբերում է հատկապես գրաֆիկական աշխատանքներին եւ ինչու չէ որոշ քանդակների: Օգտվելով այս փակ առիթից` կայքն ավելի ենք բարելավում, մշակում: Այն շուտով կվերաբացվի եւ կունենանք օնլայն շոփինգ հավելվածը, որովհետեւ ունենք հուշանվերներ, գրքեր, որպեսզի մարդիկ կարողանան գոնե այդպես ձեռք բերեն, եւ ինչո՞ւ չէ ֆինանսապես թանգարանն ունենա արտաբյուջետային եկամուտ:
– Օնլայն տարբերակով հնարավո՞ր է զգալ արվեստի ուժը:
– Էներգետիկան երբեք չի կարող օնլայն ձեւով փոխանցվել: Ամեն նկար ունի իր էներգետիկան, ասելիքը: Կարող ենք տեսնել օնլայն տարբերակով նկարը, բայց չզգալ: Ես իմ սեփական փորձից եմ ասում, երբ որ գրքերով եմ նայում, հետո գնում եմ եւ դրսում եմ նայում նույն Ռաֆայելը, Ռուբենսը, մնացած ժամանակակից նկարիչների գործերը արցունքներով եմ դուրս գալիս սրահներից: Հետո, երբ մարդիկ գալիս են` կա երկխոսություն: Օնլայն տարբերակով այդ երկխոսությունը չկա: Մարդիկ շփման կարիք ունեն: Երբեմն սկսում են իրենց տպավորություններն ասել, իմանում են այն, ինչ որ վաղուց ուզում էին իմանալ, բայց չէին կարողանում ինչ-որ բան գտնել: Գոնե օրը երեք այցելու էլ լինի, միեւնույնն է, կհամարես, որ այդ երեքին դու լիցքավորել ես թե՛ գիտելիքով, թե՛ տպավորությունով, թե՛ գեղեցկությունով եւ արվեստով: Եվ դա մեծ նշանակություն ունի: Մենք կողմ ենք, որ վերաբացվեն գոնե քիչ քանակի այցելուներով:
– Ռեստավրացիայի հետ կապված խնդիրներ ունե՞ք:
– Ունենք, դա ծրագրի մեջ էր, եւ կարծում եմ, որ երբ որ վերաբացվենք, կիրականացնենք: Այս պահին ոչ ոք չի աշխատում, որ այդ հարցը բարձրացնենք:
– Տեսնում եմ` որքան լավ եք պահպանում հակահամաճարակային կանոնները. սրճարանները գործում են, ինչո՞ւ չեն գործում թանգարանները:
– Մեզ մոտ ամեն կանոն պահպանվում է: Բոլորի համար դիմակներից եմ ձեռք բերել, որ հսկիչները կամ էքսկուրսավարները եթե այցելու լինի, իրենց համար հեշտ լինի աշխատելը: Իմ առաջարկն է, որ թույլ տան աշխատել գոնե սահմանափակ քանակով այցելուների հետ, իսկ էքսկուրսիաներն էլ լինեն միայն գրանցումով նախապես պայմանավորված:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

