ԻՆՉՈ՞Ւ Է ՕՐԱԿԱՆ ԱՐՎԵԼ 668 ԿԱՄ 1115 ԹԵՍՏ, ԵՐԲ ԿԱ 2500 ԵՎ ԱՎԵԼԻԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 16-20Հուլիսի 7-ին առողջապահության նախարարի աթոռը զբաղեցրած Արսեն Թորոսյանը նման հետաքրքիր հայտարարություն արեց. «Մենք արդեն օրական 2500 թեստ ենք անում, ինչը մոտ ապագայում կմեծանա: Կանխատեսում ենք, որ 1-3 շաբաթվա ընթացքում, հզորությունների ավելացմանը զուգընթաց, մենք միայն մեր լաբորատորիաներում ներուժը կհասցնենք օրական 3000-ի, եւ մասնավոր լաբորատորիաների թեստավորման թվերն էլ գումարած, հնարավոր է՝ ունենանք մինչեւ 4000 թեստ»:
Թորոսյանի նման հայտարարությունից կարելի էր մտածել՝ ինչ լավ է, պետությունը փորձում է մեծացնել կորոնավիրուսային իրական պատկերի օբյեկտիվության մակարդակը: Բայց չէ, դա սխալ կարծիք կլիներ: Այն առումով, որ Թորոսյանն այդ հայտարարությամբ արդեն իսկ ոչ միայն կեղծ տեղեկատվություն տվեց, այլ նաեւ մեկ կարեւոր հարց օրակարգ բերեց: Կեղծ տեղեկատվությունը սա է. կարող է ցանկացած մեկն ուսումնասիրել կորոնավիրուսային թեստավորումների այս մի քանի ամիսների ողջ պատմությունը, ամեն մեկ օրը: Ու կպարզի՝ օրական 2500 թեստավորում երբեւէ չի եղել: Դրան մոտ թվեր՝ 2300 եւ ավել արձանագրվել է, սակայն հազիվ 9-10 դեպք: Մի 5-6 դեպքում էլ օրական թեստավորումը 2000-2300 մակարդակում է: Մնացած բոլոր դեպքերը 2000-ից պակաս են, հաճախ՝ 1500-ից, 1000-ից ներքեւ եւ անգամ՝ 500-ի կարգի: Բայց անցնենք Թորոսյանի օրակարգ բերած հարցին. եթե պետության հնարավորությունները ներում են՝ օրական առնվազն 2500 թեստ անել, ինչո՞ւ չեն արել եւ անում: Թեստավորվողների պակա՞ս կա: Ընդհակառակը, կարող ենք բազմաթիվ օրինակներ բերել, որ մարդիկ օրերով, անգամ շաբաթներով թեստավորման են սպասել: Կան նաեւ օրինակներ, երբ քաղաքացին սպասել է երկու շաբաթ եւ հասկացել, որ եթե անգամ վարակված էր, արդեն հասցրել է առողջանալ: Չէ, խնդիրը հաստատ թեստավորվողների պակասը չէ: Միաժամանակ Թորոսյանը խոստանում էր, որ անցնելու են 2500-ի շեմը: Նրա ասած 1 շաբաթն անցել է, սակայն այս օրերին օրական թեստավորումը, մեկ բացառությամբ, 2000-ից պակաս է: Ուրեմն ինչո՞ւ: Թերեւս պետք է հիշենք բազում այն ահազանգ-ենթադրությունների մասին, որ Հայաստանում թեստավորման թիվ 1 խնդիրը ոչ թե հնարավորինս մեծ քանակով վարակված անձանց հայտնաբերելն ու այդ կերպ վարակի տարածման ռիսկայնությունը նվազեցնելն է, այլ օրական վարակվածության ցուցանիշը անհրաժեշտ մակարդակի վրա պահելը: Իսկ «անհրաժեշտության ցուցիչները», ըստ նույն վարկածի, երկուսն են. պետք եղած պահին ներկայացնել այնպիսի վարակվածություն, որը հիմք տա ասելու՝ համաճարակը չի նահանջում, ուրեմն` արտակարգ դրությունը պետք է պահել: Բայց երբ այդ գործընթացն արդեն չորրորդ ամիսն է շարունակվում, ապա պարզ է` հանրագումարում հասնում ենք աշխարհի մակարդակով խայտառակ ցուցանիշների, որը գործող իշխանական վերնախավի համար նշանակում է հանրային ատելության հերթական խմբաքանակ: Ուստիեւ, պարբերաբար կարիք է լինում վարակվածության փոքր թվերի՝ մարդկանց նյարդերը մի պահ հանդարտեցնելու համար: Բայց կան այլ գործոններ եւս: Ասենք, ընթացքում երբեմն պետք է մարդկանց ավելի շատ տուգանել. ավելորդ 10 հազարը որեւէ չինովնիկի «աչքը չի ծակի»: Ու հենց այդ թվերն է, որ կարելի է վորահսկողության տակ պահել թեստավորման միջոցով: Նկարագրելով այս պատկերը` մեր միանգամայն արժանահավատ աղբյուրը նաեւ կոնկրետ ցուցանիշներ ներկայացրեց. «Տեսեք, հունիսի վերջերից մինչեւ հուլիսի սկզբները, մոտ 10 օրվա չափ օրական թեստավորումը հիմնականում 2100-2400-ի կարգի էր, իսկ օրական վարակվածությունը մտել էր, այսպես ասած, ամենօրյա ռեկորդների փուլ: Ու թե ինչպես էին այդ օրերին իրենց դրսեւորում մեր «հայրենի» ոստիկանները, բոլորիս աչքի առաջ էր. անգամ ծեր, կին ու մանուկ չնայելով, բոլորին դիմակի համար «պատերին էին ծեփում»: Մի 10 օրից որոշեցին մի փոքր դադար տալ. հանրային ատելության դոզան հասել էր նրան, որ անգամ երիտասարդ աղջիկներն էին փողոցում ուղիղ բախման մեջ մտնում ոստիկանների հետ: Ու անմիջապես նվազեց նաեւ օրական վարակվածությունը՝ 700 եւ ավել ցուցանիշից մինչեւ 330-340, ապա՝ 500-ի կարգի: Բայց ահա հուլիսի 8-9-ին սկսեցին խոսել արտակարգ դրությունը եւս մեկ անգամ երկարացնելու մասին, ու անմիջապես դա հիմանվորելու համար ունեցանք 550-580-ի կարգի վարակվածություն: Երկարացրին, ու հաջորդ օրն իսկ ունեցանք 182, ապա՝ 350-ի կարգի վարակվածություն: Ու այդ ողջ ընթացքում օրական թեստավորումը խստիվ համապատասխանում է արձանագրված վարակվածության ցուցանիշներին: Օրինակ` նախօրեի 182 վարակվածությունը 698 թեստի արդյունքում էր, երեկվա 339 վարակվածությունը՝ 1115 թեստի»:
Ենթադրենք` այստեղ պատահականություն է, թվերը պարզապես համընկնում են տեղի ունեցած իրադարձություններին: Բայց այդ դեպքում թող բացատրեն՝ ինչո՞ւ է օրական արվել 668 կամ 1115 թեստ, երբ կա 2500 եւ ավելիի հնարավորություն:
Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

