Երեւանը ՌԴ-ից լրացուցիչ զենքի մատակարարումներ պահանջելու անհրաժեշտություն չի տեսնում` Ադրբեջանի հետ սահմանին լարվածության ֆոնին, ինչպես նաեւ մտադիր չէ դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) խաղաղապահ զորակազմ տեղակայելու համար: Այս մասին հայտնել Է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։ Նրա խոսքով` Հայաստանն ունի սպառազինության բավարար պաշար՝ իր անվտանգությունն ապահովելու համար, եւ «այսօրվա դրությամբ լրացուցիչ մատակարարումների անհրաժեշտություն չկա»:
«Մեզ մոտ այս տարիների ընթացքում զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը (Ռուսաստանի հետ – խմբ.), կան պարտավորություններ եւ համաձայնագրեր, որոնք քննարկում են մեր գերատեսչությունները։ Այն պատվերները, որոնք տեղադրված են, եւ այն, ինչ մենք ակնկալում ենք պլանային ռեժիմով, դա միանգամայն բավարար է մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Դրա համար էլ այսօր խոսք չի գնում ինչ-որ լրացուցիչ մատակարարումների մասին»,– պարզաբանել է Տողանյանը։
Ընդ որում, Երեւանը նաեւ մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին` Ադրբեջանի հետ սահմանին խաղաղապահ զորակազմ տեղակայելու հարցով, սակայն «ժամանակը ցույց կտա, թե ինչպես կզարգանա իրավիճակը», ընդգծել է դեսպանը: «Մենք չենք տենչում, որ ինչ-որ մեկի զինվորը կռվի տարածաշրջանում։ Ամբողջ խնդիրն այն է, որ դիմելով ՀԱՊԿ-ին՝ մենք փորձել ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի փաստ կա։ Խոսքը ռազմական խմբավորումների ձեւավորման եւ ռազմական գործողությունների մասին չէ, խոսքը քաղաքական մակարդակով դրա վրա ուշադրություն հրավիրելու մասին է»։