Արծրուն Հովհաննիսյան.Եթե հրադադարի պայմանավորվածություն լինի, ԱԳՆ-ն էլ կհայտարարի, ես նման տեղեկություն չունեմ
Արխիվ 16-20Ես տեղեկություն չունեմ հրադադարի պայմանավորվածության մասով, բայց լինում է իրավիճակ, երբ գիշերները ակտիվությունն ընկնում է, եթե նման ինֆորմացիա ունենանք, մենք կհայտարարենք, կամ կարող է բրիֆինգներից դուրս ԱԳՆ-ն հայտարարել: Այս մասին բրիֆինգին հայտարարեց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին՝ պայմանավորվածություն կա՞ ադրբեջանական կողմի հետ հրադադարի մասին:
Հովհաննիսյանը հաստատեց, որ «Elbit Hermes 900» թանկարժեք անօդաչու թռչող սարքը խոցվել է հայկական ստորաբաժանումների կողմից:
«Այո՛, «Оса» զենիթահրթիռային համակարգն է, որը տեղում է արդիականացվում։ Մեր ռազմարդյունաբերական համալիրը, ըստ էության, մի քանի տարի առաջ արդեն յուրացրել է «Оса»-ի արդիականացման տեխնոլոգիան։ Ապրիլյան պատերազմի ժամանակ, դրանից առաջ, դրանից հետո ադրբեջանական անօդաչուների խոցման լավագույն գործիքը, կարելի է ասել, «Оса» համալիրներն են», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Հարցին՝ արդյոք այս պահին կա՞ կամավորների անհրաժեշտություն, Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ զինված ուժերը մշտական մարտական պատրաստության և մարտական խնդիրների մեջ գտնվող զորամասերով, ստորաբաժանումներով իրենց խնդիրները փայլուն կատարել են, արդյունքները պարզ երևում են և կատարում են: «Կոնֆլիկտի բնույթը, ծավալները այնպիսին չեն, որ ՀՀ-ն դիմի այլ քայլերի, այդ թվում` պահեստազորայինների կամ կամավորների օգնությանը: Մենք վստահ ենք, որ մեր կամավորները պատրաստ են, բայց այս պահին իրենց զավակները, ոմանց թոռները իրենց խնդիրը փայլուն կատարում են»,- շեշտեց նա:
Արծրուն Հովհաննիսյանը նաև անդրադարձավ հակառակորդի կիրառած զինատեսակներին: «Ըստ էության, ադրբեջանական զինված ուժերը, այդ թվում և սահմանապահ ծառայությունը, երրորդ բանակային կորպուսի իրենց սպառազաինության ողջ զինանոցը գրեթե կիրառվել է, բացառությամբ մի քանի միջոցների: Դրանք են բոլոր տրամաչափի, հրաձգային զենքերը, գնդացիրներ, ականանետներ և այլն, տանկեր, հրետանային միջոցներ մինչև 122 և չի բացառվում նաև ավելի մեծ տրամաչափերի»,- ասաց նա:
Հովհաննիսյանը նշեց, որ հարվածային դրոններից առաջին անգամ է կիրառվել իսրայելական «Elbit Hermes 900» ԱԹՍ-ն: Նա հավելեց, որ հայկական ՀՕՊ միջոցները խոցել են մոտ 10 ԱԹՍ, և դրանց մեջ մտնում են ինչպես սովորական հետախուզական, փոքր մարտավարական խնդիր կատարող ԱԹՍ-ները, հարվածային ԱԹՍ-ները, ինչպես նաև նոր նշած թանկարժեք «Hermes-900» ԱԹՍ-ն:

