ԱՆԳԱՄ ԷՔՍՏՐԱՍԵՆՍԸ ԴԱՏԱՊԱՐՏԵՑ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ
Արխիվ 16-20Աշխարհում տիրող ներկայիս իրավիճակի, կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրական ու տիեզերական պատճառների մասին «Իրավունքը» զրուցել է էքստրասենս, բուսաբույժ ԿԱՐԵՆ ԱՓՈՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց. «Երկիր մոլորակը սպառելու համար չէ: Մենք ստանում ենք սթափեցնող ապտակ բնությունից ու Աստծուց, որ վերանայենք մեր վարքը, մտածողությունը: Հոգիների աշխարհում լարված իրավիճակ է, տիեզերքը նշաններ է ուղարկում, որ ագրեսիան կարող է անդառնալի հետեւանքներ հասցնել: Սիրո պակասի, տագնապների ու ամբոխային մտածողության հետեւանք է, որ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Հայաստանը, գտնվում են այս ծանր ու անորոշ իրավիճակում»:
«Առողջապահության նախարարի սխալ մոտեցման պատճառով այս վիճակը ունեցանք»
- Այնուամենայնիվ, պարոն Ափոյան, կոնկրետ Հայաստանը ե՞րբ կհաղթահարի համավարակը:
- Դժվար հարց եք տալիս, բայց կարող եմ ասել, որ Հայաստանը կարող էր ավելի շուտ հաղթահարել համավարակի վտանգները, բայց առողջապահության նախարարի սխալ մոտեցման եւ ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով այս վիճակը ունեցանք: Բայց պետք է ասեմ, որ համավարակի հիմնական վտանգը անցել է, բայց քանի որ սխալները դեռ չեն շտկվել, այդ իսկ պատճառով չի բացառվում, որ աշնանը իրավիճակը կրկին սրվի, նոր թափով վարակակիրների մեծ թիվ արձանագրվի:
- Դեռ որքա՞ն մահեր են արձանագրվելու:
- Իրականում մահերի պատճառն այդքան էլ վիրուսը չէ, որովհետեւ ոչ մի վիրուս մահացու չէ, եթե ճիշտ մոտեցում կա: Ցավոք, ներկայիս պատասխանատուները ոչ մի խորհուրդ, դրական քննադատություն չեն ընդունում, ինչն էլ հանգեցնում է ստեղծված իրավիճակի լարմանը: Իսկ դիմակների պարտադրումը մաքուր օդին ավելի է բարդացնելու իրավիճակը, մի քանի ամիս հետո մենք կզգանք դրա դառը պտուղները:
- Կմանրամասնե՞ք:
- Մի քանի ամիս անց մենք մահեր կունենանք, որոնք կարող են վերագրվել վիրուսին, բայց իրականում շնչառական եւ այլ խնդիրների հետեւանքով կլինեն: Իմ կանխատեսումներով` վիրուսն այլեւս քաղաքական բնույթ է կրում, եւ շատ ղեկավարներ դրանից օգտվում են՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում:
- Առողջապահության նախարարը պատվաստանյութերի մասին է խոսել, որը կասկածի տակ դրվեց բժշկական հանրության կողմից: Ձեր կանխատեսումները այդ առումով:
- Իրականում մեծ վտանգ եմ զգում պատվաստումների հետ կապված, դա նման կլինի ցեղասպանության: Այդ պատվաստանյութերը չափազանց վտանգավոր են, պետք է պայքարել, որպեսզի այն չպարտադրվի ժողովրդին` վախեցնելով կամ օրենքներ մտցնելով: Պատվաստանյութը, որը իբրեւ թե ստեղծվել է, որպես համավարակը կանխող միջոց, իրականում միայն բիզնես շահ է հետապնդում, որն ունի ոչ թե մարդկանց առողջացնելու, այլ շատ չար ու հեռուն տանող նպատակներ:
Պատերազմի վտանգ եմ տեսնում
- Պարոն Ափոյան, ՀՀ վարչապետ Փաշինյանի հետագա պաշտոնավարման վերաբերյալ տարբեր գնահատականներ են հնչում: Մինչեւ ե՞րբ Փաշինյանը կշարունակի պաշտոնավարել:
- Փաշինյանը, իմ կանխատեսումներով, դեռ երեք տարի կպաշտոնավարի: Բայց, մեղմ ասած, շատ վատ բաներ եմ տեսնում ապագայում: Անորոշություն է թե՛ ներքին, թե՛ արտաքին դաշտում: Ագրեսիան օր օրի, ժամ առ ժամ մեծանում է, որը ներկայիս իշխանությունները փորձում են մեղմել` թաքնվելով վիրուսի քողի տակ: Պատերազմի վտանգ եմ տեսնում, որի մասին դեռ չեմ ուզում խոսել: Հայ ժողովրդին համախմբվել է պետք, վտանգը առկախված է յուրաքանչյուրիս գլխին:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

