ԱՆՕԳՈՒՏ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԵՏ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԲԱՆԱԿՑԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արխիվ 16-20Հակառակորդի ակտիվացման, Ալիեւի հոխորտանքների, Արցախի հարցի լուծման հիմնական բանալու մասին «Իրավունքը» զրուցել է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ: Գեներալը, անդրադառնալով Ալիեւի հոխորտանքների եւ թշնամու ակտիվացմանը, նախ նկատեց.
- Ալիեւը մենակ կարողանում է մեծ-մեծ խոսել, օդի մեջ սպառնալ, խոսել Հայաստանը ոչնչացնելու մասին` մոռանալով, որ եթե մեր բանակը ցանկանա, ապա Ադրբեջանն այնպես կոչնչացնենք... Ե՛վ գազախողովակները, ե՛ւ ստրատեգիական նշանակության օբյեկտները, ե՛ւ երկաթգիծը: Ախր խոսելուց մի բան լավ հասկացեք, պարոն Ալիեւ, ամբողջ աշխարհն է Ձեզ վրա ծիծաղում: Հոխորտալու փոխարեն մտածեք, որ դուք դեռ մեր տարածքները պետք է հետ տաք` Մարտակերտի, Մարտունու հատվածները, Շահումյանի շրջանը: Դրանց ախորժակին նայեք` Զանգեզուրն են ուզում, Երեւանը, Ստեփանակերտը:
- Պարոն գեներալ, Ալիեւը պարբերաբար պատերազմով է սպառնում:
- Պատերազմով սպառնալն Ադրբեջանի պաշտոնական, ավանդական քարոզչությունն է: Անընդհատ խոսում են Հայաստանին մեկուսացնելու, պատերազմ սկսելու մասին, իսկ մենք մեր անօգուտ վերաբերմունքով նպաստում ենք դրան, փոխանակ բացահայտենք եւ ցույց տանք աշխարհին, թե ինչպես է Ադրբեջանը հայկական սահմանները, անկախ պետության սահմանները թիրախավորում: Մենք ոչինչ չենք ասում: Ինչո՞ւ է, ըստ Ձեզ, Ադրբեջանն ատելություն սերմանում իր ժողովրդի շրջանում, որպեսզի ատելությամբ նախապատրաստի ժողովրդին պատերազմի: Բնական է, որ երբ լինի պատերազմ, այդ ոգով դաստիարակված մարդիկ հեշտությամբ կպատերազմեն: Դա ահաբեկչական բանակ է, դա կենդանական ատելություն է քրիստոնյա ժողովրդի՝ Հայաստանի հանդեպ:
- Ո՞րն է, ի վերջո, ըստ Ձեզ, Արցախի լուծման հիմնական բանալին:
- Իհարկե, խաղաղ ճանապարհով հարցի լուծումն է: Իսկ եթե պետք է կոմպրոմիսի գնալ, ապա պետք է նաեւ հայ բնակչությանը վերադարձնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Շահումյանի շրջանը: Երկրորդ. Ղարաբաղի կարգավիճակի որոշումից հետո վերադարձնել 7 շրջաններ բնակիչներին, իհարկե, նրանց, ովքեր կցանկանան վերադառնալ: Չէ՞ որ ժողովուրդը փախել է ադրբեջանական կողմի բացած կրակից եւ գնացել է Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների հրամանով: Եվ պատերազմի կանոններով` այդ տարածքները մնացել են Ղարաբաղի բանակի թիկունքում: Եվ նրանք այդ տարածքներն անվտանգության գոտի են սարքել, ինչպես Կյոնիսբերգ-Կալինինգրադում: Անօգուտ են բանակցություններն ադրբեջանական կողմի հետ, որը պատրաստվում է պատերազմի: Հայաստանը պետք է բանակցի Ռուսաստանի հետ, որը ՌԽՍՖՀ-ի իրավահաջորդն է եւ 1921 թվականին Լեռնային Ղարաբաղը հանձնեց ԱԽՍՀ-ին: Սա, իմ պատկերացմամբ, միակ ելքն է, որի մասին ես պարբերաբար ասում եմ:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

