Պետությունը պարտավոր է լուրջ արտոնություններ տալ Հայ Առաքելական եկեղեցուն. Վահե Գրիգորյան (Տեսանյութ)
Արխիվ 16-20ՀՀ Հանրակրթության պետական չափորոշիչի նախագծի ամենաղմկոտ խնդիրը շարունակում է մնալ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության մտադրությունը: Այս հարցում իշխանությունը, կարծես թե, որոշել է անդրդվելի մնալ, ինչի մասին մեկ անգամ չէ, որ նշել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը եւ նրա տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Թե արդյոք այն կարող է դիտարկվել հակաօրինական եւ հակասահմանադրական` հաշվի առնելով «ՀՀ եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» գործող օրենքն ու ՀՀ Սահմանադրությամբ ընդգծված Հայ Առաքելական եկեղեցու հատուկ կարգավիճակը, «Իրավունք TV»-ի տաղավարում պարզեցինք իրավաբան, սահմանադրական իրավունքի մասնագետ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ:
- «Հայ եկեղեցու պատմության» դասընթացին եւ ընդհանրապես` Հայ Առաքելական եկեղեցուն, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաեւ յուրաքանչյուր հայ պարտավոր է մոտենալ շատ հարգանքով: ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածում ֆիքսել ենք, որ ՀՀ-ն ընդունում է եւ ճանաչում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ դերը` ազգապահպանության գործում: Այս հոդվածն ինքնին արդեն ենթադրում է, որ պետությունը պարտավոր է լուրջ արտոնություններ տալ Հայ Առաքելական եկեղեցուն: Բացի այդ, քանի որ բոլորս էլ գիտենք, որ 301 թվականին աշխարհում առաջինը հայ ազգն է ընդունել քրիստոնեություն, սա ուղղակիորեն կապվում է Սահմանադրության մեկ այլ` 56-րդ հոդվածի հետ: Այս հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազգային եւ էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքի: 301 թվականից սկսած` Հայ Առաքելական եկեղեցին, որպես քրիստոնեության ռահվիրա, այն ժամանակվա աշխարհում, ինչպես նաեւ ներկայումս քրիստոնեության 4 հիմնական ուղղություններից մեկն, է եւ մեր ազգային ինքնության անբաժանելի մասը: Եվ եթե դպրոցներում երեխաները չեն անցնելու Հայ Առաքելական եկեղեցու պատմություն, փոխարենը նրանք ի՞նչ են ստանալու: Ես գուցե կհամաձայնեի այն մտքի հետ, որ Հայ Առաքելական եկեղեցին կարելի է ներկայացնել ժողովրդի պատմության հետ մեկ դասագրքում, բայց ոչ հայ ազգի պատմության դեպքում: Մեր պատմությունը չափազանց մեծ է, ի տարբերություն մեր որոշ հարեւան ցեղախմբերի, եւ անգամ եղած դասագրքերը բավական չեն հայ ժողովրդի պատմությունը ներկայացնելու համար: Բա ինչպե՞ս ենք այդ գրքերի մեջ տեղավորելու Հայ Առաքեկայան եկեղեցու պատմությունը, որը նույնքան ծավալուն է, որքան հայ ազգի պատմությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

