Այսօրվա սերունդն ավելի կարդացած է, քան հենց մեր սերունդը. Տաթև Ղազարյան
Արխիվ 16-20Դերասանուհի Տաթև Ղազարյանի կարծիքով` դերասանական շնորհը ծաղկի նման մի բան է: Եթե ծաղիկը չմշակես, չջրես, շատ կարճ ժամանակ անց կչորանա, ու այլևս չի լինի առաջվանը: Դերասանուհին հեռուստադիտողին հայտնի է նաև որոշ ֆիլմերից: Տաթև Ղազարյանը դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
- Տաթև, այժմ երկրում հայտարարվել է արտակարգ դրություն, որի արդյունքում էլ եղան էական սահմանափակումներ, սակայն կարծես ամենաերկար սահմանափակումները կիրառվում են հատկապես մշակութային օջախներում, մասնավորապես՝ թատրոններում: Այս ամենի արդյունքում արդյո՞ք առավել քան երբևէ հանդիսատես-թատրոն կապը չի խզվի:
- Իհարկե, անչափ դժվար իրավիճակում հայտնվեց թատրոնը: Ամեն բան շատ անսպասելի էր, բայց Համազգային թատրոնը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի հանդիսատես-թատրոն կապը չխզվի, և իրար չկարոտենք: Օնլայն հարթակում Համազգային թատրոնը բավականին ակտիվ է, արդեն մի քանի պրոյեկտ իրականացրել ենք, իսկ ահա մի քանիսն էլ առջևում են, մասնավորապես նշեմ, որ օգոստոսին պրեմիերա ունենք: Պետք է մասնակցենք նաև «Արմմոնո» փառատոնին, նաև հավելեմ, որ այսօրվանից օնլայն հարթակում է մեր կողմից նկարահանված տեսաֆիլմը, բաղկացած յոթ մասից, նաև առջևում ունենք Չարլզ Բուկովսկու բանաստեղծությունների հիման վրա նկարահանած ֆիլմ: ՈՒ ահա ինչպես տեսնում եք փորձում ենք հնարավորինս ակտիվ լինել:
- Ժամանակակից դրամատուրգներին լսելիս կարելի է ենթադրել, որ ունենք հրաշալի հայ ժամանակակից դրամատուրգիա: Կա՞ նման բան:
- Վերջերս փորձում եմ անդրադառնալ հայ ժամանակակից գրողնրին, առհասարակ և պետք է ասեմ, որ պոեզիան և արձակը շատ ավելի լավ դիրքերում են գտնվում, քանի օրինակ հենց դրամատուրգիան: Ես ինքս լինելով լավատես մարդ, հավատում եմ, որ ժամանակակից դրամատուրգիան ևս կունենա մեծ առաջընթաց, ու հավանաբար այս դադարն էլ խթան կհանդիսանա մեր ժամանակակից դրամատուրգների համար, և կստեղծվեն արդիական նաև լուսավոր պիեսներ, որին թատրոնն իր հերթին մեծ սիրով կանդրադառնա:
- Դուք դասավանդում եք նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Շատերի կարծիքով `շնորհալի դերասանին պետք չէ մասնագիտական կրթություն, քանի որ ամեն բան ի վերուստ է տրված: Ի՞նչ կասեք այս մասին:
- Կրթություն յուրաքանչյուրին է պետք` անկախ մասնագիտությունից և անկախ Աստծո տված շնորհներից: Դերասանական արվեստը ևս Աստծո շնորհ է, գուցե հենց առաջնայինն այդ շնորհն է, սակայն իմ դասախոսներից մեկը՝ Դավիթ Հակոբյանը, ասում էր. Եթե գեղեցիկ ծաղիկը չմշակես, չջրես, շատ կարճ ժամանակ անց կչորանա, ու այլևս չի լինի առաջվանը: Դերասանական շնորհն այս պարագայում հենց ծաղկի նման մի բան է, որը մեզ բարձրյալը շնորհել է, սակայն եթե չզբաղվես դրանով, չկրթվես, չզարգանաս, ապա տաղանդ ասվածը շատ արագ կթառամի:
- 2018 թվականին ճանաչվել եք տարվա լավագույն դերասանուհի: Ի՞նչ եք կարծում `մրցանականերն արվեստագետին չե՞ն կաղապարում:
- Մրցանակները ոչ միայն չեն կաղապարում, այլ հակառակը՝ օրինակ հենց ես մրցանականերին շատ լրջորեն եմ վերաբերում՝ մրցանակ ստանալուց հետո առավել պատասխանատվությամբ եմ մոտենում մասնագիտությանս, որ հանդիսատեսը հանկարծ չմտածի ես այն մարդն եմ, որ ճանաչվեց տարվա լավագույն դերասանուհի, և ամեն բան ավարտվեց: Մրցանակները պարտադրում են լինել առավել արժանի:
- Պետք է նշել,որ հեռուստատեսությամբ ամեն օր հորդում են ցածրորակ հեռուստասերիալներ: Ցածր գեղարվեստական ճաշակ,պարզունակ սյուժե: Ինչո՞վ է այն պայմանավորված: Մեզանում վերացե՞լ են տաղանդավոր սցենարիստներն ու ռեժիսորները:
- Սցենարը մեր հեռուստատեսության ամենացավոտ և ամենաթույլ կողմն է: Պետք է նշել, որ, այո, հայկական սերիալային սյուժեներում չկա գրական հիմք: Սցենարն ամենակարևորն է: Շատ կարևոր է, թե ինչ ես ներկայացնում և ինչի համար: Այդինչ հարցը դեռևս կաղում է և դրա մասին պետք է իսկապես մտածել:
- Աշխատում եք երիտասարդների հետ: Մերօրյա սերնդի մասին կարծիքները տարբեր են: Շատերը կարծում են,որ հրաշալի սերունդ ունենք, իսկ ահա շատերն էլ պնդում են, որ երիտասարդները չեն կարդում և առհասարակ... Ի՞նչ կասեք երիտասարդների մասին:
- Բոլոր ժամանակներում այս խոսակցությունները եղել են: Երբ ես ուսանող էի, կրկին այս խոսակցությունը կար: Երբ տակավին երիտասարդ էի, ինձ էլ ասում էին, որ մեր սերունդը վատն է, չի կարդում, նախորդ սերունդն ավելի լավն էր և այլն…Երբ քույրս էր թատերականում սովորում, ինձանից դեռ վեց-յոթ տարի առաջ նույնը իրենց էին ասում: Նմանատիպ խոսակցություններ եղել են նաև երբ ծնողներս են երիտասարդ եղել: Այսինքն՝ այսօրինակ խոսակցություններ միշտ էլ եղել են, և ես չգիտեմ, թե այն ինչի հետ է կապված, բայց ես բացառում եմ նմանատիպ կարծիքները և փաստում, որ այսօր ունենք հրաշալի սերունդ: Երբեմն դեպքեր են լինում, որ ինձ թվում է այսօրվա սերունդն ավելի կարդացած է, քան հենց մեր սերունդը: Այսինքն՝ ունենք երկու տարբերակն էլ` և՛ լավը , և՛ վատ, սակայն այդ երևույթը եղել է բոլոր ժամանակներում: Ես կրկին անգամ պնդում եմ, որ հրաշալի սերունդ ունենք: Այսօրվա սերունդը հրաշալի գիտի իր իրավունքները և շատ լավ կարողանում է տեր կանգնել հենց իր մասնագիտությանը:
Զրուցեց` Հայկ Գևորգյանը

