«Դավաճանության հակված մարդիկ փնտրում են մեղավորներ», իսկ ԼՀԿ-ականները` կորցրած մանդատը
Արխիվ 16-20Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մերժեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը` վերականգնել ԱԺ-ում «Լուսավոր Հայաստանին» բաժին հասած 18-րդ մանդատը, որը ԼՀԿ-ականները կորցրին խմբակցության շարքերից պատգամավոր Արման Բաբաջանյանի հեռանալուց, բայց մանդատը չդնելուց հետո: Անդրադառնալով վերոնշյալին` ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԸ նախ հիշեցրեց, որ ընդդիմադիր եւ պառլամենտական սուբյեկտ է միայն խմբակցությունը, «անկախ պատգամավոր» հասկացություն սուբյեկտ չկա եւ չի կարող ունենալ որեւէ իրավունք:
- Պառլամենտական բոլոր իրավունքներն եւ իրավասություններն ունի միայն խմբակցությունը: Այս իմաստով կարծում ենք, որ այդ իրավունքը մերն է: Մենք ապրում ենք պառլամենտական Հայաստանի իրողության պայմաններում եւ չենք կարող թույլ տալ, որ խորհրդարանում լինեն սուբյեկտներ, որոնք իրավունքներ չունեն: Ընդ որում` այն պարագայում, երբ այդ սուբյեկտը պառլամենտ է մտել «Լուսավոր Հայաստան» քաղաքական ուժի շնորհիվ եւ կրում է այդ քաղաքական ուժի մանդատը, իսկ այսօր հակաքարոզչություն է տանում այդ ուժի դեմ եւ ստեղծում է քաղաքական նախաձեռնություն: Մենք դեմ չենք, որ Հայաստանում բոլորը, ովքեր ցանկություն ունեն, ստեղծեն այդպիսի նախաձեռնություններ, բայց կարծում եմ` բարոյական չէ, որ սա արվում է մեր մանդատով:
– Իսկ ինչո՞ւ էիք Արման Բաբաջանյանին ընդգրկել Ձեր նախընտրական ցուցակում, որ հիմա էլ նա «Լուսավոր Հայաստանի» մանդատն օգտագործի` ըստ իր նպատակահարմարության:
– Մենք դրա մասին բազմիցս խոսել ենք: Արման Բաբաջանյանն իրեն համարել է «Լուսավոր Հայաստանի» համակիր, բայց հետո հասկացանք, որ այդ համակիր լինելը, պարզապես, շղարշ էր` մեր միջոցով պառլամենտ մտնելու եւ այլ նպատակներ իրականացնելու համար, որը մեզ համար անընդունելի է: Դուք գիտեք, որ ես այն պատգամավորներից եմ, ով ներողություն է խնդրել` այն բանի համար, որ Արման Բաբաջանյանն այսօր պառլամենտում է` որպես Ազգային ժողովի պատգամավոր:
– Արման Բաբաջանյանն էլ, ըստ էության, ասում է, որ «Լուսավոր Հայաստանը» լավ ընդդիմություն չէ, դրա համար էլ դուրս է եկել խմբակցությունից: Ի՞նչ կասեք այս մասին:
– Դավաճանությանը հակված մարդիկ միշտ փնտրում են մեղավորներ: Սա հոգեբանական բաղադրիչ է` բոլոր դավաճանների համար:
– Մանդատը չվերադարձնելը Արման Բաբաջանյանը հիմնավորում է նրանով, որ այն չի պատկանում «Լուսավոր Հայաստանին», որովհետեւ այդ մանդատն իրեն տվել է ժողովուրդն իր ընտրությամբ:
– Արման Բաբաջանյանը, որքանով գիտեմ, ռեյտինգային համակարգով չէ ընտրվել պատգամավոր, այլ ընտրվել է համամասնական համակարգով: Իսկ համամասնական համակարգով բոլոր մանդատները պատկանում են «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը կամ այդ քաղաքական ուժին: Ի դեպ, նա այն պատգամավորներից է, որ ստացել է ամենաքիչ ձայները 2018 թվականին ձեւավորված պառլամենտում` 300 եւ մի քիչ ավել: Ժողովուրդը մանդատը տվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, ԼՀԿ ծրագրերին: Իսկ ո՞վ է իրականացնում ԼՀԿ ծրագիրը, տեսլականը, գաղափարախոսությունն Ազգային ժողովում, միմիայն «Լուսավոր Հայաստանը»` իր անդամներով:
– Տիկին Սամսոնյան, երեկ ՀՀ նախագահականի դիմացից` Բաղրամյան 26-ից բերման ենթարկվեցին ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը եւ այլ «Կամք»-ականները, որոնք պատրաստվում էին այնտեղ ասուլիս եւ ակցիա իրականացնել, մինչդեռ համանման միջոցառում եւ հենց նույն վայրում թույլ էին տվել անցկացնել Արման Բաբաջանյանին: Ինչպե՞ս կբացատրեք սա:
– Այն ժամանակ, երբ Ազգային ժողովի դարպասների մոտից բերման էին ենթարկում միայնակ կանգնած իրավապաշտպանի, ես դեռ այդ ժամանակ եմ նշել, որ այս հարցում իշխանությունը, հետեւաբար իշխանությանը ենթակա ոստիկանությունը որդեգրում է երկակի մոտեցումներ: Երբ այդ ակցիա անողները պատկանում են իրենց համակիրներին, այսինքն` սպիտակների դաշտում են, կարելի է: Եվ այն, որ Արման Բաբաջանյանին թողեցին, որ նա ակցիա անի նախագահականի դիմաց, սա եւս մեկ անգամ վկայում է, որ նա ունի իշխանության թույլտվությունը, եւ ոստիկանությունը կարող է նրան չմոտենալ: Այստեղ ընտրողաբար մոտեցում կա, եւ շարունակվում է իրավիճակն այդպիսին մնալ:
– Փաստորեն, ոստիկանությունը սկսել է զբաղվել քաղաքականությա՞մբ:
– Ինչպես նշեցի` ոստիկանությունը ենթակա է ՀՀ վարչապետին, հետեւաբար ոստիկանությունը կատարում է այն հրահանգները, որն իրեն տրված է: Եթե ոստիկանությանը հրահանգվում է որեւէ տարածքից հեռացնել այն իրավապաշտպանին, ով համարվում է սեւ, ուրեմն` իրենք կհեռացնեն: Իսկ եթե ոստիկանությանը չի տրվում հրահանգ, որեւէ այլ տարածքից հեռացնել Ազգային ժողովի 89-րդ պատգամավորին, հետեւաբար այդ հրահանգը չի տրվում, եւ նա չի հեռացվում այդ տարածքից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

