ՈՎՔԵՐ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՇԱՎԻ ՀԻՄՔԵՐՈՒՄ
Արխիվ 16-20Իլհամ Հեյդարովիչի վերջին հայտարարությունը, թե Ադրբեջանը կարող է դուրս գալ արցախյան բանակցային գործընթացից, թե բանակցային գործընթացը տեղից չշարժվի, Ադրբեջանում ռազմատենչության ավելացման ազդակ դարձավ: Մոտավորապես նույն միտքն է հնչում տարաբնույթ պետական եւ հանրային գործիչների կողմից:
ԲԱՔՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՍՊԱՌՆԱԼ
Օրինակ, ռազմական փորձագետ համարվող, կորպուսի նախկին հրամանատար, պահեստազորի գնդապետ Շահիր Ռամալդանովը այս մտքին է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության տարիների ընթացքում համանախագահող երկրներն ապացուցել են, որ շահագրգռված չեն, որ սկսվեն ակտիվ մարտական գործողություններ եւ ադրբեջանական հողերն ազատվեն հայկական օկուպացիայից: Լարվածության բորբոքվող օջախի պահպանումը ձեռնտու է նրանց, քանի որ թույլ է տալիս հաղթաթղթեր ունենալ Հարավային Կովկասում»: Հետեւաբար, ըստ Ռամալդանովի. «ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող արգելել Ադրբեջանին՝ ազատագրել իր հողերը»:
Նկատենք, որ Ռամալդանովն արցախյան պատերազմի մասնակից է, այսինքն, երեւի լավ է հիշում, թե պատերազմի ժամանակ ազերիները քանի անգամ զինադադար խնդրեցին, հետո՝ խախտեցին, նորից ջարդ կերան, էլի զինադադար խնդրեցին... Ու այդպես, մինչեւ 1994թ. մայիս, նորից խախտեցին 2016թ. ապրլին, էլի վազեցին Մոսկվա՝ զինադադար խնդրելու: Երեւի նաեւ պատկերացնում է, որ հերթական անգամ զինադադարը խախտելը եւս կարող է նույն շրջապտույտի հերթական գալարը դառնալ, ինչքան էլ որ այս պահին հայաստանյան իշխանական համակարգը լցված է Հեյդարովիչի նման դասալիքներով: Ասենք, էականը սույն նախկին գնդապետի եւ նման բազում այլ անձանց սպառնալիքները չեն: Հասկանալի է, այս ողջ «կոմպանիան» գալիս է վերեւներից, այսինքն՝ Հեյդարովիչը փորձում է ամեն կերպ ցույց տալ, թե պատրաստ է պատերազմ սկսել, եթե...
Թե որն է չսկսելու գինը, մեկնաբանեց ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան՝ պահանջելով, թե պետք է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ընթանան ըստ էության»: Այսինքն, բայց, ըստ խոսնակի, Հայաստանը լուրջ կասկածի տակ է դնում «բնակչությանը խաղաղության նախապատրաստելու կոչը», այսինքն՝ զբաղված է բանակցային իմիտացիայով: Հետեւաբար, «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է վճռական դիրքորոշում ցուցաբերեն...»:
Ասենք, սա Ալիեւի հիշատակված հայտարարությունից էլ էր հասկանալի՝ պետք է բանակցությունները տեղափոխել բուն կարգավորման փուլ, հակառակ դեպքում Բաքուն կդադարեցնի բանակցել: Ճիշտ է, Նիկոլը իր խոսնակի անունից փորձեց պատասխանել, բայց ինչ-որ լացակումած տեքստ էր ստացվել: Ընդամենը անցել էր պատմական հեղինակների թվարկմանը, թե այս-այս բաներն են ժամանակին գրել Հայաստանի մասին, մինչդեռ Ալիեւի բուն սպառնալիքին, թե կդադարեցնի բանակցել, հոդաբաշխ արձագանք չկար: Չնայած, թերեւս, Նիկոլն էլ է լավ հասկանում, որ բանակցել-չբանակցելը, պատերազմել-չպատերազմելը ամենեւին էլ Ալիեւի կամքից կամ քմահաճույքից կախված գործընթացներ չեն: Օրինակ՝ հիշեցնենք, որ 2016 թվականին որոշեց պատերազմել, երբ ԱՄՆ-ում էր, այսինքն՝ ամերիկյան այն ժամանակվա ուլտրալիբերալ իշխանություններից «դաբրո» էր ստացել: Բայց այն պահին, երբ Դաղստանում՝ ադրբեջանական սահմաններից ոչ հեռու ռուսական տանկերը զորավարժություններ սկսեցին, իսկ ճակատային հատվածում Հայաստանը առանց զինամթերք խնայելու մասին մտածելու հրետանային ծանրագույն հարվածներ հասցրեց ռազմադաշտ դուրս գալ պատրաստվող ադրբեջանական հիմնական ուժերին, Ալիեւը լավ հասկացավ, թե իրականում պատերազմել-չպատերազմելու «դաբրոն» որտեղից պետք է գա: Ու, Նիկոլն էլ, որ շատ է սիրում խոսել 2016 թվականի դեպքերից, քանիցս ցույց է տվել, որ իր հերթին է ճանաչում նման «դաբրոների» իրական հասցեատիրոջը: Կարճ ասած, գործնականում չնչին հավանականություն ունի այն, որ Հեյդարովիչը առանց Մոսկվայից «դաբրո» ստանալու անգամ այս բոլոր սպառնալիքներից հետո իրականում որոշի դուրս գալ բանակցություններից եւ պատերազմ սկսել: Իհարկե, բացառությամբ այն դեպքի, եթե կարողանա Մոսկվային շրջանցելուց սեպառատ, գերգաղտնի պայմանավորվածություն ձեռք բերել հայաստանյան իշխանությունների հետ: Ընդ որում, այս տարբերակի դեպքում անգամ ռիսկը շատ մեծ է. պետք է գերարագ տեմպերով գործել, քանի որ ով իմանա, թե այդ դեպքում հայաստանյան գործող իշխանությունները քանի օր կմնան իրենց թախտին, սահմանին կանգնած ուժերը պատերազմում հաղթանակ տարած կամավորական այլ ստորաբաժանումների օժանդակությամբ որքան կդիմադրեն եւ 2016 թվականի տանկային զորավարաժությունների փոխարեն ռուսները ինչ այլ քայլի կգնան՝ իրենց շրջանցող ու աշխարհաքաղաքական առումով Մոսկվայի համար այդքան վտանգավոր սցենարը կանգնեցնելու համար:
ՈՒՄ ՀՐԱՀԱՆԳՈՎ Է ՖԵՅՔԱԲՈՒԾԱՐԱՆԸ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԻՍՏԵՐԻԱ ՍԿՍԵԼ
Բայց ահա փոխարենը հայաստանյան գործող իշխանությունների քայլերը լիովին այլ տրամաբանության մեջ են: Այսպես՝ Նիկոլը մե՛կ գնում է ռուսների հետ բաց հակամարտության, մե՛կ որոշում է գովերգել ռուսական ռազմական ներուժը: Բայց սրանով հանդերձ էլ իշխանական շրջանակներում հակառուսականության դոզան կարծես սկսում է հասնել գագաթնակետին: Այսպես, մի շարք աղբյուրներ եւս հաստատեցին ավելի վաղ մեր տարածած լուրն այն մասին, որ այս օրերին ակտիվորեն քննարկվում է Հայաստանի ռուսական ռազմաբազան հանելու հարցը: Ավելին, որ այս ուղղությամբ առկա են արեւմտյան հայտնի շրջանակների հստակ հրահանգները: Այդ լուրերը կարծես հեռու չեն իրականությունից, հաշվի առնելով, որ իշխանական հայտնի ֆեյքային կառույցը եւս վերջին ժամանակներս գերակտիվ տեմպերով վերսկսել է Հայաստանում հակառուսականություն քարոզելը, ընդ որում, ակնհայտորեն հիմնական շեշտը դրված է ռուսական ռազմաբազան վարկաբեկելու վրա: Իհարկե, կարելի է ենթադրել, թե ֆեյքային ողջ բազան վերահսկվում է մեր տեղական սորոսականների կողմից, այսինքն՝ որ հարվածը գալիս է հենց նույն արեւմտյան հայտնի ուժերից: Բայց այն, որ խաղի մեջ են դրվել նաեւ պետական աշխատավարձով գործող ֆեյքային մեքենան,մեկ այլ միտք էլ է առաջ քաշում: Այդ մեքենան, ինչքան էլ որ գործի սորոսական կուրատորությամբ, հազիվ թե հանդգնի Նիկոլի «գլխից թռնել»: Ի վերջո, նրանք հենց Նիկոլի փաստացի ղեկավարության ներքո են եւ եթե նրա կամքի դեմ ուղղված գործողությունների գնան, այն էլ այնպիսի արմատական ու գերվտանգավոր հարցի հետ կապված, ինչպիսին է ռուսական բազան Հայաստանից հանել-չհանելու թեման, այդ դեպքում պետք է որ մի շարք գլուխներ արդեն իսկ «թռած լինեին»: Բայց չէ, ֆեյքերը հանգիստ իրենց սեւ գործն են անում, իշխանական վերնախավում այդ հարցով մտահոգության նշույլ անգամ չի նկատվում, ինչը տանում է այն մտքին, որ հակառուսականության այս դոզան հենց Նիկոլի առնվազն ցանկությամբ, եթե ոչ նախաձեռնությամբ է ընթանում:
ՆՈՐԻՑ ԱՆԴՈՒՆԴԻ ԵԶՐԻՆ ԵՆՔ
Այս իրավիճակում պարզ հարց է ծագում: Լավ հասկանալով, որ մեր երկրի եւ տարածաշրջանի ամենաառանցքային հարցի՝ պատերազմի կամ խաղաղության բանալին Մոսկվայում է, նաեւ, որ եթե Ալիեւն այնուամենայնիվ կապը կտրի եւ ոչնչի չնայելով, այնուամենայնիվ, պատերազմ սկսի, Թուրքիան էլ այն կողմից գա օգնության, ապա հենց այդ ռազմաբազան է լինելու մեր երաշխիքը, ինչպե՞ս է այդ նույն ռազմաբազայի դեմ նման խաղ սկսվում: Հարցի հետ կապված կան մի քանի հնարավոր տարբերակներ:
1. Հնարավոր է, որ այսկերպ հայաստանյան իշխանությունները պարզապես փորձում են ինչ-ինչ ճնշումներ գործադրել Մոսկվայի վրա, իրականում չմտածելով անգամ բազան հանելու մասին: Սակայն սա ոչ միայն քիչ հավանական, այլ նաեւ, եթե հանկարծ այդ տարբերակն է, զրոյական էֆեկտիվությամբ քայլ կլիներ: Մոսկվան հազիվ թե նման ճնշումների անգամ ուշադրություն դարձնի, հաշվի առնելով, որ, ըստ հայտնի լուրերի, դեռ Նիկոլի իշխանության գալու ժամանակ Պուտինի հետ նրա առաջին հանդիպմանն է առաջարկ եղել՝ եթե ուզում ես, բազան կհանենք: Նույն լուրերի համաձայն, դա լսելուն պես Նիկոլը սպիտակել է, թե չէ, ինչ բազա հանել, մենք նման օրակարգ չունենք:
2. Խոսակցությունների թեմա է նաեւ այն վարկածը, որ ներկայիս խայտառակ ֆինանսական վիճակում իշխանությունը պահելու համար Նիկոլին առնվազն մեկ միլիարդ է պետք, որը, սակայն, Արժույթի միջազգային հիմնադրամը կտա միայն բազան հանելու դեպքում: Հնարավոր տարբերակ է,սակայն այս դեպքում կա այլ հարց՝ բազան հանելուց հետո Նիկոլը կհասցնի՞ այդ միլիարդը ստանալ, եթե իրոք տան: կասկածելի է:
3. Վարկածներից մեկն էլ այն է, որ բազան հանելը արտաքին սորոսական թեւի վերջնագրային պահանջն է, համեմված սպառնալիքով, որ հակառակ դեպքում Նիկոլի դեմ բոլոր խաղաթղթերը կգործարկվեն: Նիկոլն էլ, ըստ վարկածի, մտել է խաղի մեջ՝ միգուցե մտածելով, որ վերջին պահին, եթե հանկարծ տեսնի, որ ուժերը չեն բավարարում խոստացածն անելու համար, ըստ հին սովորույթի, նորից կխաբի: Այս տարբերակը, իհարկե, զգալի հավանականություն ունի:
4. Վարկածներից մեկն էլ այն է, որ գործում է ԼՏՊ-ական հին ծրագիրը. Արցախը տալ` «Պատերազմ, թե՝ խաղաղություն» սկզբունքով, արագորեն բացել թուրքական սահմանը եւ թուրքական կուրատորությամբ մասնակցել Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա հակառուսական գծի ստեղծմանը: Ի դեպ, վերջերս նման հրապարակային պնդում եւս եղավ, որ արտաքին պատվիրատուները հայաստանյան գործող իշխանություններից պահանջել են՝ օգնել Անկարային՝ Մոսկվայի դեմ պայքարում: Բայց եթե այս վարկածն է, ապա սա եւս անհեռանկար է: Նախ, ինչպես ցույց տվեց Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու պատմությունը, Անկարան այդ, իրականում շատ ավելի խորքային պատճառներով բուռն բախումների մեջ է մտել Եվրոպայի հետ, որտեղից հնչում են Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների կոչեր: Բախում կա նաեւ Վաշինգտոնի հետ, որը եւս պաշտոնապես դատապարտել է Անկարային՝ Սուրբ Սոֆիայի հետ կապված: Իսկ ահա Անկարան շրջանառում է այն հարցը, որ ռուսական C-400-ները մեծ հաջողությամբ փորձարկել են ամերիկյան ինքնաթիռների դեմ, ու փոխարենը Սպիտակ տնից լսվեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: Վերջապես, Սուրբ Սոֆիայի հետ կապված դատապարտող խոսքեր լսվեցին Մոսկվայից՝ Կրեմլից եւ Համային Ռուսիո պատրիարքից: Կարճ ասած, Անկարան բոլոր ուղղություններով մեծ բախումների մեջ է, եւ եթե նաեւ մտածի հակառուսական ¥նաեւ՝ հակաիրանական¤ նոր բաժանարար գծերի մասին, հետեւանքները կարող են շատ լուրջ լինել: Ու եթե պարզվի, որ Էրդողանի հին ընկեր Սորոսը հենց նման հրահանգ է տվել իր հայաստանյան խամաճիկներին, ապա հետեւանքները մեզ համար կարող են ողբերգական լինել:
Կարելի է այլ վարկածներ եւս նշել: Սակայն բուն փաստը, որ Հայաստանում սկսել են հակառուսականության բուռն արշավ, արդեն իսկ լրջագույն վտանգների մասին է ակնարկում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

