Փաշինյանի` տանը մնալու առիթը միայն COVID 19-ով չէր պայմանավորված. Մարկեդոնով

Արխիվ 16-20

Հայ-ռուսական հարաբերությունների, հայաստանյան ներքաղաքական իրավիճակի, ինչպես նաեւ Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին «Իրավունքի» հարցերին պատասխանել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԱՐԿԵԴՈՆՈՎԸ:

«ՊԱՐԶ Է, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԷՐ ԱՍԵԼՈՒ` ՀԱՐԳԵԼԻ՛ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ, ԻՆՁ ՄՈՏ ԽՆԴԻՐ ԿԱ»

Պարոն Մարկեդոնով, ըստ Ձեզ, հայ-ռուսական հարաբերությունների վրա ի՞նչ հետեւանք կարող է ունենալ Մոսկվայում կայացած Հայրենական պատերազմի 75-րդ տարեդարձի միոցառումներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չմասնակցելը:

Չեմ կարծում, որ հայ-ռուսական հարաբերությունները երկու մարդու` Փաշինյանի եւ Պուտինի փոխհարաբերություններ են, կամ` ինչ-որ քաղաքական խմբերի: Ըստ իս` հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեցող եւ բավական լուրջ հարաբերություններ են, որոնք պայմանավորված չեն եղել ՌԴ-ում եւ ՀՀ-ում իշխանությունների փոփոխությամբ: Այդ հարաբերություններն առ այսօր պահպանում են այնպես, ինչպիսի բնույթ ունեցել են հետխորհրդային ամբողջ շրջանում: Այնպես որ, առանցքային խնդիր չեմ համարում ՀՀ վարչապետի` Մոսկվայում կայացած տոնական շքերթին մասնակցել-չմասնակցելը, այլ ձեր ուշադրությունն եմ հրավիրում առավել կարեւոր փաստի վրա` շքերթին մասնակցում էր հայկական զինվորական միավորը: Իմ կարծիքով` սա թե՛ սիմվոլիկ, թե՛ բովանդակային առումով ավելի կարեւոր է, քան առաջին դեմքի մասնակցությունը: Առաջին դեմքերը գալիս ու գնում են, իսկ ռազմավարական համագործակցությունը մնում է: Սա, ըստ իս, առավել մնայուն արժեք է:

Ամեն դեպքում, արդարացվա՞ծ եք համարում այն, որ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե կորոնավիրուսի իրադրությամբ պայմանավորված չի կարողանում մասնակցել շքերթին:

Ինչ վերաբերում է պատճառներին, իմ գնահատմամբ` թե՛ Ալիեւը, թե՛ Փաշինյանը, եւ թե՛ մյուսները անկախ պետությունների ղեկավարներ են եւ կարող են սեփական օրակարգերն ունենալ: Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա չմեկնելու եւ տանը մնալու բուն առիթը, չեմ կարծում, թե միայն COVID 19-ով էր պայմանավորված: Այո, համավարակի աստիճանը Հայաստանում շատ լուրջ է, եւ Փաշինյանի փոխարեն ով էլ լիներ Հայաստանի ղեկավարը, չէր կարող անտեսել այդ ամենը, բայց այստեղ ավելի կարեւոր խնդիր կար: Մոսկվա չմեկնելու պատճառներից էին նաեւ ներհայաստանյան զարգացումները, մասնավորապես` ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունները, խորհրդարանական խմբակցությունների միջեւ տեղի ունեցող իրավիճակը: Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը չէր ասելու` հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինձ մոտ խնդիր կա` Սահմանադրական դատարանի հետ կապված, դրա համար չեմ գալու: Ոչ մի քաղաքական գործիչ իր ներքին հարցերն ու ունեցած խնդիրների սուր կողմերը ցույց չի տա ի տես բոլորի: Այդուհանդերձ, մեր հարաբերությունները հունիսի 24-ով չեն ավարտվում: Կարող են Ռուսաստանում լինել շրջանակներ, որոնց դուր չի գալիս հայաստանյան իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը, բայց սա չի կարող ավելի վեր դասվել, քան հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությունը, եւ այս առումով պետք է զերծ մնալ ավելորդ զգացմունքայնությունից:

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՑ Ո՞ՒՄ Է ՍԱՏԱՐՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

Վերջին շրջանում հայկական մամուլում ակտիվորեն շրջանառվում է, թե Ռուսաստանն աջակցում է ՀՀ ընդդիմադիր ուժերին, այդ թվում` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Լայնորեն շրջանառվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի լուսանկարը: Ըստ Ձեզ` ի՞նչ դիրքորոշում կա` ՌԴ-ի կողմից հայաստանյան ներքաղաքական իրավիճակի հետ կապված:

Խոսակցությունները, թե Ռուսաստանն ունի հատուկ հետաքրքրություններ եւ աջակցում է Նիկոլ Փաշինյանի օպոնենտներին, սկսվեցին նրանից, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպում ունեցավ ԲՀԿ-ականների հետ: Հիշում եմ` նման իրավիճակ էլի է եղել, երբ մեր դեսպանը քննադատվեց Ռոբերտ Քոչարյանի հետ շփումների համար: Բայց ուզում եմ մեկ հարց էլ ես տալ` ինչու ԲՀԿ-ն ահաբեկչական խմբավորո՞ւմ է, չկա՞ նման օրինական խմբակցություն ՀՀ Ազգային ժողովում: Իհարկե կա, եւ բնական են այդ հանդիպումները: Ռուսական դիվանագիտությանը երկար տարիներ քննադատում էին, թե ինչու է միայն իշխանության հետ աշխատում, ինչու մյուս սեկտորների հետ չի աշխատում, սկսեց աշխատել, էլի քննադատում են: Մի՞թե մեր ներկայացուցիչները ասել են, որ արտահերթ խորհրդարանական կամ Երեւանի ավագանու ընտրությունները ոչ լեգիտիմ են, իհարկե, չի եղել նման բան: Ավելին` երկխոսությունն ընթանում է պաշտոնական մակարդակով: Պուտին-Փաշինյան հանդիպումներն իրենց քանակով գերազանցել են նույնիսկ Սարգսյան-Պուտին հանդիպումներին, իսկ Մնացականյան-Լավրով հանդիպումները` հավանաբար գերազանցել են Նալբանդյան-Լավրով հանդիպումներին, հանդիպումներն ընթանում են նաեւ Շոյգու- Տոնոյան մակարդակով: Իսկ ինչ վերաբերում է Վանեցյան-Քադիրով հանդիպումներին, սա եւս արգելված չէ ո՛չ հայաստանյան, ո՛չ ռուսական օրենսգրքով: Վանեցյանը եւս իրավունք ունի հանդիպել նրանց հետ, ում հետ կարող է: Էլի եմ ասում` հայ-ռուսական հարաբերությունները չեն սահմանափակվում միայն երկու-երեք հոգու շփումների շրջանակով: Այստեղ արտառոց բան չկա, ընդունված պրակտիկա է բոլոր երկրներում, որ դեսպաններն աշխատում են խորհրդարանական բոլոր ուժերի հետ, կան նաեւ արտախորհրդարանական ուժեր, որոնք ունեն այլ տեսակետներ, եւ նրանց ձայնը եւս պետք է լինի լսելի: Նախկինում ՌԴ-ի կողմից պրոիշխանական դիրքորոշումների վրա շատ կենտրոնանալը բերեց իրավիճակի ոչ ադեկվատ գնահատականի: Մենք այդ սխալներից հետեւություններ ենք արել:

«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԱՐՑԸ ՆԵՐԱՌՎԱԾ Է ԹԱՐՄԱՑՎԱԾ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ` ՈՐՊԵՍ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՏ»

Ի վերջո, մինչեւ վերջ չպարզաբանված մնաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտնի աղմկոտ հայտարարությունը` Արցախյան հիմնախնդրի փուլային լուծման վերաբերյալ: Ձեր գնահատմամբ` այս հարցում ո՞վ էր ճիշտ, եւ ո՞վ էր ստում ու ընդհանրապես` ի՞նչ է կատարվում բանակցային սեղանի շուրջ:

Այն, ինչ կատարվում է բանակցային սեղանի շուրջ, պարզ է` քննարկվում է երեք հարցՂարաբաղի կարգավիճակի հարցը, ԼՂՀ-ի շրջանների անվտանգությունը եւ փախստականների խնդիրը: Կարգավորման ընդհանուր հիմք են հանդիսանում թարմացված Մադրիդյան սկզբունքները: Գիտեմ, որ հայաստանյան մամուլում սենսացիոն են համարում Ս. Լավրովի փուլային լուծման մասին հայտարարությունը, բայց հարգելիներս, այդտեղ սենսացիա չկա: Լավրովն այդ բնութագրումն օգտագործվում էր դեռ 2-3 տարի առաջ, այն առկա է նաեւ Մադրիդյան սկզբունքներում: Ընդ որում` փուլային լուծումը չի ենթադրում երկու հստակ փուլ` Ղարաբաղի շրջակայքի շրջաններից հայկական զորքերի դուրսբերում եւ կարգավիճակի հարցի քննարկման անորոշ ժամկետ: Խոսվում է այն մասին, որ շրջաններից զորքի դուրսբերումը պետք է կապվի կարգավիճակի հարցի հետ եւ ոչ թե ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ, այլ` զուգահեռ: Չէ՞ որ դուրսբերումը կապված է անվտանգության համար ակնհայտ ռիսկերի հետ: Մեծ վտանգ կա, որ եթե հայկական զորքերը հեռանան յոթ շրջաններից, հակամարտությունը կսրվի: Հիմնական խութերից է նաեւ հանրաքվեի հարցը: Այն ներառված է թարմացված Մադրիդյան փաստաթղթերում` որպես իրավական պարտադիր կետ: Իսկ Ադրբեջանի համար սա վտանգավոր է, քանի որ Ղարաբաղում կարող են քվեարկել Ադրբեջանից դուրս կարգավիճակի համար: Այսպիսով` փուլ առ փուլ լուծման հարցում սենսացիա չկա, հարցն այն է, թե ինչպես ենք դա հասկանում: Այս հարցում կան նաեւ այլ խութեր: Օրինակ` Հայաստանի հետ անվտանգ միջանցքի հարցում: Խոսքը միայն Լաչինի՞ մասին է, թե՞ Լաչինի եւ Քելբաջարի: Որոշակի առումով Քելբաջարն անգամ Լաչինից կարեւոր է, որովհետեւ այնտեղ են գտնվում ջրային ռեսուրսների 90 տոկոսը: Սրանք բոլորը տարաձայնություններ առաջացնող հարցեր են բանակցությունների համար: Իսկ բանակցությունները շատ բարդ են անցնում եւ ավելի շուտ կոնֆլիկտային կառավարում են հիշեցնում: Այս գործընթացը կարող է շարունակվել եւս 10 տարի, արագ լուծման ոչ մի նախադրյալ չկա: Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա խնդրի լուծման արագացումը նրա շահերից չի բխում: Այս հարցում շտապողականություն պետք չէ: Ավելի շուտ մեր արեւմտյան բարեկամներն են խոսում, որ ստատուս քվոն անտանելի է: Ռուսաստանը կարծում է, որ եթե այս ստատուս քվոն լավագույն լուծումն էլ չէ, բայց լավ կլինի բանակցությունների ընթացքում վերջնական փոխզիջման հասնել: Դա ավելի լավ է, քան շտապողականությունը, որը կարող է քանդել ողջ կոնստրուկցիան: Կիպրոսում ու Մերձավոր Արեւելքում նման շտապողականությունը լավագույն արդյունքների չհանգեցրեց: Ավելի լավ է 10 տարի բանակցել, քան մեկ տարի կամ մեկ ամիս պատերազմել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում